Մինչ այս գրառումը կարդալն առաջարկում եմ մի պահ հիշել ձեզ հայտնի հայ տղամարդ գրողների անունները։ Վստահ եմ առնվազն 10 գրողի անուն հիշեցիք։ Իսկ հիմա փորձեք հիշել հայ կին գրողների անունները։ Քանի՞ կին գրողի անուն հիշեցիք։
Հայ գրականության դպրոցական ծրագրում չեմ հիշում հայ կին գրողների վերաբերյալ դասերի մասին, միայն Սիլվա Կապուտիկյանին։
Հայ գրականության դպրոցական ծրագրում չեմ հիշում հայ կին գրողների վերաբերյալ դասերի մասին, միայն Սիլվա Կապուտիկյանին։
Մեր դասագրքերում ներկայացված էին հայ տղամարդ գրողները և նրանց ստեղծագործությունները։ Դասարանի պատին փակցված էին տղամարդ գրողների նկարները։ Ես շատ հպարտ եմ, որ մենք նման գեղեցիկ գրականություն ունենք, բայց ցավոք դասագրքերում ամբողջ պատկերը ներկայացված չէր։
Այնպես չէ, որ չունեինք կին գրողներ, ու դրա համար ներառված չէին։ Ներկայացված չէին 19-20-րդ դարերի ականավոր կին գրողները, ովքեր միշտ կարևոր գործ են կատարել հայկական մշակույթի պահպանման և մարդու իրավունքների պաշտպանության, ազգապահպանման գործում։ Օրինակ բերեմ ոմանց անունները՝
Աննա Պետրոսյան (1935–2017 թթ.)
Սրբուհի Տյուսաբ (Վահանյան 1840–1901 թթ.)
Սիպիլ (Զապել Ասատուր, Զապել Խանջյան 1863–1934 թթ.)
Հռիփսիմե Պողոսյան (1899–1972 թթ.)
Շուշանիկ Կուրղինյան (Փոպոլճյան 1876–1927 թթ.)
Զապել Եսայան (1878-1943 թթ․)
Զապել Եսայան (1878-1943 թթ․)
Հերանուշ Արշակյան (1887–1905 թթ.)
Մարո Մարգարյան (1915–1999 թթ.)
Անահիտ Սահինյան (1917–2010 թթ.)
Անահիտ Սեկոյան (1922–1994 թթ.)
Մետաքսե (Պողոսյան 1928–2014 թթ.)
Հետաքրքրությունից ելնելով ուսումնասիրեցի ավագ դպրոցի գրականության ներկայիս դասագրքերը (որոնք համացանցում հասանելի էին) և ինձ համար կատարած բացահայտումներով կկիսվեմ այստեղ։
Ըստ իս, դպրոցական ծրագրում կարելի է ներառել նաև ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները։ Պարզ է, որ ամեն ինչ հնարավոր չէ ներառել, բայց առնվազն նրանց անունները երեխաները պետք է ճանաչեն, որպեսզի հետաքրքրի ու կարողանան գտնել նրանց գրքերը։ Սոցիալական մեդիայով ես հետևում եմ որոշ ժամանակակից գրողների և հաճույքով ընթերցում եմ նրանց հրապարակումները, հոդվածները, ստեղծագործությունները։ Խորհուրդ կտամ գտնել և հետևել նրանց։ Նրանք են հայ գրականության ներկան։
Ընդհանուր և բնագիտական հոսքի 12-րդ դասարանի գրականության գրքում Զապել Եսայանին անդրադարձել էին ընդամենը 3 նախադասությամբ։ Կարծում եմ նրա մասին առնվազն մի քանի էջ պետք է գրել, որ երեխաները կարողանան ճանաչել նրան որպես մարդ, մտավորական, հրապարակախոս, թարգմանիչ, մարդու իրավունքների համար պայքարող, գրող։ Նույն գրքում նաև կար Անահիտ Սահինյանի մասին մի հատված, կրկին շատ հպանցիկ մեջբերում նրա գործունեության մասին։
Ի ուրախություն ինձ, հումանիտար հոսքի 12-րդ դասարանի գրականության գրքում գտա օտարագիր մի քանի կին գրողների մասին կարճ անդրադարձեր՝ ռուսագիր Մարիետա Շահինյան (1888-1982թթ․), ֆրանսագիր Հերմինե Հովյան, ֆրանսագիր և իտալագիր Իսկուհի Մինաս, իսպանագիր Ալիսիա Կիրակոսյան, անգլագիր Դայանա Տեր-Հովհաննիսյան, Հելեն Փիլիպոսյան, Մերջրի Հոսեփյան։ Սիլվա Կապուտիկյանի և Մարո Մարգարյանի մասին կար մի էջի չափով ակնարկ, որը բավականին հուսադրող էր։
10-րդ դասարանի գրականության գրքում գտա միայն Սրբուհի Տյուսաբի մասին մի քանի տողով ամփոփված ակնարկ։ Մի ամբողջ գրականության դասագրքում որտեղ ներկայացված են մի քանի տասնյակ հանճարեղ հայ տղամարդ գրողներ, նրանց նշանավոր աշխատանքները, կերպարների վերլուծությունը, սակայն միակ հայ կին գրողի մասին ակնարկը սահմանափակվում էր միայն մի քանի տող նկարագրությամբ։
Կարծում եմ մեր նոր դպրոցական դասագրքերում պետք է ավելանան հայ կին գրողների ստեղծագործությունները, երեխաները պետք է սովորեն նրանց մասին, ճանաչեն կնոջ այդ տեսակը, ով անկոտրում է, պայքարող է, գիտի իր արժեքը, մարդասեր է և ազգանվեր։
Ըստ իս, դպրոցական ծրագրում կարելի է ներառել նաև ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները։ Պարզ է, որ ամեն ինչ հնարավոր չէ ներառել, բայց առնվազն նրանց անունները երեխաները պետք է ճանաչեն, որպեսզի հետաքրքրի ու կարողանան գտնել նրանց գրքերը։ Սոցիալական մեդիայով ես հետևում եմ որոշ ժամանակակից գրողների և հաճույքով ընթերցում եմ նրանց հրապարակումները, հոդվածները, ստեղծագործությունները։ Խորհուրդ կտամ գտնել և հետևել նրանց։ Նրանք են հայ գրականության ներկան։
19-րդ 2րդ կեսին և 20-րդ դարի սկզբին ծնված հայ կին արձակագիրներին, բանաստեղծներին, վիպագիրներին ես ծանոթացա՝ իմ հետաքրքրությունից ելնելով։ Նրանք չէին գրում միայն գեղեցիկի և սիրո մասին, ինչպես որ հաճախ ներկայացվում է։ Այդ ուժեղ կանայք գրում էին կենցաղի, առօրյա հոգսերի և խնդիրների մասին, հասարակությունում և ընտանիքում կնոջ դերի, նրա հանդեպ վերաբերմունքի մասին։ Նրանք փառահեղ կանայք էին, ովքեր պայքարում էին իրենց, այլ կանանց իրավունքների համար։ Պայքարում էին հայրենիքի և ազգի համար, զոհաբերելով սեփական շահը, հանգիստ ու ապահով կյանքը։
Շատ դժվար էր ստեղծագործել մի հասարակարգում ու ոլորտում, որտեղ գերակշռում էին տղամարդիկ։ Կին գրողների աշխատանքներն ավելի խիստ ու անողոք էին քննադատվում, քան տղամարդկանցը։
Շատ դժվար էր ստեղծագործել մի հասարակարգում ու ոլորտում, որտեղ գերակշռում էին տղամարդիկ։ Կին գրողների աշխատանքներն ավելի խիստ ու անողոք էին քննադատվում, քան տղամարդկանցը։
Ցավոք սրտի հնարավորություն չեմ ունեցել ծանոթանալու նրանց աշխատանքներին դպրոցական տարիքում։ Կարծում եմ՝ դա սովետական ժամանակաշրջանում կազմված ծրագրերի ժառանգություն թողած դասագրքերի արդյունքն էր։ Եթե չեմ սխալվում, ռուսերենի դասագրքերում նույն վիճակն էր։ Նման կերպով ծրագրի ընտրության պատճառների մասին միայն կարող եմ ենթադրություններ անել։
Գրողը, ում մասին ես մի փոքր ներկայացնելու եմ, հետապնդվել և հալածվել է սկզբում թուրքական, այնուհետև սովետական ռեժիմի կողմից։
Գրողը, ում մասին ես մի փոքր ներկայացնելու եմ, հետապնդվել և հալածվել է սկզբում թուրքական, այնուհետև սովետական ռեժիմի կողմից։
Զապել Եսայան (Զապել Մկրտչի Հովհաննիսյան)
Այստեղ իմ՝ սահմանափակ աղբյուրներից ստացած, որոշ դեպքերում հակասական տեղեկությունների շրջանակում փորձել եմ հակիրճ ներկայացնել նախորդ դարասկզբի անվանի գրող, հրապարակախոս և թարգմանիչ Զապել Եսայանի մասին։
Զապել Եսայանը ծնվել է 1878թ․ փետրվարի 4-ին (իր ինքնակենսագրականի համաձայն 4-5 գիշերը), Պոլսի «Սիլիհտարի Պարտեզներ» թաղամասում, որի անունով է կոչել իր ինքնակենսագրական (և վերջին) վեպը։ Ի դեպ, այդ ժամանակ ինքնակենսագրական վեպ գրելը նորություն էր գրական ասպարեզում։
«… չորս տարեկան էի, երբ կարդալ սորվեցայ։ Մութը իջնալէն յետոյ, հայրս կը դառնար տուն, կը լուացուէր, զգեստները կը փոխէր եւ սամոյր մուշտակը հագած կը նստէր ցած բազմոցի մը վրայ, որուն առաջ դրուած էր պղնձէ մանգալը։ Կրակարանին մէջ, եռոտանիի վրայ, ջուրը կ’եռար թէյի համար։ Այն ժամանակ թէյի գործածութիւնը տարածուած չէր Պոլսոյ մէջ, բայց հայրս այդ սովորութիւնը բերեր էր Կովկասէն։ Ինքն իր ձեռքովը կը պատրաստէր թէյը, կը լեցնէր բաժակներու մէջ, հարկ եղած բոլոր արարողութիւնները ընելով։ Մինչեւ թէյի ջուրին եռալը. հայրս կը բանար օրուան թերթը, «Արեւելք»ը, եւ կը կարդար։ Ես կը նստէի գիրկը եւ հայրս մուշտակի փէշը կը ծածկէր իմ վրաս։ Այդ տաքուկ բոյնին մէջ երանութեան ժամեր կ’անցունէի եւ աչքերովս կը հետեւէի թերթի տառերուն»: (Հատված «Սիլիհտարի պարտեզները» վեպից)
Նա ավարտել է Սկյուտարի Սուրբ Խաչ վարժարանը։ Առաջին հայ կանանցից էր, ով 1895թ․ մենակ մեկնել է արտասահման՝ Փարիզ, ուսումը շարունակելու նպատակով։ Սորբոնում և Կոլեժ դե Ֆրանսում ուսանել է գրականություն և փիլիսոփայություն։ Փարիզում գրել է հայերեն և ֆրանսերեն հոդվածներ, վեպեր, կատարել է կարևոր թարգմանություններ։
1900 թ․-ին ամուսնացել է անվանի նկարիչ Տիգրան Եսայանի հետ, ում հետ ծանոթացել էր Կ․ Պոլսում, այնուհետև, կրկին հանդիպելով Փարիզում, մտերմացել է, ամուսնացել, ունեցել է 2 երեխա։ 1898-1906 թթ․-ին Զապել Եսայանը Կ․ Պոլսում հայտնի էր որպես կրթված, գրագետ գործիչ, գրականագետ ում հրապարակումները մեծ համբավ էին վայելում։ Նա բացառիկ հայ կանանցից էր, ով մասնակցում էր գրական և քաղաքական քննարկումներին և հանդիպումներին։
1915թ․ նրա ամուսինը դստեր հետ բնակվում էր Փարիզում, իսկ նա որդու և մոր հետ ապրում էր Պոլսում, որտեղ պայքարում էր հայերի նկատմամբ անարդարությունների դեմ, որոնք սկսել էին դեռևս 1909թ․-ից Ադանայում (այդ կոտորածների մասին նկարագրել է «Ավերակներուն մեջ» գրքում, որը գրել է ականատեսների վկայությունների հիման վրա)։
1915թ․ին նա միակ հայ կինն էր, ում անունը ներառված էր երիտթուրքերի կողմից հետապնդվող և հալածվող հայ մտավորականների ցուցակում։ Ջուդիթ Սարյանը (ՀԲԸՄ հետ զրույցների ընթացքում) նշում է, որ ապրիլի 24-ին թուրքական ոստիկանությունը գնացել է Զապել Եսայանի տուն, սակայն բարեբախտաբար նա տանը չի եղել (այլ աղբյուրի համաձայն տանն էր, սակայն թաքնվում և փախչում է)։ Մայրը հետապնդման մասին լուրը հասցնում է Զապել Եսայանին, ով կեղծ ինքնությամբ թաքնվում է Պոլսի տարբեր թաղամասերում, այնուհետև՝ Պոլսի հիվանդանոցում, որտեղ աշխատում էր իր զարմուհին։ Նա չգիտեր իր մտավորական ընկերների գտնվելու վայրի և կարգավիճակի, ճակատագրերի մասին և վտանգավոր իրավիճակում լինելով հանդերձ՝ փորձում էր օգնել նրանց։ Մի քանի ամիս փախուստի մեջ գտնվելուց հետո կարողանում է մեկնել Բուլղարիա, որից հետո ընկերների օգնությամբ իր մոտ է բերում որդին։ Այնուհետև, երբ Առաջին Աշխարհամարտի ժամանակ գերմանական և թուրքական բանակները հասնում են այնտեղ, նա մեկնում է Կովկաս՝ Թիֆլիս, Բաքու։ Այդ ընթացքում նա հավաքագրում և հրապարակում է ցեղասպանությունից մազապուրծ եղած ականատեսների պատմությունները և վկայությունները։
Նա, մասնավորապես, գրում էր ցեղասպանության ընթացքում գերության մեջ գտնվող կանանց և երեխաների ծանր վիճակի, չարչարանքների մասին։ Այդ ժամանակ նա միակն էր, ով բարձրաձայնում և հրապարակում էր ցեղասպանության ընթացքում և դրանից հետո կանանց ու երեխաների իրավունքների ոտնահարումների մասին։ 1920-ական թվականներին նա կրկին մեկնում է Ադանա և շարունակում է արձանագրել ցեղասպանության ընթացքում վայրագություններից ողջ մնացածների վկայությունները և տպագրում, հրապարակում է կատարվածի մասին ֆրանսերեն և հայերեն լեզուներով։
Զապել Եսայանը և իր ընտանիքը։
Նկարված է Փարիզում, 1918թ․-ին, Հայաստանի Առաջին Հանրապետության դրոշով։
Աջից որդին է՝ Հրանտը, նրա կողքին Զապելը, ձախից 2րդը Տիգրան Եսայանն է՝ ամուսինը, նրա մոտ դուստրը՝ Սոֆին։
1933թ․-ին մեկնում է Խորհրդային Հայաստան և Երևանի Պետական Համալսարանում դասավանդում է Ֆրանսիայի և եվրոպական երկրների գրականության պատմություն։
«Ես Երևանում եմ արդեն 2 տարի և չափազանց երջանիկ ու հանգիստ եմ։ Կարող եմ ասել՝ իմ կյանքում երբեք չի եղել այսպիսի ժամանակաշրջան։ Հայաստանում ես ապրում եմ ամբողջությամբ իմ ցանկություններին և զգացմունքներին համահունչ։ Իմ աղջիկն ինձ հետ է և աշխատում է հանրային գրադարանի արտասահմանյան գրականության բաժնի պատասխանատու։ Որդիս մեզ միացավ անցյալ տարի, աշխատում է որպես արդյունաբերական քիմիկոս: Մենք բոլորս երջանիկ ենք և ապագային նայում ենք հավատքով և ոգևորությամբ։ Խնդրում եմ, չմտածես, որ այս տողերը գրում եմ հանուն քարոզչության»։ (հատված Հակոբ Օշականին գրած նամակից, 1935թ:)
Զարհուրելին այն է, որ նա, փրկվելով 1915թ․ ցեղասպանությունից, վերադառնալով Հայաստան, որտեղ իրեն ապահով էր զգում, դասավանդում էր, զբաղվում էր հասարակական և մշակութային գործունեությամբ, 1937թ․-ին Երևանում ձեռբակալվում է ստալինյան ոստիկանության կողմից՝ մեղադրվելով լրտեսության և հակասովետական գործունեության մեջ։ Որոշ աղբյուրների համաձայն բացասական հետևանք էր նաև թողել Գրողների Միության ժողովի ընթացքում Չարենցի (ով գտնվում էր քաղաքական հետապնդման մեջ) մասին իր դրական ելույթը։
«Գալով Չարենցի ձգտումին նայել գալիք դարերին, նա կարող է պայծառ աչքերով նայել այդ գալիքին։ Մեզնից շատերի անուններն անհետ կկորչեն, բայց գալիք սերունդները չեն մոռանա Չարենցին։ Թերևս մեզնից վոմանց անունները անցնեն գալիք սերունդներին միայն այն պատճառով, վոր Չարենցի արժեքով մեկու մը մասին յեղել ենք արդար կամ անարդար»։ (աղբյուրը՝ 1):
Երկար ժամանակ չի ընդունում իր հանդեպ ներկայացրած մեղադրանքները, սակայն տանջալից հարցաքննություններից հետո ստորագրում է ռուսերենով շարադրված մեղադրանքի տակ, որը նա չէր կարող կարդալ և հասկանալ։ 1939թ․ դատավարությունն ավարտվում է Զապել Եսայանի մահապատժի դատավճռով, սակայն Զապել Եսայանը նամակով դիմում է Մոսկվա, որից հետո մահապատիժը փոխվում է 10 տարվա ազատազրկմամբ։ Զապել Եսայանը նույնիսկ բանտում չի հանձնվել, չի ընդունել այն մեղադրանքները, որոնք նրա դեմ էին հարուցվել։ Լուցկու տուփի վրա իր արյունով գրել է, որ այն ինչի համար իրեն մեղադրում են, չի համապատասխանում իրականությանը (աղբյուրը՝ 2):
Դատավճռից հետո նրան տեղափոխել են տարբեր բանտեր։ Նրանից ստացված վերջին նամակները եղել են Բաքվից 1943թ․, որոշ տվյալներով նամակներ կան 1945թ․ի ամսաթվով։ Կա նաև այլ վարկած, որ նա աքսորի ճանապարհին է մահացել 1939թ․։ Չնայած տարբեր վարկածներին, մինչ օրս Զապել Եսայանի մահվան վայրը, ամսաթիվը և պատճառը հայտնի չեն։
«Զապել Եսայանը 20- րդ դարի մեր մեծ գրողներից մեկն է, ով մոռացության է մատնված, և հասարակությանը լայն չափով անծանոթ է։ Նա մեր հայրենադարձ գրողներից է։ Խորհրդային Միության տարիներին հրատարակվել է Զապել Եսայանի գործերի հատորյակը, սակայն մինչև 1990 թվականը ոչ ոք ճշմարտությունը չէր ասում և այսօր էլ տարօրինակ լռություն է տիրում Զապել Եսայանի շուրջ։ Ժամանակն է Հայաստանում հրատարակել գրողի ստեղծագրոծությունների ամբողջական ժողովածուն»,- ասում է Մարկ Նշանեանը։ (աղբյուրը՝ 3)
Ի դեպ, Երևանում կա Զապել Եսայանի անվան փողոց, իսկ 2018թ․-ի մարտին Փարիզում մի ճեմուղի անվանակոչվել է նրա անունով։ Հուշացուցանակի վրա գրված է՝ «Զաբել Եսայան. 1878-1943. հայ կին գրող, մարդու իրավունքների պաշտպան»:
Ի դեպ, Երևանում կա Զապել Եսայանի անվան փողոց, իսկ 2018թ․-ի մարտին Փարիզում մի ճեմուղի անվանակոչվել է նրա անունով։ Հուշացուցանակի վրա գրված է՝ «Զաբել Եսայան. 1878-1943. հայ կին գրող, մարդու իրավունքների պաշտպան»:
Զապել Եսայանի «Սիլիհտարի պարտեզներ» գիրքը, ինչպես նաև մյուս ստեղծագործությունները կարող եք գտնել և ընթերցել այս էլեկտրոնային գրադարանում՝ 4։ Շուտով ես կունենամ նաև Անտարես հրատարկչության կողմից նոր խմբագրված և վերահրատարակված «Սիլիհտարի պարտեզներ» գրքի իմ օրինակը։
Նրա մասին կարող եք լրացուցիչ և ավելի մանրակրկիտ տեղեկատվություն գտնել հետևյալ հղումով՝
https://www.zabelyesayan.info/2018/01/blog-post_27.html?fbclid=IwAR3oHf-d1ykWjuOx9zc3S056OvOu09mGiEx-Ij9PRokL3-buqY1sw9MJACc
Որպես վերջաբան ավելացրել եմ Զապել Եսայանի փայլուն մտքերից մի քանիսը՝
«կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար։ Կինը եկած է իր խելքը, մտային, բարոյական եւ ֆիզիքական յատկութիւնները զարգացնելու համար։ Ինքզինքնին յարգող բոլոր կիներուն իտէալը միայն հաճելի ըլլալը պէտք չէ ըլլայ, այլ երկրիս վրայ գործօն բարերար տարր մը դառնալը»։
«Երբէք ոչ ոք այնքան յստակ եւ այնքան անողոք կերպով չի կարող տեսնել իր տկարութիւնները որքան ես։ Բայց ես անվերջ պայքար մը պարտադրեր եմ ինքզինքիս։ Ինչո՞ւ… ո՞վ կը հարկադրէ զիս, իմ անսահման տենչա՞նքս… թերեւս... Բայց կարծես ինձմէ անկախ եւ ճակատագրական բան մը կայ իմ մէջ, կոչումը այն դժուարին դերին որ կը կարծեմ թէ պարտական եմ կատարել »։ ( «Հոգիս աքսորյալ»)
«Բուրժուազիայի պատվերն այն է, վոր գրողը, չխառնվի իր գործերուն չհետաքրքրվի հասարակական, ընկերային և քաղաքական հարցերով։ Բուրժուազիային սպասածը իր գրողից այն է, վոր ընթերցողների ուշադրությունը հեռացնի այժմեական և հրատապ խնդիրներից և նրան տանի դեպի ուրիշ վայրեր, ուրիշ ժամանակներ, կամ առավելն հոգեբանորեն անլուծելի և անսահմանորեն վիճելի խնդիրներու մանվածապատ բավեղին մեջ»:
«Մարդիկ՝ այր թէ կին՝ ընդհանրապէս այն չեն ներկայանար ինչ որ են իրապէս. Ու այն կեղծ հանդերձանքը, որ կը ստանան յաճախ, անգիտակցութեամբ է, բայց այդ այդպէս է. Դեր մը կ’ընտրեն կեանքի մէջ ու այդ դերը կը կատարեն. Դերը կ’ընտրեն երբեմն ինքն իրենց, որովհետեւ ատիկա գեղեցիկ կը գտնեն, բայց եւ յաճախ կ’ընտրեն այն դերը, զոր ուրիշները գեղեցիկ կը համարեն» -Վերջին Բաժակը (գրված է 1916-ին , հրապարակված՝ 1924-ին):
1.2.https://www.evnreport.com/raw-unfiltered/zabel-yesayan-the-hope-for-justice-hidden-in-a-matchbox?fbclid=IwAR2YKkZBtROAumQnIa6xqfyyqp-0jUrn6Cro_OR1M9G0oHrwki8nXYiIYfM
3.https://granish.org/inchu-e-zapel-esayany-karevor-grogh/?fbclid=IwAR3zpsY1rNpeRmb_nRjET1GzvpCHm_RmltOlCMCZiLEM98OtK0SjwslPjWU
4. https://bit.ly/2VUxDEI
1.2.https://www.evnreport.com/raw-unfiltered/zabel-yesayan-the-hope-for-justice-hidden-in-a-matchbox?fbclid=IwAR2YKkZBtROAumQnIa6xqfyyqp-0jUrn6Cro_OR1M9G0oHrwki8nXYiIYfM
3.https://granish.org/inchu-e-zapel-esayany-karevor-grogh/?fbclid=IwAR3zpsY1rNpeRmb_nRjET1GzvpCHm_RmltOlCMCZiLEM98OtK0SjwslPjWU
4. https://bit.ly/2VUxDEI


Comments
Post a Comment