Վերջերս մամաս պատմեց, թե ինչպես էր առևտի կենտրոնում ականատես եղել մի սրտաճմլիկ տեսարանի․ ծնողները սարսափահար և խուճապահար փնտրում էին իրենց փոքրիկ աղջկան։ Բարեբախտաբար փոքրիկին շուտ գտան։ Ոչ ոք ապահովագրված չէ մարդաշատ վայրերում երեխային կորցնելու ռիսկից։ Որքան էլ լսող և հասկացող երեխա լինի, որքան էլ ուշադիր և հոգատար ծնող ունենա, երբեք չենք իմանա, թե երեխան ինչ կտեսնի, ինչով կհետաքրքրվի ու ինչպես կհեռանա ծնողից։ Շատ դժվար է պատկերացնել մարդաշատ վայրում երեխային տեսադաշտից կորցրած ծնողի հոգեվիճակը, աննկարագրելի խուճապը։ Նույնիսկ մի քանի րոպեն կարող է թվալ հավերժություն։ Ի՞նչ անել, ինչպե՞ս կանխել մարդաշատ վայրերում երեխային կորցնելը։ Այստեղ հավաքագրել եմ այն կանոնները և քայլերը, որոնց ես հետևում եմ, որոնք կարծում եմ կարող են նվազեցնել երեխային կորցնելու ռիսկը և օգնել շուտ գտնել։ Կարելի է զրուցել երեխայի հետ երբ դեռ հանգիստ և կենտրոնացած է, դեռ ոչինչ չի շեղում նրա ուշադրությունը։ Կարելի է բացատրել մեծահասակի հետ մնալու կարևորությունը, ասել, որ չփախչի, առա...