Skip to main content

Դասապատրաստում․ ինչպե՞ս օգնել և խթանել երեխային ինքնուրույն անել դասերը

Դասերի վերսկսման նախաշեմին որոշեցի կիսվել դասապատրաստման և տնային աշխատանքների վերաբերյալ իմ մտորումներով, կարծիքով, առաջարկել որոշ քայլեր, որոնք հնարավոր է օգնեն դասապատրաստման գործընթացը դարձնել ավելի սահուն և հաճելի։ 

Տնային աշխատանքի արդյունավետությունը

Նկատե՞լ եք, թե տնային աշխատանքի վերաբերյալ կարծիքները որքան տարաբնույթ են։ Ինձ հանդիպած մանկավարժների մեծամասնությունը բարձր է գնահատում ծնողի ներգրավվածությունը դասապատրաստման ընթացքում, քանի որ երբ ծնողը տեղյակ է երեխայի դասերից, նրա ներգրավվածությունն օգնում է երեխային ավելի պատասխանատվությամբ վերաբերվել դասերին և տնային աշխատանքին։ 
Մի շարք հոգեբաններ (օր․` Միխայիլ Լաբկովսկին) պնդում են, որ ծնողը չպետք է միջամտի երեխայի դասապատրաստման գործընթացին։  Դասապատրաստումն առանց ծնողի հսկողության երեխային հնարավորություն է տալիս լինել ինքնուրույն, հասկանալ իր պատասխանատվությունը և գիտակցել իր արածի կամ չարածի հետևանքները։ Դպրոցը երեխային պարզապես գիտելիք տալու վայր չէ, այն պատրաստում է երեխային իրական կյանքի համար։ Եթե երեխան չանի տնային աշխատանքը, ապա լավ գնահատական չի ստանա, հետևաբար կհասկանա իր գործողությունների պատճառահետևանքային կապը։ 

Կան նաև կրթության, երեխաների զարգացման գծով հեղինակավոր մասնագետներ, գրքերի հեղինակներ  (օր․՝ Ալֆի Քոհն (նախքան նրա <<Տնային աշխատանքի առասպելը>> գիրքը կարդալը ես չգիտեի որ կան ընդդիմախոսեր), Նենսի Քալիշ), ովքեր դեմ են տնային հանձնարարականներին, մատնանշում են դրանց բացասական ազդեցությունները։ 

Կան երկրներ, որտեղ դպրոցները տնային աշխատանքներ չեն հանձնարարում տարրական և միջին դպրոցի աշակերտներին, իսկ ավագ դպրոցում այլ երկրների հետ համեմատ քիչ տնային առաջադրանքներ են հանձնարարում, օրինակ՝ Ֆինալանդիայում և դա բոլորովին չի խանգարում ունենալ հաջողված կրթական համակարգ, բարձր գրագիտության մակարդակ (weforum.org)։ Ենթադրում եմ, որ դպրոցում գտնվելու ընթացքում դասերն այնպես են կազմակերպում, որ կարիք չի լինում տանը չափից շատ լրացուցիչ աշխատանք կատարել։ Ինձ համար դա առավել նախընտրելի տարբերակն է։ Ոմանց համար շատ խորթ, անհասկանալի է այդ մոտեցումը, նույնիսկ՝ անընդունելի։

Տնային աշխատանքի մասին դրական և բացասական կարծիքները բազմաթիվ են ու բոլորի համար ակնհայտ, այդ պատճառով դրանք չեմ նշի։ Ինձ ավելի շատ հետաքրքրում էր, թե արդյոք կա՞ այնպիսի գիտական աշխատությունը, հետազոտական աշխատանք, որը կկարողանա ցույց տալ տնային աշխատանքի առկայության և երեխայի առաջադիմության միչև կապը։ Որոշ փնտրտուքներից հետո գտա այն։

Դյուք համալսարանի սոցիալական հոգեբան Հարրիս Քուփերը, ով տնային հանձնարարականի ուսումնասիրությունների առաջատար մասնագետ է, կարծում է, որ տնային աշխատանքն ունի դրական արդյունքներ առաջադիմության գործում, սակայն ոչ բոլոր դպրոցականների համար։
1987-2003թթ․ ընթացքում Հ․ Քուփերի և իր գործընկերների հետ կատարած մի շարք հետազոտական աշխատանքների արդյունքների հիման վրա ակնհայտ է դարձել տնային աշխատանքների դրական ազդեցությունն ավագ դպրոցի աշակերտների առաջադիմության և քննությունների արդյունքների վրա։ Ըստ այդ հետազոտությունների, տնային աշխատանքն ավելի քիչ դրական ազդեցություն ունի միջնակարգ դպրոցի աշակերտների առաջադիմության վրա, իսկ տարրական դպրոցի աշակերտների առաջադիմության վրա տնային աշխատանքի ազդեցությունը գրեթե աննշան է (աղբյուրը՝ https://bit.ly/2HQS2a8)։ Ըստ Հ․ Քուփերի, տնային աշխատանքի տևողությունը կարող է լինել օրական 10 րոպե ամեն ուսումնական տարվա համար, օրինակ՝ առաջին դասարանում 10 րոպե, 12-րդ դասարանում՝ առավելագույնը 2 ժամ։

Ըստ Համաշխարհային Տնտեսական Ֆորումի տվյալների (shorturl.at/hkwSV) , Ֆինլանդիայում ավագ դպրոցի աշակետների շաբաթական կտրվածքով տնային աշխատանքի տևողությունը կազմում է 2,8 ժամ, ԱՄՆ-ում՝ 6,1 ժամ։ Տեսնես կա՞ արդյոք նմանատիպ տվյալներ ՀՀ աշակերտների վերաբերյալ․ շատ հետաքրքիր կլիներ տեսնել դրանք։


Ծնող/դպրոց կապը և ծնողի ներգրավվածությունը


Իմ կարծիքով, դպրոցում երեխայի հաջողությունների մի մասը կախված է ծնողի հետաքրքրվածությունից և ծնող/ուսուցիչ/դպրոց կապից։ Ի սկզբանե, կարելի է այնպես կազմակերպել, որ ծնողը ոչ թե երեխայի կողքին նստի տնային դասն անելու ընթացքում (ի նկատի չունեմ նոր դաս բացատրելը, այլ՝ դպրոցում արդեն յուրացրած դասի վերբերյալ առաջադրանքները կատարելը), այլ տնային աշխատանքն ավարտելուց հետո ծնողը պարզապես վերահսկի, ստուգի, տեղեկանա, որ աշխատանքը կատարված է և երեխան պատրաստ է հաջորդ օրվա դասի համար։ Այսինքն, տնային առաջադրանքի ծավալը և բարդությունը պետք է այնպիսին լինի, որ երեխան ունակ լինի ինքնուրույն կատարել այն, առանց ծնողի հսկողության և ներկայության։ Հնարավոր է երեխան հարցեր ունենա և դիմի ծնողին, այդ դեպքում ծնողը չպետք է մերժի, բայց նաև չպետք է երեխայի փոխարեն անի նրա հանձնարարականը։ Նա կարող է բացատրել, օգնել, ուղղություն տալ և երեխային հնարավորություն տալ ինքնուրույն կատարել դասերը։ Թող մի քիչ ծուռ կտրի, թեք փակցնի, բայց իր աշխատանքը կլինի։ Սակայն երբեմն ոչ թե ուշադրություն է դարձվում երեխայի ինքնուրույն աշխատանքի, ներդրած ջանքերի վրա, այլ՝ աշխատանքի անթերի որակի։ 


Նկատել եմ, որ հաճախ ծնողներն երեխայի գնահատականների և դասապատրաստվածության համար կրում են պատասխանատվություն և երեխայի անհաջողությունները վերագրում են իրենց, ընդունում են որպես սեփական բացթողումներ, իսկ հաջողությունները՝ որպես սեփական ձեռքբերումներ։
Երբ ծնողը գիտի, որ երեխայի համադասարանցիների աշխատանքները կատարելու են նրանց ծնողները, ապա նա ցանկանում է, որ իր երեխայի աշխատանքը նույնպես գնահատվի բարձր ու արդյունքում ծնողն է կատարում երեխայի աշխատանքը։ Իմ կարծիքով, այդ դեպքում հանձնարարականի իմասն ամբողջովին կորում է։ Հավանաբար ուսուցիչն էլ կհասկանա, որ դա 7 տարեկան երեխայի աշխատանք չէ։ Եթե միշտ երեխայի փոխարեն կատարեն նրա համար բարդ աշխատանքները, ապա երեխայի մոտ հնարավոր է ձևավորվել ձեռքբերովի անօգնականություն, որի հետևանքով երեխան կարող է կորցնել ինքնավստահությունը, նախաձեռնողականությունը, ինքնություն որևէ բարդ գործ անելու ցանկությունը։ Այդ պատճառով, կարծում եմ ցածր դասարաններում տնային աշխատանքը ցանկալի է քիչ լինի և չգնահատվի։

Ի սկզբանե, բոլորի համար պետք է պարզ լինի տնային աշխատանքի նպատակը, ինչի համար է երեխան այն անում, ինչ է սովորում, ինչ է այն իրեն տալու երկարաժամկետ կտրվածքով։ 

Երբ երեխան փոքր է լինում, ծնողներն կարողանում են երեխային օգնել, սակայն տարիների ընթացքում տնային առաջադրանքների բարդությունն այնպիսին է դառնում, որ ծնողներն արդեն ի վիճակի չեն լինում երեխային աջակցել: Այն ընտանիքներում որտեղ ծնողներն օգնելու հնարավորություն չունեն, երեխան տուժում է։ Ոմանք կարողանում են իրենց ուժերով օգնել, իսկ ոմանք էլ ստիպված են լինում առանձին դասապատրաստման լրացուցիչ դասընթացների ուղարկել։ Իմ կարծիքով չպետք է երեխային փոքր տարիքից այնքան ծանրաբեռնել, որ նա առանց օգնության չկարողանա կատարել իր աշխատանքը, ինչպես նաև ազատ ժամանցի և խաղի համար ժամանակ չունենա։ 

Հավանաբար շատերը կիմանան այնպիսի դեպքեր, երբ դասապատրաստման արդյունքում ընտանեկան լուրջ վեճեր են սկսվում․ ծնողները մեղադրում են մեկը մյուսին, գեները, երեխային անվանակոչումներ են տալիս։ 
Աշխատող ծնողների համար հաճախ ավելի դժվար է լինում, քանի որ հոգնած աշխատանքից վերադառնալով տուն ստիպված են լինում մինչև կեսգիշեր օգնել երեխային պատրաստվել հաջորդ օրվա դասերի համար։

Աշխատանքային օրվա ավարտից հետո ծնողներն ու երեխաները պետք է հնարավորություն ունենան միասին շփվել հանգիստ և հաճելի միջավայրում, զրուցել և կիսվել օրվա իրադարձություններով, գնալ զբոսանքի, ընթերցել գրքեր, այլ ոչ թե պայքարել դասերի համար։


Իմ կարծիքով, երեխան պետք է այնքան տնային աշխատանք ունենա, որ ի վիճակի լինի ինքնուրույն կատարի այն, առանց ծնողի մշտական հսկողության և միջամտության։ Դրա համար, տնային առաջադրանքի առկայության դեպքում, հավանաբար լավագույն տարբերակը կլինի ոչ թե բոլորին հանձնարարել ստանդարտ տնային աշխատանք, այլ ցուցաբերել անհատական մոտեցում, ամեն երեխա ստանա առաջադրանք ըստ իր անհատական ունակությունների և հնարավորությունների։ Այդ դեպքում, գուցե գնահատականի համար անհիմն մրցակցությունը դուրս կգա և ամեն երեխա կգնահատվի իր անհատական աշխատանքի և առաջադիմության համար։

Իմ դպրոցական տարիներից հիշում եմ, որ մեր դասարանում երեխաների ունակությունները և տանը ծնողների ներգրավվածությունը տարբեր էին։ Այն երեխաները, ովքեր արագ ու հեշտ էին հասկանում, յուրացնում դասը և տանը դասապատրաստման ժամանակ օգնություն էին ստանում, բարձր էին գնահատվում, իսկ այն երեխաները, ովքեր ունեին սովորելու հետ կապված դժվարություններ, ծնողները հետևողական չէին և չէի կարողանում օգնում, հետ էին մնում և դրան գումարած դասերը բարդանում էին, երեխան ավելի ու ավելի էր հետ մնում։ Նրանք անմիջապես ստանում էին ծույլիկի պիտակը, արդյունքում կա՛մ լռում էին, ամաչում և կաշկանդվում, կա՛մ բոլորի ուշադրությունն այլ կերպ ստանալու համար սկսում էին կատակներ անել և դասը խանգարել։ Իսկ եթե նրանց ոչ թե առաջադիմողների հետ նույն մակարդակի հանձնարարական տրվեր, այլ` իրենց գիտելիքների և հնարավորությունների, գուցե չհիասթափվեին դասերից, կրթությունից, չսպասեին, թե երբ են ավարտելու, այլ` սկսեին սովորել իրենց ունակությունների ու հնարավորությունների չափով։

Հայաստանում հետաքրքիր մոտեցում եմ նկատել։ Տարրական դպրոցում մի շարք ծնողները շատ խիստ ձևով են հետևում և հետաքրքրվում երեխայի դասերով, իսկ ավագ դպրոցում այդքան էլ ուշադրություն չեն դարձնում, անտեսում են դպրոցական դասերն ու առաջադրանքները։ Բոլորի ուշադրությունը սևեռվում է համալսարան ընդունվելու համար լրացուցիչ պարապմունքներին։ Իմ կարծիքով, դպրոցական դասերի նկատմամբ ծնողների անուշադրությունը հանգեցնում է դպրոցի հանդեպ երեխաների անտարբերությանը։ 

Կարծում եմ, ի սկզբանե երեխային պետք է հնարավորություն տալ դասին պատրաստվել ինքնուրույն։ Եթե հենց սկզբից երեխան ինքնուրույն անի դասերը, ապա առանց ծնողի մշտական ներկայության տնային աշխատանքները կատարելու սովորություն կձևավորվի։ Ծանրաբեռնվածության դեպքում լավ կլինի, որ ծնողը երեխայի ներկայությամբ չփնովի և չբողոքի դպրոցից, դասերի ծավալից, ոչ էլ երեխայի անհանգստություններն ու դժգոհությունն անտեսի։ Դա բոլորովին չի խթանում երեխային, չի օգնում երեխային դասերին լավ տրամադրվել։ Եթե ծնողին որևէ բան չի գոհացնում, նա պետք է զրուցի ուսուցչի հետ, տնօրենի հետ, երեխայի ներկայությամբ ուսուցչի և դպրոցի հեղինակությունը չգցի։ Եթե ծնող/ուսուցիչ/դպրոց հարաբերությունները չեն բավարարում, ապա ավելի լավ է փոխել դասարանը կամ դպրոցը, քան անդադար լինել լարված, պայքարող և անհարգալից հարաբերությունների  մեջ։ Դրանից տուժում է միայն երեխան։


Դասապատրաստման համար նպաստավոր պայմանները

Կարծում եմ ծնողը կարող է օգնել երեխային դասերին պատրաստվել ոչ միայն կողքին նստելով, այլև սահմանելով կանոններ, խթանելով ավարտել ինքնուրույն, ինչպես նաև շտկելով և բացառելով խանգարող հանգամանքները, որոնց մի քանի օրինակ կբերեմ ստորև՝

աղմկոտ սենյակ։ Կան ընտանիքներ, որտեղ երեխան առանձնանում է և իր սենյակում  պատրաստվում դասերին։ Կա նաև մոտեցում, ըստ որի պարտադիր չէ երեխային մեկուսացնել դասապատրաստման ժամանակ։ Նա պետք է կարողանա կենտրոնանալ իր աշխատանքի վրա առանց այլ բաների վրա շեղվելու։ Իմ կարծիքով շատ բան կախված է ընտանեկան պայմաններից և երեխայի ցանկությունից։ Թե որտեղ կկատարի երեխան իր դասերն այնքան էլ էական չէ, կարևորը նա ի վիճակի լինի պատրաստվել առանց լուրջ շեղող հանգամանքների։

էլեկտրոնիկայի առկայություն։ Մեր դարի լուրջ մարտահրավերներից է երեխաների վրա էլ․ սարքերի ազդեցությունը (ինչպես նաև մեծահասակների)։ Կարևոր է դասապատրաստման ժամանակ երեխային տրամադրել այնպիսի տարածք, որտեղ միացած չեն էլ․ սարքեր։ Դրանք երևի թե այն խանգարող բաներից մեկն են, որոնց դիմակայելը նույնիսկ դժվար է մեծերին։ Լավ կլինի դասապատրաստման ընթացքում բացառել հեռախոս, միացած հեռուստացույց, էլ․ խաղեր և այլն։ 

սթրեսային վիճակը։ Երբեմն երեխան ինչ որ պահի պատրաստ և տրամադրված չի լինում տնային աշխատանքը սկսելուն, իսկ ծնողներն առանց երեխայի դրության մեջ մտնելու պահանջում են նրանից անել դա հենց այն պահին, երբ իրենք են ասում։ Երեխան լարվում է, նյարդայնանում, լացում և նա ի վիճակի չի լինում կենտրոնանալ և հասկանալ դասը։ Որպես կանոն, երբ մարդ լարված և նյարդային վիճակում է, նա չի կարողանում կամ դժվարությամբ է սովորում և յուրացնում սովորածը։ Այդ լարված վիճակին ի հավելում ծնողները բղավում են, սպառնում են պատժել և զրկել երեխային իր սիրելի խաղերից կամ իրերից։
Սթերսային վիճակի պատճառներից կարող է լինել դասարանցիներից, այլ երեխաներից կամ մեծահասակներից վախը, երեխայի ուժերից վեր պահանջները, սովորելու հետ կապված դժվարությունները (վերջինիս մասին կանդրադառնամ առանձին գրառման շրջանակում)։ Պետք է երեխայի օգնությամբ գտնել պատճառները, լսել նրան, հասկանալ և լուծել խնդիրները։ 
Եթե ծնողն ինքնուրույն չի կարողանում շտկել խնդիրները, ապա պետք է դիմի իրավիճակին առնչվող անձնանց, հոգեբանի օգնության։

հոգնածությունը։ Հաճախ երեխայի տուն մտնելուն պես ծնողները հարցնում են՝ ինչ տնային ունի և պնդում են անմիջապես անել տնային առաջադրանքները։ Երեխան դեռ չի հասցնում թոթափել օրվա բեռն ու հոգնածությունը, արդեն պետք է սկսի անել առաջադրանքները։ Երբեմն երեխաները հակադրվում են և այդպես սկսում է տնային առաջադրանքի շուրջ անհամաձայնությունները և պատերազմները։

խթանման պակաս։ Լինում է, երբ երեխան չի ուզում դաս անել, քանի որ ուզում է խաղալ։ Փոքր տարիքում երեխայի համար լավագույն սովորելու ձևը խաղն է։ Երբեմն երեխաները կարող են մի փոքր իրով երկար զբաղվել, իսկ մեծահասակներին կարող է թվալ, թե երեխան անհեթեթ գործով է զբաղված։ Երեխայի կենտրոնացած խաղի շնորհիվ գլխում կատարվող գործընթացները կարող են մեծապես նպաստել նրա զարգացմանը։ 
Խթանումն ավելացնելու համար անհրաժեշտ է՝ 

  • առաջացնել հետաքրքրություն տվյալ առարկայի շուրջ խաղի, հետաքրքիր մատուցման միջոցով
  • երեխային տալ ընտրության հնարավորություն, օրինակ՝ ինքը որոշի, թե որ դասից սկսի 
  • քաջալերել փոքրիկ հաջողությունները
  • կատարել փոքրիկ դադարներ

Ինչպե՞ս խթանել երեխային կատարել տնային առաջադրանքները

Երեխան պետք է իմանա իր օրվա պլանը դպրոցից տուն վերադառնալուց հետո, օրինակ՝ հանգիստ, ճաշ, դասապատրաստում, ազատ ժամանց, լրացուցիչ պարապմունքներ։

Ամեն ընտանիք իր օրվա ռիթմից կախված կարողանում է սահմանել իր գրաֆիկը և այս գործերը (թվարկածից ավելի շատ կամ քիչ) սահմանել ըստ ընտանիքի նախընտրելի հաջորդականության։ 
Ի սկզբանե պետք է ծնողը կանոններ սահմանի դասապատրաստման վերաբերյալ և երեխային տեղյակ պահի այդ կաննոների մասին և համաձայնեցնի իր հետ։ Ահա որոշ կանոններ, որոնք կարող եք օգտագործել, դրանց ավելացնել կամ պակասեցնել ձեզ համար նախընտրելի կանոնները՝
  1. Մինչև դասերին անցնելը լավ կլինի դպրոցից հետո երեխային ժամանակ տալ հանգստանալու համար։ Կան երեխաներ, որոնք նախընտրում են տնային աշխատանքն անել մինչև հանգստանալը։ Այնպես որ լավ կլինի երեխան ինքը որոշի, թե որն անի առաջինը։ Սա երեխային նաև տալիս է ինքնուրույն որոշում կայացնելու, ընտրություն կատարելու հնարավորություն։ Դասերից հետո կարելի է տրամադրել էլ․ սարքերը։ 
  2. Շաբաթ և կիրակի օրերին երեխան պետք է իմանա, որ զվարճությունները կարող են սկսել հաջորդ շաբաթվա դասերին պատրաստվելուց հետո։ Լավ կլինի դասապատրաստումը չթողնել մինչև կիրակի ուշ երեկո։ Ավելի լավ կլինի եթե շաբաթ և կիրակի օրերի համար ընդհանրապես տնային հանձնարարական չլինի։
  3. Նվազեցնել ուշադությունը շեղող հանգամանքները՝ էլ․ սարքեր, միջոցառումներ, հյուրեր։ 
  4. Տրամադրել հաճելի և անհրաժեշտ պարագաներով հագեցված աշխատասեղան (պարտադիր չէ լինի առանձին աշխատասենյակ)։
  5. Լավ կլինի դասերի պատրաստումը չթողնել ուշ երեկոյան ժամերի։ Բոլորն արդեն հոգնած են լինում և դյուրագրգիռ։
  6. Եթե երեխան ծնողին դիմի դասերն օգնելու համար, ապա ծնողը ցանկալի է օգնի առանց քննադատության կամ առանց նրա փոխարեն դասերն ավարտելու, առանց ընդհատելու, համբերությամբ լսելով երեխայի պատմածը, կարդացածը, անգիր ասածը։ Կարիք չկա երեխային ասել, թե <<ես քո տարիքում գիտես ինչեր էի անում, առանց օգնության ամեն ինչ արագ ավարտում էի>>։
  7. Կարևոր է երեխային քաջալերել նրա կատարած աշխատանքի, գործադրած ջանքերի և դժվարություններից չհանձնվելու համար։



Իմ կարծիքով ամենակարևորն այն է, որ 
  • դասերի ու տնային աշխատանքների ծանրաբեռնվածությունը երեխայի մոտ ուսման, սովորելու ձգտումը, բնատուր հետաքրքրությունն ու սերը չխաթարի,
  • դասապատրաստման գործընթացը չխանգարի ծնող-երեխա առողջ հարաբերությունները, 
  • մեծահասակների ճնշումն ու վերաբերմունքը չնվաստացնի երեխային, չցածրացնի նրա ինքնագնահատականը, ինքնարժեքը,
  • երեխան իմանա՝ անկախ ամեն ինչից (առաջադիմություն, գնահատական, և այլն) ծնողների սերն իր հանդեպ առանց պայմանականությունների է և անվերապահ։


Իսկ դուք ինչպիսի՞ կանոններ ունեք երեխայի դասապատրաստումը կազմակերպելո համար։

Comments

Popular posts from this blog

Դիսլեքսիա, դիսգրաֆիա, դիսկալկուլիա: Ի՞նչ գիտենք դրանց մասին

Ի՞նչ գիտենք Դիսլեքսիայի, դիսգրաֆիայի, դիսկալկուլիայի մասին։ Լսել ե՞ք արդյոք այդ տերմինների մասին։  Այս անգամ որոշեցի անդրադառնալ մի երևույթի, որն առկա է մոլորակի բնակչության մոտ 20%-ի մոտ, այսինքն` 5 հոգուց 1-ի մոտ այն առկա է։ Խոսքը գնում է Դիսլեքսիայի մասին։ Արդեն չեմ հիշում՝ երբ լսեցի ու հետաքրքրվեցի Դիսլեքսիայի մասին, բայց լավ հիշում եմ, թե ինչ զգացի այդ պահին ու հասկացա, թե ինչպես էին զգում իրենց մեր դասարանի որոշ երեխաներ, ովքեր ամեն օր բախվում էին դրա հետ կապված խնդիրներին ու դրա մասին գաղափար չունեցող մեծահասակների ու հասակակիցների քննադատություններին։ Ի՞նչ է Դիսլեքսիան։ Նախ մի քանի բառով նշեմ դիսկալկուլիայի ու դիսգրաֆիայի մասին, հետո անցնեմ դիսլեքսիային։ Դիսկալկուլիա - մաթեմատիկական գործողություններ կատարելու դժվարություն Դիսգրաֆիա - գրավոր խոսքի խանգարումներ և դժվարություններ Դիսլեքսիա -  կարդալու հետ կապված բարդություններ, ընթերցելու կարողության խանգարում։ Սովորաբար այն կարող է բացահայտվել նախադպրոցական հասակում, ինչպես նաև դպրոց սկսելու ժամա...

Զապել Եսայանի նամակն իր աղջկան

Զապել Եսայանի մասին ( https://with.hripsi.me/2019/04/Armenian-literature-women-writers.html ) ուսումնասիրելիս հանդիպեցի մի շարք նամակների, որոնք նա ուղարկել էր իր հարազատներին, ընկերներին։ Ինձ անչափ դուր եկավ իր աղջկան ուղղված նամակներից մեկը։ Այնքա՜ն գեղեցիկ ձևով ու կարևոր թեմաների մասին է գրում, խորհուրդ տալիս, այնքա՜ն սիրով ու ափսոսանքով լցված է շնորհավորում տասնչորսամյա դստեր տարեդարձը։  Որոշեցի այս գրրառման մեջ զետեղել այդ նամակը, քանի որ շատերի համար գուցե հետաքրքիր կլինի տեսնել  100 տարի առաջ ապրող  զարգացած հայ կնոջ վերաբերմունքն ու մտահոգությունն իր դստեր ապագայի վերաբերյալ։ Կարծում եմ ցանկացած ծնող կարող է այս գեղեցիկ տողերից քաղել մի շարք մտքեր, որոնք կօգնեն մեծացնել ինքնավստահ, տոկուն, ձգտումով, չընկրկող մարդ։ Սոֆի Եսայանին 1914, մարտի 20, Սկյուտար Շատ սիրելի աղջիկս, Դու արդեն փոքրիկ օրիորդ ես հիմա: Դարձել ես տասնչորս տարեկան, իսկ դա քեզ համար ունի հատուկ նշանակություն, քանի որ այս տարի ավարտելու ես տարրական կրթությունդ: Սիրե...

Թթխմոր 0-ից - Sourdough Starter from scratch in Arm

Էս գրառման մեջ մանրամասն պատմելու եմ նոր թթխմոր սարքելու մասին։ Եթե նախապատմությունը չեք ուզում կարդալ, անմիջապես գնացեք ներքև, գրառման կեսից նկարագրել եմ օրական քայլերով գործողությունները։ Խանութում էստեղ թթխմորով հացերը որպես կանոն թթու են ու շատերի մոտ տպավորթյուն ա ստեղծվում, թե թթխմորով հացը թթու է։ Թթխմորով հացը կարող է լինել թթու ու ոչ թթու։ Թթու է ստացվում, եթե խմորի խմորման ընթացքը սառնարանում 24 ժամից ավել է տևում։ Դրանից քիչ խմորվելու դեպքում այն չի ունենում թթու համ։ Քովիդից առաջ խմորիչով հաց թխելու փորձեր շատ եմ արել, բայց 2020թ․ սկզբներին ավելի ակտիվ սկսեցի թխել ու դրան զուգահեռ ինտագրամով տեսնում էի, թե ինչ մեծ տարածում ա գտնում թթխմորով հացը։ Սկզբում մտածեցի, թե ինչու պետք ա էդ երկար գործընթացի մեջ թաթախվեմ, եթե խմորիչով արագ ու լավ ստացվում ա, բայց ինստագրամի ալգորիթմն իր գործն արեց։ Սկսեցի ավելի հաճախ տեսնել թթխմորով հացի նկարներ, վիդեոներ ու վերջը որոշեցի ես էլ միանալ էդ հավես ալիքին։ Կարդացի, ուսումնասիրեցի, օգտակար հատկությունների մասին հետաքրքրվեցի, փորձեցի ու 202...

Հայ գրականություն․ ճանաչենք հայ կին գրողներին. Զապել Եսայան

Մինչ այս գրառումը կարդալն առաջարկում եմ մի պահ հիշել ձեզ հայտնի հայ տղամարդ գրողների անունները։ Վստահ եմ առնվազն 10 գրողի անուն հիշեցիք։ Իսկ հիմա փորձեք հիշել հայ կին գրողների անունները։ Քանի՞ կին գրողի անուն հիշեցիք։ Հայ գրականության դպրոցական ծրագրում չեմ հիշում հայ կին գրողների վերաբերյալ դասերի մասին, միայն Սիլվա Կապուտիկյանին։ Մեր դասագրքերում ներկայացված էին հայ տղամարդ գրողները և նրանց ստեղծագործությունները։ Դասարանի պատին փակցված էին տղամարդ գրողների նկարները։ Ես շատ հպարտ եմ, որ մենք նման գեղեցիկ գրականություն ունենք, բայց ցավոք դասագրքերում ամբողջ պատկերը ներկայացված չէր։  Այնպես չէ, որ չունեինք կին գրողներ, ու դրա համար ներառված չէին։ Ներկայացված չէին 19-20-րդ դարերի ականավոր կին գրողները, ովքեր միշտ կարևոր գործ են կատարել հայկական մշակույթի պահպանման և մարդու իրավունքների պաշտպանության, ազգապահպանման գործում։ Օրինակ բերեմ ոմանց անունները՝ Սրբուհի  Տյուսաբ (Վահանյան 1840–1901 թթ.) Սիպիլ (Զապել Ասատուր, Զապել Խանջյան 1863–1934 թթ.) Շուշանիկ...

Ծնողական սեր․ որո՞նք են երեխայի (մեծերի) համար նախընտրելի սիրո 5 լեզուները

Կարծում եմ ցանկացած գիտակից ծնող յուրովի սիրում է իր երեխային, սակայն  միշտ չէ որ այդ սերը երեխան տեսնում է և զգում։ Երբեմն ծնողներին թվում է, որ եթե հոգ են տանում երեխայի մասին, կերակրում, կրթում են, ապա նրանց սերն ակնհայտ է դառնում երեխայի համար։ Երբեմն ծնողական սերը խորն է լինում և երեխայի համար հասկանալի ոչ մի գործողությամբ չի արտահայտվում։  Մի քանի սերունդ առաջ, երեխայի հանդեպ սերն արտահայտելն այնքան էլ ընդունված ու ցանկալի չէր։  Շատ ընտանիքներում ակնկալվում էր, որ երեխան պետք է երևար, բայց նրա ձայնը դուրս չգար։ Նույնիսկ 1920-ական թվականների վերջին ամերիկացի հոգեբան Ջոն Ուոթսոնն իր հրապարակումներից մեկում նշել էր՝  «Երբեք մի՛ գրկեք և մի՛ համբուրեք երեխային, երբեք մի՛ նստացրեք ձեր գրկին։ Եթե պետք է համբուրեք, ապա կարող եք համբուրել օրը մեկ անգամ  միայն  ճակատը՝ բարի գիշեր ասելիս։ Առավոտյան ողջունեք ձեռքը սեղմելով։ Եթե բացառիկ, դժվար աշխատանք է կատարել՝ կարող եք գլուխը շոյել» 1 ։ Ցավոք, այս լուրջ մասնագիտական խորհուրդը մեծ քանակությամբ ընտանիքներ...

Երեխայի վրա բղավելու երկարատեվ բացասական հետեվանքները

Ինձ համար երեխայի վրա գոռալը տհաճ սովորություն է։ Բայց կարծես երբեմն անելանելի վիճակում հայտնվելիս ծնողին ոչինչ չի մնում քան բղավել։ Արդյոք դա արդյունավե՞տ է։ Ինչպե՞ս է գոռացողն իրեն զգում գոռալուց անմիջապես հետո։ Ինչպիսի՞ն է երեխայի վարքագիծը ծնողի գոռալու ընթացքում և հետո։ Շատերը քննադատում են երեխայի հանդեպ ֆիզիկական բռնությունը, հասկանում են դրա վատ ազդեցությունները, ասում են, որ երբեք չեն հարվածում իրենց երեխային և գոռալը համարում են միակ սաստելու ձևը։ Սակայն, պետք է նշեմ, որ երեխայի վրա գոռալը նույնպես բռնության տեսակ է, որը կարող է անդառնալի հետևանքներ թողնել երեխայի հոգեկան և ֆիզիկական զարգացման վրա։ Այստեղ ի նկատի ունեմ ոչ թե մեկ կամ երկու անգամ բղավելը, այլ՝ պարբերաբար բղավելով երեխայի հետ շփումը։ Ըստ 2013 թվականին   Փիթսբուրգի և Միչիգանի համալսարանների կողմից կատարած գիտական հետազոտությունների արդյունքների, դեռահասների վրա գոռալը նույնչափ վտանգավոր է որքան հարվածելը։ Փիթսբուրգի Համալսարանի Կրթության և հոգեբանության դասախոս-օգնական, հետազոտութ...

Enmeshment - Խճճված հարաբերություններ

Էս թեման մի կես տարի ա ինչ խմորվում ա մտքիս ու վերջերս մի հոլովակ տեսա ու դա էլ առիթ դարձավ, որ վերջապես մտքերս հավաքեմ ու գրեմ դրա մասին։  Մի հասուն տղամարդ (տարիքով հասուն, էմոցիոնալ առումով դժվարանում եմ ասել), զրուցակցին ասում ա, որ իր մաման իրեն օրական 20 անգամ զանգում ա, հարցնում ա, թե որտեղ ա, ինչ ա կերել, ուր ա գնացել, ինչ ա արել, կինն ու էրեխեքը որտեղ են, ինչ են անում ու էդ ամենն ամեն օր։ Ինքը դա նորմալ ա համարում, ասում ա , որ ով ինչ ուզում ա մտածի, ինչքան պետք ա, էնքան էլ կարող ա մամաս զանգել։  I'm Glad My Mom Died by Jennette McCurdy ինքնակենսագրական գրքում դերասան Ջենեթ ՄաքՔրդին պատմում ա իր ու մոր խճճված հարաբերությունների, նրա կյանքի տարբեր ոլորտներում՝ սննդակարգի (թերսնում, գեղեցկության ստանդարտներ․․․), կարիերայի (մայրն իր չիրականացած երազանքը կապում ա աղջկա վզին), առողջության, հարաբերությունների վրա մոր խիստ վերահսկողության ու էդ ամենով նրան տրավմաներ, միջոցներից կախյալություն, մի շարք մտավոր խնդիրներ առաջացնելու մասին։ Նմանատիպ օրինակները շատ-շատ են։ Ու էսօր ...