Skip to main content

Ծնողական սեր․ որո՞նք են երեխայի (մեծերի) համար նախընտրելի սիրո 5 լեզուները

Կարծում եմ ցանկացած գիտակից ծնող յուրովի սիրում է իր երեխային, սակայն  միշտ չէ որ այդ սերը երեխան տեսնում է և զգում։ Երբեմն ծնողներին թվում է, որ եթե հոգ են տանում երեխայի մասին, կերակրում, կրթում են, ապա նրանց սերն ակնհայտ է դառնում երեխայի համար։ Երբեմն ծնողական սերը խորն է լինում և երեխայի համար հասկանալի ոչ մի գործողությամբ չի արտահայտվում։ 


Մի քանի սերունդ առաջ, երեխայի հանդեպ սերն արտահայտելն այնքան էլ ընդունված ու ցանկալի չէր։  Շատ ընտանիքներում ակնկալվում էր, որ երեխան պետք է երևար, բայց նրա ձայնը դուրս չգար։ Նույնիսկ 1920-ական թվականների վերջին ամերիկացի հոգեբան Ջոն Ուոթսոնն իր հրապարակումներից մեկում նշել էր՝ «Երբեք մի՛ գրկեք և մի՛ համբուրեք երեխային, երբեք մի՛ նստացրեք ձեր գրկին։ Եթե պետք է համբուրեք, ապա կարող եք համբուրել օրը մեկ անգամ միայն ճակատը՝ բարի գիշեր ասելիս։ Առավոտյան ողջունեք ձեռքը սեղմելով։ Եթե բացառիկ, դժվար աշխատանք է կատարել՝ կարող եք գլուխը շոյել» 1։ Ցավոք, այս լուրջ մասնագիտական խորհուրդը մեծ քանակությամբ ընտանիքներում օրինակելի և կիրառելի էր երկար տարիներ։ Հիմա այս մոտեցումն անընդունելի է, նույնիսկ համարվում է վտանգավոր երեխայի առողջության և զարգացման համար։

Հայկական ընտանիքներում երեխան միշտ ունեցել է կենտրոնական դեր, սակայն երեխայի նկատմամբ սիրո դրսևորումը եղել է զուսպ կամ չի արտահայտվել։ Բարեբախտաբար, մեր օրերում, մարդիկ այլևս չեն կաշկանդվում և բացահայտ կերպով ցույց են տալիս իրենց սերը, երբեմն էլ հիվանդագին պաշտամունքն իրենց երեխաների հանդեպ։  

Իմ փորձի և տեսածի հիման վրա կարող եմ ասել, որ այն երեխաները, որոնք ծնողից որոշակի արտահայտումներով ստանում են սեր, նրանք նույնպես սովորում են սիրել, ցույց տալ իրենց սերը դեպի ծնողները, ընտանիքի անդամները, իրենց համար կարևոր իրերը։ 

Մի գրքում կարդացել եմ 2 խումբ առնետների հետ կատարած փորձասենյակային մի հետաքրքիր փորձի մասին։ Առաջին խմբի առնետ մայրն անընդհատ մաքրում և ֆիզիկապես շփվում էր ձագերի հետ, իսկ երկրորդ խմբի մայրը ֆիզիկական ոչ մի գործողություն չէր կատարում ձագերի հետ։ Առաջին խմբի ձագերից մեկին տեղափոխում են երկրորդ խմբի մոր մոտ, որտեղ դադարում է նրա ֆիզիական շփումը մայր առնետի հետ։ Երբ տեղափոխված առնետն իր սեփական ձագերն է ունենում, նա ֆիզիկապես չի շփվում իր ձագերի հետ։ Այսինքն, երկրորդ խմբի մայր առնետն իր վարքագիծը փոխանցում է տեղափոխված ձագի վրա, որն էլ շարունակում է այդ նույն վարքագիծն իր ձագերի նկատմամբ։ Սիրելը նույնպես կարելի է սովորել և ընդօրինակել։


Դեռ չծնված երեխաներն արդեն ունեն սիրո կարիք և ծնողի արտահայտած սերը երեխային օգնում է լինել ֆիզիկապես և հոգեպես առողջ, զգալ ապահով, նպաստում է ուղեղի  զարգացմանը:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն երեխաները, որոնց փոքր տարիքից սիրել են, նրանց ուղեղում տեղակայված հիպոկամպն ավելի մեծ է, քան ավելի քիչ գուրգուրանք և սեր ստացած երեխաների հիպոկամպը։ Հիպոկամպը կարևոր դեր է կատարում մարդու հիշողության ձևավորման, պահպանման, ինչպես նաև սովորելու գործում 2։ 

Որպես կանոն, ծնողների համար ավելի հեշտ է երեխաներին սիրել և ցույց տալ սերը, երբ նրանց լսում են, խելոք են և չեն բարկացնում։ Ավելի դժվար է երեխայի նկատմամբ սերն արտահայտել, երբ երեխան նվնվում է, լացում է, հոգնած բողոքում է, բարկացնում է կամ ստանում է ցածր գնահատական։ Իմ կարծիքով, երեխան անկախ վարքից, տարիքից, սեռից պետք է ստանա ծնողի անվերապահ սերը։ Անկախ երեխայի վարքագծից, ծնողը պետք է ի վիճակի լինի սիրել և ցույց տալի իր սերը։ Ըստ իս, երեխան ավելի շատ ունի սիրո կարիք երբ անընդունելի վարք է ցուցաբերում։

Կարծում եմ, սիրո արտահայտման ձևերի բավականին հետաքրքիր տարանջատում է տվել Գարի Չեփմանն իր Սիրո 5 լեզուները գրքում 3 ՝ նշելով սիրո արտահայտման 5 միջոցներ։ Ըստ այս գրքի ամեն մարդ, լինի մեծ, թե՝ փոքր, ունի իր համար ընդունելի և հասկանալի սիրո արտահայտչամիջոցը՝

  1. ֆիզիկական շփում, հպում
  2. քաջալերող, խրախուսող խոսքեր
  3. հաճելի ժամանց
  4. նվերներ
  5. աջակցություն, օգտակարություն

- ֆիզիկական հպում։ Երևի թե, փոքր տարիքում երեխայի հանդեպ սերն արտահայտելու կարևորագույն ձևերից է ֆիզիկական շփումը, գուրգուրանքը, հպումները։ Կան երեխաներ, ովքեր մեծանալով պահանջում են և ձգտում են ֆիզիկական շփմանը։ Տարիքի հետ կարող են փոխվել հպումների ձևերը, սակայն դրա առկայությունը շատ կարևոր է մարդու հոգեկան կայունության համար։ Անհրաժեշտ է հաշվի առնել նաև տարիքային առանձնահատկությունները։ Սովորաբար պատանեկության տարիներին դեռահասներին այնքան էլ դուր չի գալիս, որ իրենց գրկում են, սակայն ցանկացած տարիքում հնարավոր է երեխան խուսափի գրկախառնվելուց։ Այս դեպքում կարծում եմ պետք չէ ստիպելով գրկել, այնուամենայնիվ նրանք դեռ կարող են ունենալ ֆիզիկական շփում իրենց համար ընդունելի ձևով, օրինակ՝ ֆիզիկական ակտիվ խաղեր, թխել, գլուխը շոյել, վազվզելով բռնոցի խաղալ, տղաների համար երբեմն ավելի նախընտրելի է լինում կոպիտ ֆիզիկական շփումն ու խաղերը, և այլն։
Հաճախ աղջիկներն ավելի շատ են ստանում ֆիզիկական շփում, քան տղաները։ Երբեմն հասարակությունը ճնշում է տղա երեխայի ֆիզիկական շփման կարիքը, սակայն ծնողը պետք է ուշադրություն չդարձնի այլ մարդկանց կարծիքներին և երեխային տա անհրաժշտ սերը։ Նկատել եմ, որ հաճախ կողքից մարդկանց հեղինակավոր կարծքիները կարծես խանգարում եմ ծնողի որոշումներին։ Իմ կարծիքով, ծնողը պետք է առաջնորդվի ըստ իր և երեխայի կարիքների, երեխային տա նրա համար ընդունելի ձևով անհրաժեշտ սերը։

- քաջալերող խոսքեր։ Բոլորի համար, լինի երեխա, թե մեծահասակ, շատ կարևոր դեր ունեն այլոց կարծիքները, նրանց հաստատումը ցանկացած գործողության և երևույթի վերբերյալ։ Կան մարդիկ ովքեր շատ ավելի մեծ տեղ են տալիս այլ մարդկանց կարծիքներին։ Սիրում են, որ իրենց գովեստի խոսքեր ասեն, գնահատեն կատարած աշխատանքը և բառերով արտահայտեն իրենց սերը։ Այնուամենայնիվ, այդ գովեստի խոսքերը պետք է լինեն հիմնավորված։
Նույնիսկ եթե նորածինը չի հասկանում բառերը, ծնողները պետք է խոսեն երեխայի հետ, նա այդ սերը կզգա ոչ թե բառերից, այլ՝ ձայնի ելևէջներից։
Այն երեխաները և մեծահասակները, որոնց համար քաջալերող խոսքերը շատ կարևոր են, դրանց բացասական ազդեցությունը նույնպես շատ մեծ է լինում։ Մեղադրանքները, վիրավորանքները, քննադատությունները շատ խորը վերքեր կարող են թողնել նրանց վրա։

- հաճելի ժամանց, անհատական ուշադրություն։ Երբեմն ծնողների համար ավելի դժվար է երեխայի համար ապահովել երեխայի հետ ժամանցը, քան ֆիզիկական շփումը և քաջալերող խոսքերը կամ նվերները։ Երբ փոքր է երեխան, նա ծնողից ստանում է անհատական ուշադրությունը կերակրման, քնելու, հագուստը փոխելու ժամանակ, սակայն երբ մեծանում է, օրվա մեծ մասն անց է կացնում մանկապարտեզում, դպրոցում, ծնողները՝ աշխատանքի վայրում․ անհատական ժամանցի համար ժամանակ չի մնում։ Հաճելի ժամանցը չի նշանակում, որ պարտադիր պետք է այլ վայր գնալ։ Կարելի է անհատական ուշադրություն տրամադրել տարբեր գործողություններով, օրինակ՝ երբ երեխան բան է պատմում կամ խոսում, ուշադիր նայել դեմքին, որ երեխան հասկանա նրան լսում են, միասին կերակուր պատրաստել և ճաշել, խաղեր խաղալ, միասին գնումներ կատարել և այլն։
Հաճախ ծնողներն իրենց ամբողջ ուշադրությունը սևեռում են երեխայի վրա միայն այն ժամանակ, երբ նա ինչ որ վատ արարք է թույլ տալիս։ Նկատել եմ, որ կան երեխաներ, որոնք հատուկ այնպիսի գործողություններ են անում կամ թեմաներից են խոսում, որով կկարողանան մեծերի ուշադրությունը գրավել դեպի իրենց։ Ենթադրում եմ, որ հավանաբար բավականաչափ ուշադրություն չեն ստանում և մեծերից լիարժեք ուշադրությունը գրավելու իրենց ձևը դա է։
Նույնիսկ եթե երեխայի հիմնական սիրո լեզուն ժամանցը չի, միևնույն է նա դրա կարիքն ունի։ 

- նվերներ։ Ո՞ր երեխան չի սիրում նվեր ստանալ։ Այն երեխաները, որոնց համար նվերներ ստանալը սիրո արտահայտման ձև է, առավել շատ են ուշադրություն դարձնում նաև փաթեթավորմանը, մատուցման ձևին, բոլորին փորձում են ցույց տալ և պատմել իրենց նոր նվերների մասին, բացատրել դրանց գործառույթները։ Երբեմն ծնողները փորձում եմ նվերներով փոխարինել երեխայի հանդեպ սերը, սակայն եթե երեխայի համար դա հիմնական սիրո լեզուն չէ և նա չի ստանում իր համար անհրաժեշտ սերը, ապա երեխան կարող է անտարբեր մնալ նվերի հանդեպ, նույնիսկ չընդունել այն։
Նվերը պարտադիր չէ, որ լինի մեծ կամ թանկ բան։ Կարևոր է լինի սիրով ընտրված, հաշվի առնելով երեխայի նախասիրությունները։
Հաճախ երեխան նվեր ստանում է որևէ կատարած աշխատանքի համար, օրինակ՝ սենյակը մաքրելու համար, սակայն պետք է հիշել, որ կատարած աշխատանքի համար տրվածը նվեր չէ, այլ՝ վարձատրություն։
Երբեմն նվերները շահագործվում են որպես երեխային գրավելու միջոց։ Օրինակ` նման մոտեցում կարելի է նկատել ամուսնալուծված ծնողների կողմից, երբ երեխան մշտապես բնակվում է մի ծնողի հետ, իսկ մյուս ծնողը նվերներով փորձում է շահել երեխայի սիրտը, քավել մեղքերը, լրացնել բացակայությունը կամ ստորացնել մյուս ծնողին, մասնավորապես, երբ հիմնական խնամակալ ծնողը չի կարողանում մրցել նվերներ տվող ծնողի հետ։ Սակայն մինչև երեխայի հասունանալը և իրականությունը գնահատելու ունակությունը ձևավորվելը, նման վերաբերմունքը երեխային կարող է դարձնել նյութապաշտ, շեղել իրական արժեքներից և բացասական կերպով ազդել նրա խառնվածքի ձևավորման վրա։
Նվեր ընտրելը բարդ գործ է․ պարտադիր չէ նվերները լինեն խանութից գնված, նաև կարող են լինել սեփական ձեռքերով պատրաստված։

- աջակցություն։ Ծնված պահից երեխան ունի ծնողի, խնամակալի օգնությանը կարիքը։ Ծնողը/խնամակալն է երեխային խնամում, կերակրում, հագցնում, հոգում բոլոր կարիքները։ Երեխան մեծանալով սովորում է հոգալ իր որոշ կարիքները և ծնողն աստիճանաբար սովորեցնում և փոխանցում է այն անհրաժեշտ հմտությունները, որոնք երեխան պետք է տիրապետի և կիրառի հետագայում։ Այնուամենայնիվ, ծնողը պետք է պատրաստ լինի ժամանակի ընթացքում ամբողջությամբ երեխային տալ նրա ազատությունը և չպահանջի, որ երեխան ամեն բան անի իր պես, այլ թույլ տա երեխան ձևավորվի որպես ինքնուրույն, անկախ անհատ։
Երբ երեխան ի վիճակի է կատարել որևէ աշխատանք, ապա պետք չէ նրան խանգարել և նրա փոխարեն անել։ Գուցե անկողինն այնքան էլ լավ չհավաքի, բայց մի քանի անգամ անելուց հետո կսովորի։
Կան մարդիկ, որոնց համար հիմնական սիրո արտահայտումն է, երբ իրենց օգնում են, նրանց համար որևէ գործ են կատարում, որևէ կերպ աջակցում են։ Երեխաների դեպքում բերեմ մի քանի օրինակ․ պատրաստել երեխայի սիրած նախաճաշը, օգնել հավաքել խաղալիքները, ուղղել խճճված ցատկապարանը, կարդալ սիրելի գիրքը, կազմակերպել ծննդյան տոնը, պահել սիրած ուտելիքի վերջին պատառը, սարքել հեծանիվը, կարել տիկնիկի համար զգեստ,  տանել տարբեր լրացուցիչ դասերի և այլն։
Օգնել, աջակցել չի նշանակում ամեն քմահաճույք կատարել, շահագործվել, օրինակ «եթե ինձ սիրեիր, ապա սա կանեիր» արտահայտությունը սիրո նշան չէ, այլ սա արդեն շահարկում է և չարաշահում։ Ինչպես նաև, եթե ծնողը երեխայի համար որևէ գործողություն է կատարում, ապա չպետք է ամեն արածը երեխայի երեսով տա, այն կորցնում է արժեքը։

Շատերի համար որևէ գործողությունն ավելին կարող է ասել նրա հանդեպ սիրո մասին, քանի հազարավոր խոսքերը, նվերները։

Սկզբում դժվար է հասկանալ, թե որն է երեխայի համար նախընտրելի սիրո արտահայտման ձևը, սակայն երեխայի հետ շփումը և բոլոր արտահայտչամիջոցներով նրա հանդեպ սերը ցույց տալը կօգնի հասկանալ նրան, բարելավել, ամրացնել հարաբերությունները։
Երեխայի սիրո լեզուն հասկանալու համար երբեմն բավական է ուշադրություն դարձնել ծնողի և ուրիշների հանդեպ իր սիրո արտահայտմանը։ Օրինակ, եթե հաճախ է ասում է․ «Ինչ սիրուն ես մամա», «Պապա, քեզ շատ եմ սիրում, շուտ կգաս», «Մամա, քեզ կկարոտեմ», «Նայի՛ր, լա՞վ եմ սարքել», «Ինչպե՞ս նվագեցի, քեզ դուր եկա՞վ», ապա կարելի է ենթադրել, որ երեխայի համար քաջալերող խոսքերը շատ կարևոր են, կամ եթե փորձում է օգնել խոհանոցում, առևտուրի պարկերը մեքենայից տանել տուն, ծաղիկները ջրել, ապա կարելի է ենթադրել, որ նրա համար կարևոր է աջակցությունը։ 

Միշտ պետք է նաև հաշվի առնել տարիքային առանձնահատկությունները, քանի որ 5 տարեկանում կարող է նրան մի բան դուր գալ, իսկ 15-ում՝ մեկ այլ բան։

Հնարավոր է, որ ծնողի և երեխայի սիրո արտահայտման ձևերը և կարիքները տարբեր լինեն։ Օրինակ, երբ երեխան սիրում է գրկախառնվել, իսկ ծնողը ոչ այնքան, կամ հակառակը, մաման սիրում է պաչիկ անել, իսկ երեխան խուսափում է ֆիզիկական ջերմությունից։ Այս դեպքում ծնողը պետք է այլ աղբյուրից ստանա իր համար անհրաժեշտ սերը (կողակից, ընտանիքի այլ անդամներ, ընկերներ), իսկ երեխային տա նրա համար ընդունելի և հասկանալի սերը։

Կարդացե՞լ եք այդ գիրքը, ի՞նչ կարծիքի եք այդ տարանջատման մասին։ Տեսնու՞մ եք Ձեզ, Ձեր երեխային կամ ընտանիքի այլ անդամներին այդ 5 սիրո լեզվի սահմանումների շրջանակում։










1. https://ttfuture.org/blog/james-prescott/parenting-history-adverse-child-experiences-0
2. https://source.wustl.edu/2012/01/moms-love-good-for-childs-brain/
3. https://www.goodreads.com/book/show/18888106-the-5-love-languages-of-children

Comments

Popular posts from this blog

Դիսլեքսիա, դիսգրաֆիա, դիսկալկուլիա: Ի՞նչ գիտենք դրանց մասին

Ի՞նչ գիտենք Դիսլեքսիայի, դիսգրաֆիայի, դիսկալկուլիայի մասին։ Լսել ե՞ք արդյոք այդ տերմինների մասին։  Այս անգամ որոշեցի անդրադառնալ մի երևույթի, որն առկա է մոլորակի բնակչության մոտ 20%-ի մոտ, այսինքն` 5 հոգուց 1-ի մոտ այն առկա է։ Խոսքը գնում է Դիսլեքսիայի մասին։ Արդեն չեմ հիշում՝ երբ լսեցի ու հետաքրքրվեցի Դիսլեքսիայի մասին, բայց լավ հիշում եմ, թե ինչ զգացի այդ պահին ու հասկացա, թե ինչպես էին զգում իրենց մեր դասարանի որոշ երեխաներ, ովքեր ամեն օր բախվում էին դրա հետ կապված խնդիրներին ու դրա մասին գաղափար չունեցող մեծահասակների ու հասակակիցների քննադատություններին։ Ի՞նչ է Դիսլեքսիան։ Նախ մի քանի բառով նշեմ դիսկալկուլիայի ու դիսգրաֆիայի մասին, հետո անցնեմ դիսլեքսիային։ Դիսկալկուլիա - մաթեմատիկական գործողություններ կատարելու դժվարություն Դիսգրաֆիա - գրավոր խոսքի խանգարումներ և դժվարություններ Դիսլեքսիա -  կարդալու հետ կապված բարդություններ, ընթերցելու կարողության խանգարում։ Սովորաբար այն կարող է բացահայտվել նախադպրոցական հասակում, ինչպես նաև դպրոց սկսելու ժամա...

Թթխմոր 0-ից - Sourdough Starter from scratch in Arm

Էս գրառման մեջ մանրամասն պատմելու եմ նոր թթխմոր սարքելու մասին։ Եթե նախապատմությունը չեք ուզում կարդալ, անմիջապես գնացեք ներքև, գրառման կեսից նկարագրել եմ օրական քայլերով գործողությունները։ Խանութում էստեղ թթխմորով հացերը որպես կանոն թթու են ու շատերի մոտ տպավորթյուն ա ստեղծվում, թե թթխմորով հացը թթու է։ Թթխմորով հացը կարող է լինել թթու ու ոչ թթու։ Թթու է ստացվում, եթե խմորի խմորման ընթացքը սառնարանում 24 ժամից ավել է տևում։ Դրանից քիչ խմորվելու դեպքում այն չի ունենում թթու համ։ Քովիդից առաջ խմորիչով հաց թխելու փորձեր շատ եմ արել, բայց 2020թ․ սկզբներին ավելի ակտիվ սկսեցի թխել ու դրան զուգահեռ ինտագրամով տեսնում էի, թե ինչ մեծ տարածում ա գտնում թթխմորով հացը։ Սկզբում մտածեցի, թե ինչու պետք ա էդ երկար գործընթացի մեջ թաթախվեմ, եթե խմորիչով արագ ու լավ ստացվում ա, բայց ինստագրամի ալգորիթմն իր գործն արեց։ Սկսեցի ավելի հաճախ տեսնել թթխմորով հացի նկարներ, վիդեոներ ու վերջը որոշեցի ես էլ միանալ էդ հավես ալիքին։ Կարդացի, ուսումնասիրեցի, օգտակար հատկությունների մասին հետաքրքրվեցի, փորձեցի ու 202...

Զապել Եսայանի նամակն իր աղջկան

Զապել Եսայանի մասին ( https://with.hripsi.me/2019/04/Armenian-literature-women-writers.html ) ուսումնասիրելիս հանդիպեցի մի շարք նամակների, որոնք նա ուղարկել էր իր հարազատներին, ընկերներին։ Ինձ անչափ դուր եկավ իր աղջկան ուղղված նամակներից մեկը։ Այնքա՜ն գեղեցիկ ձևով ու կարևոր թեմաների մասին է գրում, խորհուրդ տալիս, այնքա՜ն սիրով ու ափսոսանքով լցված է շնորհավորում տասնչորսամյա դստեր տարեդարձը։  Որոշեցի այս գրրառման մեջ զետեղել այդ նամակը, քանի որ շատերի համար գուցե հետաքրքիր կլինի տեսնել  100 տարի առաջ ապրող  զարգացած հայ կնոջ վերաբերմունքն ու մտահոգությունն իր դստեր ապագայի վերաբերյալ։ Կարծում եմ ցանկացած ծնող կարող է այս գեղեցիկ տողերից քաղել մի շարք մտքեր, որոնք կօգնեն մեծացնել ինքնավստահ, տոկուն, ձգտումով, չընկրկող մարդ։ Սոֆի Եսայանին 1914, մարտի 20, Սկյուտար Շատ սիրելի աղջիկս, Դու արդեն փոքրիկ օրիորդ ես հիմա: Դարձել ես տասնչորս տարեկան, իսկ դա քեզ համար ունի հատուկ նշանակություն, քանի որ այս տարի ավարտելու ես տարրական կրթությունդ: Սիրե...

Հայ գրականություն․ ճանաչենք հայ կին գրողներին. Զապել Եսայան

Մինչ այս գրառումը կարդալն առաջարկում եմ մի պահ հիշել ձեզ հայտնի հայ տղամարդ գրողների անունները։ Վստահ եմ առնվազն 10 գրողի անուն հիշեցիք։ Իսկ հիմա փորձեք հիշել հայ կին գրողների անունները։ Քանի՞ կին գրողի անուն հիշեցիք։ Հայ գրականության դպրոցական ծրագրում չեմ հիշում հայ կին գրողների վերաբերյալ դասերի մասին, միայն Սիլվա Կապուտիկյանին։ Մեր դասագրքերում ներկայացված էին հայ տղամարդ գրողները և նրանց ստեղծագործությունները։ Դասարանի պատին փակցված էին տղամարդ գրողների նկարները։ Ես շատ հպարտ եմ, որ մենք նման գեղեցիկ գրականություն ունենք, բայց ցավոք դասագրքերում ամբողջ պատկերը ներկայացված չէր։  Այնպես չէ, որ չունեինք կին գրողներ, ու դրա համար ներառված չէին։ Ներկայացված չէին 19-20-րդ դարերի ականավոր կին գրողները, ովքեր միշտ կարևոր գործ են կատարել հայկական մշակույթի պահպանման և մարդու իրավունքների պաշտպանության, ազգապահպանման գործում։ Օրինակ բերեմ ոմանց անունները՝ Սրբուհի  Տյուսաբ (Վահանյան 1840–1901 թթ.) Սիպիլ (Զապել Ասատուր, Զապել Խանջյան 1863–1934 թթ.) Շուշանիկ...

Enmeshment - Խճճված հարաբերություններ

Էս թեման մի կես տարի ա ինչ խմորվում ա մտքիս ու վերջերս մի հոլովակ տեսա ու դա էլ առիթ դարձավ, որ վերջապես մտքերս հավաքեմ ու գրեմ դրա մասին։  Մի հասուն տղամարդ (տարիքով հասուն, էմոցիոնալ առումով դժվարանում եմ ասել), զրուցակցին ասում ա, որ իր մաման իրեն օրական 20 անգամ զանգում ա, հարցնում ա, թե որտեղ ա, ինչ ա կերել, ուր ա գնացել, ինչ ա արել, կինն ու էրեխեքը որտեղ են, ինչ են անում ու էդ ամենն ամեն օր։ Ինքը դա նորմալ ա համարում, ասում ա , որ ով ինչ ուզում ա մտածի, ինչքան պետք ա, էնքան էլ կարող ա մամաս զանգել։  I'm Glad My Mom Died by Jennette McCurdy ինքնակենսագրական գրքում դերասան Ջենեթ ՄաքՔրդին պատմում ա իր ու մոր խճճված հարաբերությունների, նրա կյանքի տարբեր ոլորտներում՝ սննդակարգի (թերսնում, գեղեցկության ստանդարտներ․․․), կարիերայի (մայրն իր չիրականացած երազանքը կապում ա աղջկա վզին), առողջության, հարաբերությունների վրա մոր խիստ վերահսկողության ու էդ ամենով նրան տրավմաներ, միջոցներից կախյալություն, մի շարք մտավոր խնդիրներ առաջացնելու մասին։ Նմանատիպ օրինակները շատ-շատ են։ Ու էսօր ...

Երեխայի վրա բղավելու երկարատեվ բացասական հետեվանքները

Ինձ համար երեխայի վրա գոռալը տհաճ սովորություն է։ Բայց կարծես երբեմն անելանելի վիճակում հայտնվելիս ծնողին ոչինչ չի մնում քան բղավել։ Արդյոք դա արդյունավե՞տ է։ Ինչպե՞ս է գոռացողն իրեն զգում գոռալուց անմիջապես հետո։ Ինչպիսի՞ն է երեխայի վարքագիծը ծնողի գոռալու ընթացքում և հետո։ Շատերը քննադատում են երեխայի հանդեպ ֆիզիկական բռնությունը, հասկանում են դրա վատ ազդեցությունները, ասում են, որ երբեք չեն հարվածում իրենց երեխային և գոռալը համարում են միակ սաստելու ձևը։ Սակայն, պետք է նշեմ, որ երեխայի վրա գոռալը նույնպես բռնության տեսակ է, որը կարող է անդառնալի հետևանքներ թողնել երեխայի հոգեկան և ֆիզիկական զարգացման վրա։ Այստեղ ի նկատի ունեմ ոչ թե մեկ կամ երկու անգամ բղավելը, այլ՝ պարբերաբար բղավելով երեխայի հետ շփումը։ Ըստ 2013 թվականին   Փիթսբուրգի և Միչիգանի համալսարանների կողմից կատարած գիտական հետազոտությունների արդյունքների, դեռահասների վրա գոռալը նույնչափ վտանգավոր է որքան հարվածելը։ Փիթսբուրգի Համալսարանի Կրթության և հոգեբանության դասախոս-օգնական, հետազոտութ...