Skip to main content

Երեխայի վրա բղավելու երկարատեվ բացասական հետեվանքները

Ինձ համար երեխայի վրա գոռալը տհաճ սովորություն է։ Բայց կարծես երբեմն անելանելի վիճակում հայտնվելիս ծնողին ոչինչ չի մնում քան բղավել։ Արդյոք դա արդյունավե՞տ է։ Ինչպե՞ս է գոռացողն իրեն զգում գոռալուց անմիջապես հետո։ Ինչպիսի՞ն է երեխայի վարքագիծը ծնողի գոռալու ընթացքում և հետո։

Շատերը քննադատում են երեխայի հանդեպ ֆիզիկական բռնությունը, հասկանում են դրա վատ ազդեցությունները, ասում են, որ երբեք չեն հարվածում իրենց երեխային և գոռալը համարում են միակ սաստելու ձևը։ Սակայն, պետք է նշեմ, որ երեխայի վրա գոռալը նույնպես բռնության տեսակ է, որը կարող է անդառնալի հետևանքներ թողնել երեխայի հոգեկան և ֆիզիկական զարգացման վրա։ Այստեղ ի նկատի ունեմ ոչ թե մեկ կամ երկու անգամ բղավելը, այլ՝ պարբերաբար բղավելով երեխայի հետ շփումը։

Ըստ 2013 թվականին   Փիթսբուրգի և Միչիգանի համալսարանների կողմից կատարած գիտական հետազոտությունների արդյունքների, դեռահասների վրա գոռալը նույնչափ վտանգավոր է որքան հարվածելը։

Փիթսբուրգի Համալսարանի Կրթության և հոգեբանության դասախոս-օգնական, հետազոտության համահեղինակ Մինգ-Թե Վունգը նշում է՝ «Ծնողի ճչալը չի նվազեցնում կամ ուղղում երեխայի վարքագիծը, հակառակը՝ վատթարացնում է» (wsj.com)։

Եթե կարդում եք այս հոդվածը, ապա հավանաբար հոգնել եք անօգուտ բղավելուց և ուզում եք գտնել երեխաների հետ շփվելու և հաղորդակցվելու արգասաբեր տարբերակներ։

Ինչո՞ւ են ծնողները գոռում

Նախքան որևէ վարքագիծ փոխելը, պետք է հասկանալ դրա հիմքերը և պատճառները։
Ծնողների բղավելու պատճառը կարող է լինել մեկը կամ մի քանիսը։ Բերեմ մի քանի օրինակ և կարծում եմ շատերը կհիշեն բղավելու իրենց դրդապատճառները։  

1. Քնի պակաս, գերհոգնածություն։ Բացահայտում չեմ անի եթե նշեմ, որ քունը շատ կարևոր գործառույթ է կատարում։ Քնի ընթացքում ուղեղը կարողանում է ստեղծել նոր նյարդային հանգույցներ, ուղեղից հանել տոքսինները և վերականգնել օրգանիզմը։ Իսկ ի՞նչ է լինում, երբ մարդ չի ստանում անհրաժեշտ քունը։ Նա դառնում է դյուրագրգիռ, չի կարողանում լավ որոշումներ կայացնել, նվազում է ինքնակառավարումը։ Իսկ եթե այդ վիճակը ոչ թե մեկ կամ երկու օր է, այլ մի քանի տարի, ապա նման ապրելակերպի արդյունքում մարդը կորցնում է առողջ դատողությունը, առողջությունը և համբերությունը։ 
2. Վախ։ Շատ հաճախ ծնողները բղավում են վտանգավոր իրավիճակների պատճառով։ Բղավելով փորձում են կանխել կամ շտկել իրավիճակը։ 
3. Անճարություն, անօգնական վիճակ: Հանգստանալու ձև։ Երբեմն ծնողները բղավում են, երբ բազմաթիվ անգամ կրկնում են նույն բանը, սակայն նրանց երեխան չի լսում։ Բղավելն իրականում ոչ թե օգնում է երեխային հասցնել ծնողի խոսքը, այլ պարզապես կարճաժամկետ թեթևացնում է ծնողի լարվածությունը։ Դրանից հետո, երբ ծնողը տեսնում է, որ երեխայի վրա չի ազդել, ավելի է բարկանում։
4. Դաստիարակելու մեթոդ, երեխային ենթարկեցնելու ձև: Հաճախ ծնողները բղավելով փորձում են իրենց ենթարկեցնել, հրամաններ տալ երեխային։ Սովորաբար այս վարքագիծը շարունակական բնույթ է կրում և արդյունքում երեխան այլ կերպ չի հասկանում ու կատարում ծնողի հրահանգները։
5. Անձնական փորձ։ Որպես կանոն երեխաներն առաջին կենսափորձը ստանում են ծնողներից և եթե փոքր տարիքից ընտանիքում, դպրոցում նրանց հետ շփվել են բղավելով, ապա մեծանալով նրանք նույնպես ինքնըստինքյան ընդօրինակում և կիրառում են այդ հաղորդակցման և դաստիարակման ձևն իրենց երեխաների հետ։

Բղավելը հնարավոր է արդյունք ունենա, սակայն այն կարճատև է։ Ժամանակի ընթացքում երեխաները սովորում են այդ բարձր ձայնի ներքո ապրելուն և հաճախ անջատում են իրենց ուշադրությունը։ Մշտական բղավելու դեպքում այն կորցնում է իր ուժը։

Գուցե փոքր տարիքում բղավելով երեխային հնարավոր լինի ենթարկեցնել, ստիպել որևէ բան անի, սակայն մեծանալով կհասկանա, որ նա պարտավոր չէ և կարող է ձեր ասածը չանել։ Ամուր և առողջ հարաբերություններ ունենալու համար պետք է փոքր տարիքից գտնել երեխայի հետ հաղորդակցման առողջ տարբերակներ։ 

Գոռալու երկարատև վնասակար հետևանքները

1. Մշտական բղավելու պատճառով փոխվում է երեխայի ուղեղի կառուցվածքը։ Ուղեղի երկու կիսագնդերը կապող հատվածը կրճատվում է, նյարդայի հանգույցերը թուլանում են, արյան շրջանառությունը լավ չի կատարվում։ Այդ հատվածը պատասխանատու է մարդու ապրումների և զգացմունքների հավասարակշռության համար (https://bit.ly/2F7sCDr
2. Երեխաները սովորում են գոռալ ծնողների, իրենցից թույլերի վրա։
3. Բղավելու արդյունքում վատ վարքագիծը չի փոխվում, նույնիսկ երեխայի մոտ կարող է առաջացնել ընկճախտ։
4. Երեխան կարող է դառնալ ագրեսիվ, կոպիտ, չափազանց ամաչկոտ, անինքնավստահ։
5. Երեխան չի սովորում կառավարել իր զգացմունքները, լարված իրավիճում չի կարող հաղորդել իր ապրումները։
6. Փոքր երեխաները հաճախ կարծում եմ, որ եթե ծնողները բղավում են, ապա իրենց չեն սիրում։ Երեխայի մոտ կարող է առաջանալ ծնողի սերը կորցնելու տագնապ, իսկ մշտական տագնապը խաթարում է երեխայի մտավոր զարգացումը։
7. Երեխան սկսում է կատարել ծնողի ասածը միայն այն ժամանակ երբ ծնողը բղավում է, այլ կերպ չի ընկալում։

Ինչպե՞ս դադարեցնել բղավելու վատ սովորությունը

1. Հոգ տարեք ձեր մասին։ Գտե՛ք ազատ ժամանակ ձեզ համար, փորձե՛ք գտնել այն ինչը կարող է ձեզ հանգստացնել (զբոսանք, գիրք կարդալ, թեյ, լոգանք, ընկերների հետ հանդիպում, հոբի, ննջել)։ Զբաղվե՛ք ձեր հետաքրքրություններով։

2. Երբ զգում եք, որ կորցնում եք ձեր համբերությունը, արդեն պետք է բղավեք, հանգստացրե՛ք ինքներդ ձեզ։ Եթե կարող եք, ապա բարկանալու պահին հեռացեք և հանգստացեք (նախապես ապահովելով երեխայի անվտանգությունը)։

3. Սովորե՛ք շնչառական վարժություններ անել։ Երբ երեխան հանգիստ է, նրա հետ կատարեք շնչառական վարժություններ։ Երբ զգում եք արդեն պետք է ափերից դուրս գաք, սկսեք խորը շնչել և արտաշնչել։ Այդ բավականաչափ պարզ և արդյունավետ գործողությունը կօգնի ձեզ կառավարել ձեր ապրումները, իսկ երեխան կտեսնի, թե ինչպես եք ինքներդ ձեզ հանգստացնում։ Ձեր օրինակով նա էլ կսովորի իրեն հանգստացնել լարված պահերին։

4. Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծնողների բղավելը կրկնվող բնույթ ունի, բղավում են նույն գործողությունների ժամանակ, օրվա նույն ժամերին (տանից դուրս գալիս, քնելու ժամին, ուտելիս)։ Փորձե՛ք հասկանալ ձեր բղավելու պատճառները և կանխելու համար նոր քայլեր ձեռնարկեք։

5. Երբ մի քանի անգամ ասելուց հետո երեխան չի արձագանքում, փորձեք հասկանալ ձեզ չլսելու նրա դրդապատճառները, արհամարհո՞ւմ է, թե՞ պարզապես կլանված է իր գործով  (նկարում է, կարդում է, ֆիլմ է դիտում, խաղում է) կամ ունի լսողական խնդիրներ (հիվանդության հետևանքով)։ Փոքր տարիքի երեխայի հետ զրուցեք նրա հասակին հավասար իջնելով, նրա աչքերի մեջ նայելով։
Եթե գերակտիվ է և այդ պահին ի վիճակի չի ընկալել ձեր խոսքերը, ապա շեղեք նրա ուշադրությունն ուրիշ բանի վրա։ Ժամանակ տվեք, որ հանգստանա։ Երբ երեխան լարված է և դյուրագրգիռ, նրա ուղեղն ունակ չի ընկալել ոչ մի հիմնավորում և բացատրություն։ Ոգևորված, վախեցած, նյարդայնացած վիճակում ուղեղում գործում է վախի, ինքնապաշտպանական բնազդի, ապրումների, սպառնալիքի բացահայտման համար պատասխանատու մասը՝ նշահամալիրը (նշահամալիրի ակտիվացումը հիմնականում արտահայտվում է հետևյալ գործողություններով՝ կռվել-փախչել-քարանալ (փախուստ-պայքար))։ Նշահամալիրի գերակտիվանալու դեպքում երեխայի ուղեղի տրամաբանության համար պատասխանատու հատվածն անջատվում է։
Զրուցե՛ք, բացատրե՛ք այն ժամանակ, երբ հանգիստ է և ի վիճակի է ընկալել ձեր ասածը։ Հակառակ դեպքում երեխան ոչ թե ձեզ արհամարհում է, այլ ուղղակի չի կարող հասկանալ։

6. Շատ հարցերի հումորով վերաբերվեք։ Ճիշտ է, բարկացած և նյարդային վիճակում մարդու մոտ ամենաքիչը կատակ անելն է ստացվում, բայց երբեմն ամենալարված իրավիճակներում առավել արդյունավետ միջոց է հումորը։ Հումորն անմիջապես նվազեցնում է սթրեսը, ավելի հաճելի մթնոլորտ է ստեղծում, երեխաների մոտ նվազեցնում է լարվածությունը։ Երեխայի սովորեցնելու և դաստիարակելու ընթացքում չպետք է մոռանալ ամենակարևորը՝ երեխա-ծնող կապը, իսկ հումորն այդ կապն օգնում է ամրանալ, առանց մոռանալու ծնողի սահմանած կանոնները։ Օրինակ, եթե ուզում եք իր սենյակը հավաքի, ոչ թե հրամայեք, կամ փնովեք, այլ զվարճալի ձայնով ասեք (ռոբոտի, այլմոլորակայինի, օպերային երգչի, օգտագործեք ձեր երևակայությունը) ձեր ակնկալիքները։ Երեխան կզարմանա, ուշադրություն կդարձնի ձեր ասածին և անմիջապես չի հակադրվի։ Խաղի վերածեք ցանկացած պարտադիր և երեխայի համար ոչ այնքան ցանկալի աշխատանքը (տակդիր փոխելը, ատամները լվանալը, սեղան հավաքելը, դաս անելը)։ Կարևոր առաջադրանքն երեխան ոչ թե  դժկամությամբ կանի, բացասական տրամադրվածությամբ, այլ՝ թեթև և հաճելի զգացողություններով։ Ամեն առաջարկած այլընտրանքային տարբերակը հնարավոր է չաշխատի։ Ճանաչելով ձեր երեխային կարող եք փորձել և գտնել հետաքրքիր լուծումներ։

Որոշ մարդիկ կասեն, որ իրենք ստեղծագործական լավ միտք չունեն, բայց ես վստահ եմ, որ ստեղծագործական ջիղը մկանի նման բան է, պետք է աշխատեցնել և զարգացնել, ուրիշների օրինակից օգտվել։

7. Երեխային նկարագրե՛ք ձեր հոգեկան և ֆիզիկական վիճակը։ Բացատրեք, որ հոգնած եք, բարկացած եք, տխուր եք։ Նրանք ի վիճակի են հասկանալ և կարեկցել։ Մի՛ վախեցեք խոսել ձեր ապրումների մասին (հաշվի առնելով երեխայի տարիքը)։ Այդ լարված վիճակը նույնպես կարող եք օգտագործել որպես դաստիարակչական լծակ։ Երեխան ձեզնից կսովորի հասկանալ և հարգել դիմացինի զգացմունքները, կսովորի ճանաչել իր ապրումները և ձեզ հետ կիսվել։

Որոշ ծնողներ այս պահն այլ կերպ են օգտագործում, ավելի ճիշտ շահագործում, ասում են՝ «էնպես արեցիր, էնպես ես քեզ պահում որ հեսա կմեռնեմ»։ Երբեք պետք չէ երեխայի վրա նման բեռ դնել, սպառնալ և սեփական մահի համար մեղադրել։ Պետք չէ գործն առաջ տանելու համար երեխայի մոտ մեղքի, պարտքի զգացում առաջացնել։ 

Արդյոք կարելի՞ է բղավել

Ըստ իս, գոռալով միտքն երեխային հասցնելը ճիշտ չէ, բայց կան դեպքեր, երբ վտանգն անխուսափելի է, և միակ ձևը բարձրաձայն խոսելն է։ Երբ բղավել`

- վտանգավոր իրավիճակներում, երբ միայն ճչալը կարող է գրավել երեխայի ուշադրությունը և փրկել իրավիճակը (փողոց անցնել, տաք արդուկին ձեռք տալ, հոսանքի հետ խաղալ)։
- կռվող երեխաների ուշադրությունը շեղելու համար (արյունահեղությունից խուսափելու համար)։ 

Ի նկատի ունեմ, կարելի է գոռալ զգուշացնելու, վտանգը կանխելու համար, իսկ հանգիստ տոնով խոսել բացատրելու համար։

Եթե մենք՝ մեծահասակներս, չկարողանանք կառավարել մեր զայրույթը, ապրումները, ապա ինչպե՞ս կարող ենք առաջնորդել, սովորեցնել և ուղղորդել մեր երեխաներին։  

Երբ ճանաչենք մեծահասակների և երեխաների գործողությունների դրդապատճառնները, հասկանանք, որ երեխաների ուղեղը դեռ լիովին զարգացած չէ, նրանց զգացմունքների արտահայտման ձևերը դեռ ձևավորած չեն, այդ ժամանակ ավելի գիտակցորեն և ըմբռնումով կմոտենանք նրանց վարքին, ապրումներին, նրանց ամեն արարքը չենք դիտարկի որպես դավադրություն, դիտավորություն։  

Իսկ դուք ի՞նչ խորհուրդ կտաք լարված իրավիճակներում հայտնված ծնողներին։ 




Comments

Popular posts from this blog

Դիսլեքսիա, դիսգրաֆիա, դիսկալկուլիա: Ի՞նչ գիտենք դրանց մասին

Ի՞նչ գիտենք Դիսլեքսիայի, դիսգրաֆիայի, դիսկալկուլիայի մասին։ Լսել ե՞ք արդյոք այդ տերմինների մասին։  Այս անգամ որոշեցի անդրադառնալ մի երևույթի, որն առկա է մոլորակի բնակչության մոտ 20%-ի մոտ, այսինքն` 5 հոգուց 1-ի մոտ այն առկա է։ Խոսքը գնում է Դիսլեքսիայի մասին։ Արդեն չեմ հիշում՝ երբ լսեցի ու հետաքրքրվեցի Դիսլեքսիայի մասին, բայց լավ հիշում եմ, թե ինչ զգացի այդ պահին ու հասկացա, թե ինչպես էին զգում իրենց մեր դասարանի որոշ երեխաներ, ովքեր ամեն օր բախվում էին դրա հետ կապված խնդիրներին ու դրա մասին գաղափար չունեցող մեծահասակների ու հասակակիցների քննադատություններին։ Ի՞նչ է Դիսլեքսիան։ Նախ մի քանի բառով նշեմ դիսկալկուլիայի ու դիսգրաֆիայի մասին, հետո անցնեմ դիսլեքսիային։ Դիսկալկուլիա - մաթեմատիկական գործողություններ կատարելու դժվարություն Դիսգրաֆիա - գրավոր խոսքի խանգարումներ և դժվարություններ Դիսլեքսիա -  կարդալու հետ կապված բարդություններ, ընթերցելու կարողության խանգարում։ Սովորաբար այն կարող է բացահայտվել նախադպրոցական հասակում, ինչպես նաև դպրոց սկսելու ժամա...

Թթխմոր 0-ից - Sourdough Starter from scratch in Arm

Էս գրառման մեջ մանրամասն պատմելու եմ նոր թթխմոր սարքելու մասին։ Եթե նախապատմությունը չեք ուզում կարդալ, անմիջապես գնացեք ներքև, գրառման կեսից նկարագրել եմ օրական քայլերով գործողությունները։ Խանութում էստեղ թթխմորով հացերը որպես կանոն թթու են ու շատերի մոտ տպավորթյուն ա ստեղծվում, թե թթխմորով հացը թթու է։ Թթխմորով հացը կարող է լինել թթու ու ոչ թթու։ Թթու է ստացվում, եթե խմորի խմորման ընթացքը սառնարանում 24 ժամից ավել է տևում։ Դրանից քիչ խմորվելու դեպքում այն չի ունենում թթու համ։ Քովիդից առաջ խմորիչով հաց թխելու փորձեր շատ եմ արել, բայց 2020թ․ սկզբներին ավելի ակտիվ սկսեցի թխել ու դրան զուգահեռ ինտագրամով տեսնում էի, թե ինչ մեծ տարածում ա գտնում թթխմորով հացը։ Սկզբում մտածեցի, թե ինչու պետք ա էդ երկար գործընթացի մեջ թաթախվեմ, եթե խմորիչով արագ ու լավ ստացվում ա, բայց ինստագրամի ալգորիթմն իր գործն արեց։ Սկսեցի ավելի հաճախ տեսնել թթխմորով հացի նկարներ, վիդեոներ ու վերջը որոշեցի ես էլ միանալ էդ հավես ալիքին։ Կարդացի, ուսումնասիրեցի, օգտակար հատկությունների մասին հետաքրքրվեցի, փորձեցի ու 202...

Զապել Եսայանի նամակն իր աղջկան

Զապել Եսայանի մասին ( https://with.hripsi.me/2019/04/Armenian-literature-women-writers.html ) ուսումնասիրելիս հանդիպեցի մի շարք նամակների, որոնք նա ուղարկել էր իր հարազատներին, ընկերներին։ Ինձ անչափ դուր եկավ իր աղջկան ուղղված նամակներից մեկը։ Այնքա՜ն գեղեցիկ ձևով ու կարևոր թեմաների մասին է գրում, խորհուրդ տալիս, այնքա՜ն սիրով ու ափսոսանքով լցված է շնորհավորում տասնչորսամյա դստեր տարեդարձը։  Որոշեցի այս գրրառման մեջ զետեղել այդ նամակը, քանի որ շատերի համար գուցե հետաքրքիր կլինի տեսնել  100 տարի առաջ ապրող  զարգացած հայ կնոջ վերաբերմունքն ու մտահոգությունն իր դստեր ապագայի վերաբերյալ։ Կարծում եմ ցանկացած ծնող կարող է այս գեղեցիկ տողերից քաղել մի շարք մտքեր, որոնք կօգնեն մեծացնել ինքնավստահ, տոկուն, ձգտումով, չընկրկող մարդ։ Սոֆի Եսայանին 1914, մարտի 20, Սկյուտար Շատ սիրելի աղջիկս, Դու արդեն փոքրիկ օրիորդ ես հիմա: Դարձել ես տասնչորս տարեկան, իսկ դա քեզ համար ունի հատուկ նշանակություն, քանի որ այս տարի ավարտելու ես տարրական կրթությունդ: Սիրե...

Հայ գրականություն․ ճանաչենք հայ կին գրողներին. Զապել Եսայան

Մինչ այս գրառումը կարդալն առաջարկում եմ մի պահ հիշել ձեզ հայտնի հայ տղամարդ գրողների անունները։ Վստահ եմ առնվազն 10 գրողի անուն հիշեցիք։ Իսկ հիմա փորձեք հիշել հայ կին գրողների անունները։ Քանի՞ կին գրողի անուն հիշեցիք։ Հայ գրականության դպրոցական ծրագրում չեմ հիշում հայ կին գրողների վերաբերյալ դասերի մասին, միայն Սիլվա Կապուտիկյանին։ Մեր դասագրքերում ներկայացված էին հայ տղամարդ գրողները և նրանց ստեղծագործությունները։ Դասարանի պատին փակցված էին տղամարդ գրողների նկարները։ Ես շատ հպարտ եմ, որ մենք նման գեղեցիկ գրականություն ունենք, բայց ցավոք դասագրքերում ամբողջ պատկերը ներկայացված չէր։  Այնպես չէ, որ չունեինք կին գրողներ, ու դրա համար ներառված չէին։ Ներկայացված չէին 19-20-րդ դարերի ականավոր կին գրողները, ովքեր միշտ կարևոր գործ են կատարել հայկական մշակույթի պահպանման և մարդու իրավունքների պաշտպանության, ազգապահպանման գործում։ Օրինակ բերեմ ոմանց անունները՝ Սրբուհի  Տյուսաբ (Վահանյան 1840–1901 թթ.) Սիպիլ (Զապել Ասատուր, Զապել Խանջյան 1863–1934 թթ.) Շուշանիկ...

Enmeshment - Խճճված հարաբերություններ

Էս թեման մի կես տարի ա ինչ խմորվում ա մտքիս ու վերջերս մի հոլովակ տեսա ու դա էլ առիթ դարձավ, որ վերջապես մտքերս հավաքեմ ու գրեմ դրա մասին։  Մի հասուն տղամարդ (տարիքով հասուն, էմոցիոնալ առումով դժվարանում եմ ասել), զրուցակցին ասում ա, որ իր մաման իրեն օրական 20 անգամ զանգում ա, հարցնում ա, թե որտեղ ա, ինչ ա կերել, ուր ա գնացել, ինչ ա արել, կինն ու էրեխեքը որտեղ են, ինչ են անում ու էդ ամենն ամեն օր։ Ինքը դա նորմալ ա համարում, ասում ա , որ ով ինչ ուզում ա մտածի, ինչքան պետք ա, էնքան էլ կարող ա մամաս զանգել։  I'm Glad My Mom Died by Jennette McCurdy ինքնակենսագրական գրքում դերասան Ջենեթ ՄաքՔրդին պատմում ա իր ու մոր խճճված հարաբերությունների, նրա կյանքի տարբեր ոլորտներում՝ սննդակարգի (թերսնում, գեղեցկության ստանդարտներ․․․), կարիերայի (մայրն իր չիրականացած երազանքը կապում ա աղջկա վզին), առողջության, հարաբերությունների վրա մոր խիստ վերահսկողության ու էդ ամենով նրան տրավմաներ, միջոցներից կախյալություն, մի շարք մտավոր խնդիրներ առաջացնելու մասին։ Նմանատիպ օրինակները շատ-շատ են։ Ու էսօր ...

Ծնողական սեր․ որո՞նք են երեխայի (մեծերի) համար նախընտրելի սիրո 5 լեզուները

Կարծում եմ ցանկացած գիտակից ծնող յուրովի սիրում է իր երեխային, սակայն  միշտ չէ որ այդ սերը երեխան տեսնում է և զգում։ Երբեմն ծնողներին թվում է, որ եթե հոգ են տանում երեխայի մասին, կերակրում, կրթում են, ապա նրանց սերն ակնհայտ է դառնում երեխայի համար։ Երբեմն ծնողական սերը խորն է լինում և երեխայի համար հասկանալի ոչ մի գործողությամբ չի արտահայտվում։  Մի քանի սերունդ առաջ, երեխայի հանդեպ սերն արտահայտելն այնքան էլ ընդունված ու ցանկալի չէր։  Շատ ընտանիքներում ակնկալվում էր, որ երեխան պետք է երևար, բայց նրա ձայնը դուրս չգար։ Նույնիսկ 1920-ական թվականների վերջին ամերիկացի հոգեբան Ջոն Ուոթսոնն իր հրապարակումներից մեկում նշել էր՝  «Երբեք մի՛ գրկեք և մի՛ համբուրեք երեխային, երբեք մի՛ նստացրեք ձեր գրկին։ Եթե պետք է համբուրեք, ապա կարող եք համբուրել օրը մեկ անգամ  միայն  ճակատը՝ բարի գիշեր ասելիս։ Առավոտյան ողջունեք ձեռքը սեղմելով։ Եթե բացառիկ, դժվար աշխատանք է կատարել՝ կարող եք գլուխը շոյել» 1 ։ Ցավոք, այս լուրջ մասնագիտական խորհուրդը մեծ քանակությամբ ընտանիքներ...