Երևի նկատել եք, թե որքան ենք ակամա պիտակավորում երեխաներին։ Ինչ խելացի ես, գեղեցիկ, ամաչկոտ, համառ, անականջ, անկարգ, անպիտան, ալարկոտ, ինչ արագ ես լուծում մաթեմատիկայի առաջադրանքները կամ ֆիզիկան քո խելքի բանը չէ։
Այս բոլոր պիտակներն անսպասելի հետևանքներ կարող են ունենալ երեխայի զարգացման և ձևավորման, ինչպես նաև ամբողջ կյանքի վրա։
Հաճախ չենք էլ նկատում, որ ծրագրավորում և սահմանափակում ենք երեխաների հնարավորությունները, ընտրությունը, հետաքրքրությունները։
Անպայման ուզում եմ ձեզ հետ կիսվել ինձ հանդիպած որոշ անվանակոչումներով և առաջարկել դրանց փոխարինող այլընտրանքներ։
Գուցե նկատել եք, որ մի շարք պիտակներ առաջ են գալիս սեռային տարբերություններից, դերերի բաշխումից։
Ցավոք սրտի, դեռ շատ ընտանիքներում, փոքր տարիքից աղջիկներին կամա, թե ակամա լռեցնում են, սահմանափակում են հետաքրքրությունները, մտածելու, ընտրության հնարավորությունը՝ մեծացնելով որպես «վաղը մյուս օր ուրիշի տուն հարս գնացող, հնազանդ, համեստ աղջիկ»։
Իսկ տղաների հետ շատ հաճախ նույնիսկ չեն էլ զբաղվում, մեկնաբանելով, թե տղա է, թող ազատ մեծանա, աչքաբաց լինի։ Խեղճ երեխան այդպես էլ անմշակ մեծանում է։
Հաճախ տղաներին խթանում են, խրախուսում են ռիսկային քայլերի գնալ, լինել համարձակ, իսկ աղջիկների սովորեցնում են լինել զգուշավոր, հարմարվող և խոհեմ ցանկացած հարցի վերաբերյալ։ Երկու սեռի երեխաներին էլ ծնողներն և շրջապատը թելադրում են, թե ինչ խաղալիքներով կարող են խաղալ, ինչով կարող են հետաքրքրվել և զբաղվել աղջիկները, ինչով՝ տղաները։ Սահմանափակում են երեխայի բնական հետաքրքրությունը։ Այս մոտեցումը խանգարում է առողջ և բնականոն զարգացմանը։
Փոքր տարիքում սահմանափակում են, դնում են բազում արգելափակումներ, իսկ հետո երբ մեծանում են և մտնում են աշխատաշուկա, այդ նույն մարդկանցից ակնկալում են լինել յուրօրինակ, տարբերվող, մտածել և աշխատել կաղապարից դուրս։
Փոքր տարիքում սահմանափակում են, դնում են բազում արգելափակումներ, իսկ հետո երբ մեծանում են և մտնում են աշխատաշուկա, այդ նույն մարդկանցից ակնկալում են լինել յուրօրինակ, տարբերվող, մտածել և աշխատել կաղապարից դուրս։
Ընտանիքում բոլոր երեխաների իրավունքներն և պարտականությունները պետք է տարանջատել ոչ թե ըստ սեռի, այլ ըստ տարիքի։ Տան մեծը, փոքրը, միջնեկը, տղան, աղջիկը լինելը չպետք է նրանց արտոնություններ և առավելություններ տան։
Եվ այսպես, ահա որոշ օրինակներ, որոնց հանդիպելիս չեմ դադարում զարմանալ և հույս եմ փայփայում, որ ինչ որ ժամանակ կգա ու այդ ամենը կփոխվի։
1. Աղջիկ ես, ամոթ է, էս ինչպե՞ս ես խոսում, ի՞նչ ես ասում։ Այսպես սահմանափակում, լռեցնում, բարդույթավորում և կաշկանդում ենք երեխային։ Գործնական աշխարհում, շատ երկրներում կանայք և աղջիկներն երկմտում են և քննարկումների, հանդիպումների ժամանակ հաճախ նույնիսկ չեն էլ բարձրաձայնում իրենց կարծիքը։ Կարծում են, որ իրենց կարծիքն այնքան էլ հետաքրքիր չէ, չեն ցանկանում անլուրջ թվալ, լռում են, թերագնահատում են իրենք իրենց, շատ հաճախ բաց թողնելով աննկարագրելի հետաքրքիր հնարավորություններ։ Կամ աշխատավարձը քննարկելիս 20 % քիչ են ասում, քան նույն պաշտոնի համար դիմող տղամարդիկ։ Դրա պատճառներից մեկն այն է, որ չեն թողել արտահայտվեն վաղ հասակից, որն էլ ինքնավստահության պակաս է առաջացրել։
Իսկ ընտանիքներում կանայք դառնալով ընտանեկան բռնության զոհ (ինչպես նաև ոչ միայն ընտանեկան բռնության), ամաչում են, լռում և կուլ տալիս, քանի որ այլընտանք չունեն, ուրիշ ձև չգիտեն, աջակցություն չունեն։ Որոշ դեպքերում կանանց ձայնն արժեք չունի ընտանեկան կարևոր որոշումների ժամանակ։ Հաճախ ասում են իրենք են մեղավոր, թույլ են տալիս։ Իմ կարծիքով մեղավոր չեն նրանք։ Փոքր տարիքից չեն սովորեցրել ինքն իրեն հարգել և պաշտպանել։ Էլ չեմ ասում, որ շատ ընտանիքներում աղջիկները զարգանալու և սովորելու հնարավորություն էլ չեն ունեցել, որ կրթվեն, ոչ թե այն պատճառով, որ գումար չկար, այլ աղջկա զարգացման համար այդքան գումար ծախսելը նպատակային չեն համարել։
Խորհուրդ։ Մի՛ լռեցրեք ձեր երեխային։ Լսեք նրա կարծիքը, մտքերը։ Օգնեք, հղկեք, կրթեք, թողեք ծաղկի և դառնան ինքնուրյուն, ինքնավստահ, սեփական արժեքն իմացող և չկոտրվող անհատ։ Երբեք չգիտենք, թե ինչ պայմաններում կարող են հայտնվել։ Պետք չէ վաղ հասակից զրկել արժանապատիվ կյանքից, ազատ արտահարտվելու հնարավությունից։
Խորհուրդ։ Մի՛ լռեցրեք ձեր երեխային։ Լսեք նրա կարծիքը, մտքերը։ Օգնեք, հղկեք, կրթեք, թողեք ծաղկի և դառնան ինքնուրյուն, ինքնավստահ, սեփական արժեքն իմացող և չկոտրվող անհատ։ Երբեք չգիտենք, թե ինչ պայմաններում կարող են հայտնվել։ Պետք չէ վաղ հասակից զրկել արժանապատիվ կյանքից, ազատ արտահարտվելու հնարավությունից։
2. Տղան լացկան չի լինի, մի՛ լացիր, դու հո աղջիկ չես։ Այսպես խոչընդոտում ենք երեխայի հուզական աշխարհի բնականոն զարգացումը։ Որպեսզի չհիասթափեցնեն ընտանիքի անդամներին կամ թույլ չերևան դրսում, տղաները զսպելով իրենց զգացմունքները, չեն կարողանում ճանաչել իրենց ապրումները։ Բնական զգացմուքների զսպումը շատ խորը և երկարաժամկետ խնդիրներ կարող է առաջացնել մարդու հոգեկան, մտավոր առողջության վրա։ Արդյունքում մեծանում է ոչ հասուն հուզական աշխարհով մարդ, ով չի կարող ճանաչել ոչ՛ իր, ո՛չ էլ դիմացինի ապրումները։ Իսկ դա կարող է դառնալ ագրեսիվ վարքի, կարեկցանքի պակասի լուրջ պատճառ։
Իսկ եթե այդ տղան ունի քույր, ապա այս արտահայտությունը կանաչ լույս է նրա համար, որ եթե իրեն ինչ որ բան դուր չի գալիս, ապա նա կարող է լացել և լացի միջոցով ուզածին հասնել։ Լացը դառնում է գործիք։
Խորհուրդ։ Երեխայի համար դժվար իրավիճակներում, ցույց տվեք, որ հասկանում եք նրան, նրա ապրումները ձեզ համար կարևոր են։ Երբեմն ավելի շատ կարող ենք օգնել պարզապես ցույց տալով, որ իր կողքին ենք և հասկանում ենք, քան լուծումներ կամ խորհուրդներ առաջարկելով, առավել ևս՝ խրատական ճառեր։
3. Մի հատ արագ, աղջկա նման սիրուն սեղանը, կողքերդ, սենյակդ հավաքիր։
Նշանակում է սեղան հավաքելն աղջկա գործ է, և եթե տանը տղա կա, ապա նրա մոտ ձևավորվում է կարծրատիպ, որ տղան չպետք է սեղանը, սենյակը հավաքի, դրանք իր գործերը չեն (մասնավորապես, եթե պապան այդ գործերում չի ներգրավվում)։
Խորհուրդ։ Ցույց տվեք, որ ցանկացած աշխատանք պետք է անել, ոչ թե սեռի տեսանկյունից, այլ մաքուր և կոկիկ տանն ապրելու համար։ Անկախ սեռից, երեխային օգնության կանչեք ճաշի սեղանը դնելիս, վերջում հուշեք իր ափսեն տանի, սնունդը սառնարանը դնի ( ըստ տարիքի համապատասպան գործեր անի)։ Նախքան մյուս խաղին անցնելը, հիշեցրեք խաղն ավարտելուց հետո խաղալիքները տեղը դնի։ Այս ամենը գուցե անհավանական է թվում, բայց հնարավոր է և պահանջում է ծնողի կողմից հետևողական, երկարաժամկետ աշխատանք։
4. Մաթեմատիկան քո խելքի բանը չի։ Լավ, ոչինչ աղջիկ ա, ոչինչ որ մաթեմատիկա չհասկանա։ Նման արտահայտւթյունն անմիջապես ընկալվում է, որ եթե մի բան անմիջապես չի ստացվում, ապա չարժի լրացուցիչ ջանք գործադրել կամ չարժի այլ կերպ մոտենալ խնդրին։ Արագ հիասթափվում են և խաչ քաշում հետագայում այն սովորելու հնարավորության վրա։
Խորհուրդ։ Խրախուսեք այլ լուծումներ գտնել կամ մի փոքր դադար տալ, հանգստանալ, շեղվել հաճելի զբաղմունքով, հետո նորից վերադառնալ խնդրին։ Սովորեցրեք չհիասթփվել և չընկրկել։ Փորձեք ինքներդ ձեզ ընդմիջում տալ, հանգստանալ ու հետո նորից բացատրել դասն այլ բառերով և օրինակներով։ Հնարավորություն տվեք բացահայտել երեխայի ներուժը։
5. Մեծն որ ասում է, ուրեմն մի բան գիտի, ուրեմն էդպես արա։ Այստեղ չեմ խոսում մեծահասակների հեղինակությունն ոտնահարելու կամ անարգելու մասին։ Միշտ պետք է սովորեցնել, որ ցանկացած մարդ արժանի է հարգանքի, մեծ լինի, թե փոքր։ Ի նկատի ունեմ, որ պետք չէ երեխային սովորեցնել կուրորեն ենթարկվել ցանկացած մեծահասակի ասածին։ Երբ նման արտահայտությունը բազմաթիվ անգամ հնչում է, երեխայի մոտ տպավորություն է ստեղծվում, որ ցանկացած մեծահասակ ինչ էլ ասի, ինչ էլ անի ճիշտ է։ Շատ վտանգավոր իրավիճակներ կարող են առաջանալ։ Երեխան ի վիճակի չի լինի մտածել ինքնուրույն, ճիշտ կողմնորոշվել և գնահատել իրավիճակը։
Ենթարկվող երեխա ունենալը հեշտ է, սակայն շատ ռիսկային։ Այսօր ձեզ է լսում, առանց հարցեր տալու ենթարկվում, վաղը չգիտեք թե որտեղ կհայտնվի և ով կսկսի նրան ենթարկեցնել և ինչ նպատակներով շահագործել (կարող է լինել ընկերների հետ, աշխատավայրում, ընտանիքում)։
Խորհուրդ։ Երբ սխալվում եք, ընդունեք ձեր սխալը։ Նշեք, որ մեծահասակներն էլ են սխալվում, միշտ չէ որ մեծերը լավ որոշումներ կարող են կայացնել։ Սովորեցրեք մտածել։ Լսեք նրանց։ Դուք էլ կզարմանաք, թե ինչ հետաքրքիր ու լավ լուծումներ կարող են առաջարկել, որոնց մասին դուք էլ չէիք մտածել։
6. Ինչ խելացի ես, ինչ արագ է ստացվում քեզ մոտ, իսկական տաղանդ ես։ Առաջին հայացքից թվում է, թե ինչ վատ բան կա այս արտահայտության մեջ։ Չ՞է որ այն ոգևորում է երեխային և նպաստում է շարունակել այդ գործը։ Իրականում այդ արտահայտությունը սահմանափակում է նրան։ Հոգեբան Քերլ Դուեքն իր «Մտածելակերպ» գրքում ("Mindset", Dr. Carol S. Dweck, եթե չեք կարդացել, ապա հնարավորության դեպքում խորհուրդ եմ տալիս ընթերցել) նշում է, որ երբ ինչ որ բան հաջողելիս երեխային գովում են խելքի, տաղանդի համար, ապա նա չի փորձում ավելին անել, մասնավորապես երբ ավելի բարդ խնդիրների է հանդիպում։ Չի ուզում հիասթափվել, վախենում է կորցնել իր այդ կարգավիճակը։ Եվ եթե նոր բան սկսելիս հեշտ չի ստացվում, ապա չի էլ փորձում ավելին անել, արագ հրաժարվում է։
Խորհուրդ։ Փոխարեն, ավելի լավ է գնահատել երեխայի ջանքերը, աշխատասիրությունը, չհանձնվելը, ձգտումը, նպատակասլացությունը։ Նշեք, որ իր կատարած աշխատանքի և ջանասիրության շնորհիվ նա հասավ այդ արդյունքին։
7. Սա անխելքի մեկն է, օգուտ չկա, անպիտան է։ Այս կերպ բոլոր հույսերը սպանում ենք և երեխային ասում, որ դու ոչինչ չես կարող անել, նույնիսկ մի էլ փորձիր։ Ու եթե շարունակ դա ասվի, նա հնարավորություն չի ունենա ճանաչել, լսել, հասկանալ ինքն իրեն։
Խորհուրդ։ Փորձե'ք օգնել երեխային, ինքն իրեն գտնի, հասկանա իր հետաքրքրությունները, նախասիրությունները։ Խաչ մի քաշեք նրա վրա։ Շարունակե՛ք նրան ներգրավել ընտանիքի տարբեր աշխատանքներում։ Կարծիքը հարցրեք, օգնեք մտածի, հանեք լճացած մտածելակերպից։
8. Ինչ անշնորք ես կամ ինչ ամաչկոտն ես, ինչո՞ւ չես բարևում, որ հյուր ենք գնում։ Այսպես ասելով ավելի ենք շեշտադրում և խորացնում նրա ամաչկոտ կամ կաշկանդված լինելը, բոլորի ուշադրությունը սևեռում երեխայի վրա։ Շատ հաճախ դա ժամանակավոր բնույթ է կրում, և մեծանալով, հետևելով մեծերի օրինակին, նա սովորում է վարվերլակերպի կանոնները։
Խորհուրդ։ Եթե գիտեք, որ ձեր երեխան ինչ-ինչ պատճառներով չի բարևում, հրաժեշտ չի տալիս, ապա փորձեք նրան հիշենցել նախքան հյուրերի ժամանումը կամ հյուր գնալը։ Փորձեք ուրիշների մոտ չշեշտել այդ ամենը։ Կարող է հակառակ արդյունքն ունենալ, հատուկ չասի՝ փորձելով ուշադրության կենտրոնում հայտնվել կամ պարզապես համառել։
9. Չուտող երեխա է կամ նա դա չի սիրում, մի՛ տվեք։ Այս արտահայտությունը կարող է երկարաժամկետ բացասական հետևանք թողնել նրա սնվելու սովորության վրա։ Երբեմն հնարավոր է երեխան ինչ որ բան չուտի տանը, սակայն այլ վայրում, այլ միջավայրում հետաքրքրություն առաջանա և ուտի։ Մի՛ սահմանափակեք նրան, թողեք ինքը պատասխանի (եթե կտրականապես դեմ չեք այդ սննդին օգտագործմանը)։ Ու երբ երեխայի մոտ անընդհատ ասում են «չուտող է», այդ բանը չի ուտում, նա էլ է սկսում հավատալ, դրա վրա կենտրոնանալ։ Կարծես չենք թողնում մոռանա, որ դա չէր սիրում։
Խորհուրդ։ Վաղ հասակից առաջարկեք և տվեք բազմազան մթերք, միրգ, բանջարեղեն։ Եթե ինչ-որ բան չի ուզում, մի ստիպեք, բերանը մի լցրեք, թե կեր, համով ա։ Թույլ տվեք երեխան հասկանա, զգա ինչքան է ուզում ուտել։ Եթե չի ուզում փորձել, մի՛ հուսահատվեք, մի՛ մտածեք եթե չի սիրում, ուրեմն էլ պետք չի դա լինի սեղանին։ Մի՛ հրաժարվեք այդ ուտելիքից մեկընդմիշտ, դուք կերեք նրա ներկայությամբ, գուցե մի օր փորձի։
Երբ չի ուտում, անմիջապես հետո քաղցրավենիքով մի փոխարինեք ճաշը, իբր գոնե մի բան կմտնի ստամոքսը, սոված չմնա։ Այս գործողությունը նրան կհուշի, որ միևնույնն է սոված չի մնա, իր սիրած կոնֆետը կստանա, և այդ վարքը դժվար կլինի ուղղել։ Տարիքի հետ, երբեմն երեխաների ախորժակը փոխվում է, նախասիրությունները՝ նույնպես։ Ճաշը պատրաստելիս նրան հարցրեք, թե ինչ կուտի, կանչեք ձեզ օգնի, աղցանի բանջարեղենը կտրի (տարիքին համապատասխան գործերում ներգրավեք)։ Մի՛ հուսահատվեք, առաջարկեք զանազան և գունեղ առողջ սնունդ։
Երեխայի ներկայությամբ ուրիշներին մի պատմեք նրա մասին, թե շատ ամաչկոտն է, համառ, դժվար երեխա է, չուտող է։ Թվում է, թե երեխան իր գործերով է զբաղված և չի լսում, բայց հավատացեք, երբ պետք չէ լսեն, իրենց չի վերաբերում, ականջները սրած հետևում են։ Որոշ վարքագծեր կարող են լինել ժամանակավոր և իրենք իրենց ուղղվեն։ Բայց անդադար այդ մասին խոսելով, ուշադրություն դարձնելով, վարքին պիտակներ տալով գուցե դրանք դառնան երկարատև ու մնան ողջ կյանքի ընթացքում։
Երեխայի ներկայությամբ ուրիշներին մի պատմեք նրա մասին, թե շատ ամաչկոտն է, համառ, դժվար երեխա է, չուտող է։ Թվում է, թե երեխան իր գործերով է զբաղված և չի լսում, բայց հավատացեք, երբ պետք չէ լսեն, իրենց չի վերաբերում, ականջները սրած հետևում են։ Որոշ վարքագծեր կարող են լինել ժամանակավոր և իրենք իրենց ուղղվեն։ Բայց անդադար այդ մասին խոսելով, ուշադրություն դարձնելով, վարքին պիտակներ տալով գուցե դրանք դառնան երկարատև ու մնան ողջ կյանքի ընթացքում։
Ուրեմն, փորձեք հետևել ձեր հնչեցրած խոսքերին։ Փոխե՛ք ձեր վերաբերմուքը տարբեր իրավիճակերի հանդեպ, փոխե՛ք ձեր արտահայտությունները։ Չէ՞ որ դրանք դառնում են երեխաների ներքին ձայնը։
Իսկ Դուք ի՞նչ պիտակների եք հանդիպել, որոցից կարելի է հրաժարվել:

Comments
Post a Comment