Skip to main content

Ինչո՞ւ և ինչպե՞ս հրաժարվել քննադատելուց, ուրիշների բացասական կարծիքներից


Ինձ միշտ հետաքրքրել է` արդյոք կա՞ մի մարդ, ով երբևէ չի քննադատել ո՛չ ինքն իրեն, ո՛չ ուրիշներին։ 

Քննադատում ենք ամեն ինչ ու ամենքին` ինքներս մեզ, եղանակը (անկախ նրանից շոգ է, թե ցուրտ), հայտնի մարդկանց, թատրոնում դիմացի նստածին, ինքնաթիռում լացող երեխայի ծնողներին, բազմազավակ ընտանիքներին, երեխա ունենալ չցանկացողներին, երեխային պատվաստողին ու չպատվաստողին, պլաստիկ վիրահատոություն անողին ու չանողին, աթեիստին, ագնոստիկին ու կրոնական արժեքներով առաջնորդվողին, հաղորդավարին, տաքսու վարորդին, ուսուցչին, բժշկին, փողոցն անցնողին, լվացքը փռողին, տունը վերանորոգողին, դաշնամուր լարողին, մեր երեխաներին, ծնողներին, հարևաններին, և այլն։

Քննադատում ենք ուրիշ ծնողների


Առանձնակի ուշադրության կենտրոնում են ծնողները/խնամակալները։ Տարբեր իրավիճակների դեպքում, երեխա ունեցողները հպարտորեն նշում են, որ իրենք երբեք նման բան չեն արել, իսկ դեռ չունեցողները վստահորեն պնդում են, որ երբեք չեն անի։ Ահա քննադատությունների մի քանի օրինակ՝

- մեկ տարեկան է, դեռ ծծակ են տալիս
- մեծ երեխա է, գիշերանոթ չի նստում, դեռ տակդիրով է
- մորը շատ կապված է, գրկից չի իջնում
- գիշերը ծնողների հետ է քնում երեխան
- փոքր երեխա է արդեն մենակ են քնացնում առանձին սենյակում
- խեղճ էրեխուն արհեստական կաթ են տալիս
- 2 տարեկան է դեռ կրծքով է կերակրվում
- էս ինչո՞ւ է սենց փոքր, էրեխուն մի քիչ հաց տվեք, թող քաշ հավաքի

Բոլորս կարող ենք անսահման օրինակներ բերել սեփական կամ այլոց փորձից։


Քննադատությունները մեկ ուրիշ թափ են ստացել համացանցի, սոցիալական էջերի հայտնվելուց հետո։ Շատ հաճախ մարդիկ չեն էլ նկատում, թե որքան ագրեսիա և ատելության կա նրանց հայտնած կարծիքներում։


Հայտնի մարդկանցից մեկն ավտոմեքենայում նստած իր երեխայի նկարն էր սոց․ ցանցերից մեկում տեղադրել, և շատերը կոպտորեն քննադատում էին, թե երեխայի ամրագոտին սխալ է ամրացրած, էս ինչ անուշադիր, անգրագետ ծնող է։ Բայց մենք տեղյակ չենք, թե նա այդպես է վարել, թե վարելուց հետո կամ առաջ է նկարել։

Մեկին քննադատում են, թե ինչու է այդքան շատ իր երեխաների նկարները տեղադրում համացանցում, մյուսին էլ՝ ինչու չի անում։

Հավանաբար տեսած կլինեք համացանցում հայտնված նկարը, որտեղ երիտասարդ մայրիկն օդանավակայանում երեխային պառկեցրել էր հատակին, իսկ ինքը նայում էր հեռախոսին։ Մեկնաբանությունների դաշտում այդ աղջկան ինչ բառերով ասես թե չէին պախարակել․ «ինչպիսի անտարբեր մայր, երեխային գրկելու փոխարեն, հեռախոսը ձեռքից վայր չի դնում», «ինչքան մանրէներ կան երեխային կպան»«պետք է մայրական իրավունքից զրկել»։ Ու բազում  բացասական մեկնաբանություններ։ Բայց մի պահ ուրիշ տեսանկյունից նայենք։ Գուցե 10 ժամ թռիչքից հետո երեխան հոգնել էր մոր գրկին նույն դիրքով մնալուց, կամ հենց մաման էր հոգնել, կամ փորձում էր հաջորդ թռիչքի տվյալները նայել, որ չուշանան, կամ հարազատներին տեղյակ էր պահում, որ տեղ են հասել։ Անթիվ պատճառներ կարելի է նշել։ Առանց լրացուցիչ տեղեկատվության, անկախ դեպքից, անմիջապես սիրում ենք առաջ բերել ամենավատ տարբերակն և անխնա քննադատել։ Ինձ համար ամենահետաքրքիրն այն է, որ ոչ ոք չի հարցնում, թե ինչո՞ւ են գաղտնի նկարել այդ մարդուն ու դարձրել հանրային  քննարկման թեմա։ 

Մեկ ուրիշ դեպք էլ նշեմ։ Մեկը գրել էր, թե խանութում հոր ու 5 տարեկան տղայի է տեսել ու երեխան փորձում էր հորը բան ասել, իսկ հայրը նրան խստորեն ասում էր, «լռի՛ր, չեմ ուզում խոսել»։ 
Պատկերացրեք՝ ինչեր էին գրում այդ հոր հասցեին։ Կրկին առանց նախապատմությունն իմանալու շտապում են վատ տարբերակները պատկերացնել ու մեղադրել։ Գուցե երեխան վատ արարք էր թույլ տվել, և որպեսզի հայրը կտրուկ չարձագանքեր իրավիճակին, ուզում էր հանգստացնել ինքն իրեն նախքան երեխայի հետ զրուցելը և հետևանքները բացատրելը։ Ամեն ինչ հնարավոր է։


Քննադատում ենք երեխաներին

Անդադար քննադատում ենք նաև մեր երեխաներին։ Պետք է նախատել ոչ թե երեխային, այլ նրա արարքը։ Այն երեխաները, որոնք փոքր տարիքում միշտ ենթարկվում են քննադատության, արդյունքում իրենք էլ են սովորություն դարձնում ուրիշներին և իրենք իրենց անընդհատ քննադատել և դառնում են անինքնվստահ։

Պետք չի քննադատել երեխայի քաշը, հասակը, խելքը, տեսքը, շատախոս լինելը (ո՛չ ուրինշների ներկայությամբ, ո՛չ էլ առանձին)։ Այդ քննադատություններն երեխայի մոտ կարող են առաջացնել առողջական խնդիրներ, առաջացնել երկարատև թերարժեքության զգացում։ Ծնողների խոսքերը դաջվում են երեխայի ենթագիտակցության մեջ և անդադար հնչում գլխում։
Ինչպես նաև երեխայի ներկայությամբ պետք չէ քննադատել ուրիշներին։ Քննադատությունը կարող է դառնալ նրա աշխարհընկալման անբաժանելի մասը։

Քննադատում ենք ինքներս մեզ

Անկախ նրանից, թե որքան հաջողակ ենք, որքան ձեռքբերումներ ունենք, միևնույնն է, մեզ չենք խնայում քննադատություններից: Քննադատում ենք անձնական կյանքը, աշխատանքը, սեփական տեսքը, սննդակարգը, երեխա ունենալուց հետո աշխատանքի վերադառնալը կամ երեխային երկար տանը խնամելը, երեխայի հետ կապված հարցերը, որոշումները, սեփական զգացմունքները։ Ցանկացած կարևոր որոշում կայացնելիս, մտովի պատկերացնում ենք, թե ինչ կասեն ուրիշները։ Եթե այդ բոլոր անվստահություններին էլ ավելանան ուրիշների քննադատությունները, ապա շատ դժվար կլինի դուրս գալ այդ շղթայից։ 
Որպես կանոն ինքնաքննադատությունն և անինքնավստահությունը դառնում են ուրիշներին քննադատելու պատճառ, որով ցանկանում ենք թաքցնել, շեղել սեփական խնդիրները, նախանձը, թերարժեքությունը։

Ի՞նչն է մարդկանց ստիպում քննադատել

- սեփական վախերը․ անձնական շահի, սեփական դիրքը չկորցնելու համար, ուրիշների մոտ մյուսներին քննադատելով փորձում են ապահովել իրենց դիրքը։

- սեփական եսի կարևորությունը բարձրացնելու միտումը․ գործընկերների, ուրիշ ծնողների թերություններն ընդգծելով ցույց են տալիս, թե իրենք ինչ լավ են աշխատում, դաստիարակում, խնամում, որոշումներ կայացնում։ Ուրիշի գործողությունները քննադատելով ցույց են տալիս, որ իրենք ամեն բան ավելի լավ են անում։

- սեփական անվստահությունները․ ուրիշների արարքները պախարակելով, թաքցնում են սեփական թերությունները, անհանգստությունները։ Քննադատելով բացահայտում են սեփական  խոսցելի կողմերը։ Որպես կանոն, մարդ ուշարություն է դարձնում այն ամենին, ինչն իր մեջ իրեն չի գոհացնում, բայց դրան կարևորություն է տալիս։


Ինչո՞ւ հրաժարվել քննադատելուց


Քննադատելը վատ սովորություն է, որն ավելի շատ քննադատողին է վնասում քան դիմացինին։ Հաճախ ում քննադատում ենք, նույնիսկ չի էլ իմանում դրա մասին կամ արհամարհում է։


Երբ քննադատում ենք, առաջին զգացողոթյունը բավարարվածությունն է․ սեփական կարևորությունը բարձրանում է, առավելությունները՝ ընդգծվում, բայց հետո որոշ դեպքերում վատ ենք զգում և զղջում մեր խոսքերի, մտքերի համար, առավել ևս երբ բացահայտում ենք իրավիճակի հետևում թաքնված իրականությունը։ Որոշ դեպքերում, երբ քննադատում ենք, այդ քննադատությունը չի նկարագրում դիմացինին, այլ արտացոլում է մեր թերություններն ու անինքնավստահությունը։


Հաճախ քննադատությունը խառնվում է սեփական կարծիքի հետ և խեղաթյուրում է իրականությունը։


Ի՞նչ անել փոխարենը


1. Նախ և առաջ պետք է հասկանալ և ճանաչել քննադատությունների հիմնական թիրախներն ու պատճառները։ Եթե շրջապատն է նպաստում, ապա փոխեք այն։

2. Քննադատելու փոխարեն ավելի լավ է լինել սրտացավ և առանց պարտադրանքի օգնություն առաջարկել։ Եթե օգնում եք, այնուհետև քննադատում, ապա այդ քննադատությունը խաթարում է հարաբերությունների անկեղծությունն ու նվիրվածությունը։
3. Կարելի է փոխել բացասական մտքերի ուղղությունը։ Փորձե՛ք տեսնել ամեն իրավիճակի դրական կողմերը։ Փորձե՛ք իրավիճակին մոտենալ այլ տեսանկյունից։
4. Մոռացե՛ք կարծրատիպերը։ Պետք չի քննադատել նրանց, ովքեր տարբերվում են ձեզնից։ Փորձե՛ք գտնել նմանությունները կամ պարզապես հարգել նրանց տարբերությունները և ապրեք ձեր կյանքով։
5. Ինքնազարգացե՛ք և բարձրացրե՛ք ձեր արժեքը ոչ թե ուրիշների հաշվին, այլ՝ ձեր։ Կենտրոնացե՛ք սեփական կյանքի վրա։ Գտե՛ք նոր հետաքրքրություններ, զբաղմունք, նախասիրություններ։
6. Հրաժարվե՛ք այն մարդկանցից, ում հետ շփումը սահմանափակվում է միայն ուրիշներին քննադատելով: Հավանաբար ձեզ մոտ ուրիշներին է քննադատում, ուրիշների մոտ էլ՝ ձեզ։
7. Եթե սոց․ ցանցերում կամ ցանկացած վայրում ոմանց գործունեությունը ձեզ դուր չի գալիս, ապա հրապարակայնորեն այդ մարդուն փնովելու փոխարեն ավելի լավ է նրան առանձին գրեք ձեր մտահոգությունների մասին, զրուցեք։ Իսկ եթե չընդունի ձեր կարծիքը, ապա համացանցում մի՛ հետևեք նրա բոլոր հրապարակումները, մի՛ պախարակեք և բացասական մեկնաբանություններով մի՛ ողողեք ձեր և ուրիշների կյանքը։
8. Հրաժարվե՛ք այն մարդկանցից, որոնց կարծիքից թունավորվում է ձեր կյանքը։ Իսկ եթե չեք կարող դադարեցնել շփումը, ուրեմն ամեն անգամ ինքներդ ձեզ հիշեցրեք, որ նրանց քննադատությունները ձեր մասին չեն, այլ հենց իրենց մասին։ Լսե՛ք այն մարդկանց քննադատությունները, ում կարծիքները ձեզ համար կարևոր են և օգնում են աճել։
9. Ամեն անգամ երբ հասկանում եք, որ քննադատում եք որևէ մեկին կամ ինքներդ ձեզ, մի պահ դադար տվեք, դրա համար մի ինքնաքննադատեք ձեզ, գիտակցորեն ընդունեք իրավիճակը և գտեք ավելի հետաքրքիր զբաղմունք։
10. Պետք է միշտ հիշել, որ ցանկացած մարդու ստեղծած, կատարած աշխատանքը կարող է դուր գալ, հետաքրքրել շատերի, միևնույն ժամանակ ձանձրացնել և զայրացնել ուրիշներին։  
11. Եղե՛ք համբերատար, մի շտապեք եզրակացություններ կատարել առանց լրացուցիչ տեղեկատվության, առանց լիարժեք պատկերը տեսնելու։


Անկախ ազգային պատկանելությունից, բնակավայրից, տարիքից, սեռից, բոլորին բնորոշ է քննադատությունը։ Քննադատությունը լավ է այն ժամանակ, երբ մատուցվում է հարգանքով և հենց հասցեատիրոջը, այլ ոչ թե նրա մեջքի հետևում, ուրիշների մոտ, ծաղրի կամ բամբասանքի ձևով։ Այստեղ խոսքն առողջ և կառուցողական քննադատության մասին է։

Ըստ իս, առաջընթաց չէր կարող լինել, եթե չլիներ ողջամիտ քննադատությունը։ Առանց առողջ դատողության կհամարեինք, որ ամեն ինչ հիասքանչ է և չէինք փորձի որևէ բան փոխել, ավելին անել։
Սակայն եթե իմ քննադատությունից ոչ մի օգուտ չկա և դիմացինս պատրաստ չէ լսել ինձ, ապա առանց իմ կարծիքը նրա վզին փաթաթելու ես այդ իրավիճակից դաս կքաղեմ և կապրեն իմ կյանքով։

Որպես վերջաբան բերել եմ  որոշ հայտնի մարդկանց կարծիքները քննադատության մասին։

Թո՛ղ քննադատեն դատավորները։

Շիրվանզադե

Երբ մենք փակ ենք դիմացինի մտքերի առաջ, լսում ենք միայն քննադատություն։
Երբ բաց ենք քննադատության առաջ, ստանում ենք միայն խորհուրդ։
Սայմն Սինեք

Եթե քննադատում ես մարդկանց, ապա նրանց սիրելու ժամանակ չունես։

Մայր Թերեզա

Մենք երբեք չենք կարող դատել ուրիշների կյանքը, քանի որ յուրաքանչյուր ոք միայն ինքը գիտի իր սեփական ցավը։ Մի բան է զգաս, որ ճիշտ ուղու վրա ես, բայց մեկ այլ բան է, որ կարծես, թե քոնն է միակ ճիշտ ուղին։

Պաոլո Կոելիո

Որքան շատ է մարդ քննադատում, այնքան քիչ է սիրում։

Օնորե դը Բալզակ

Քննադատելը խանգարում է մեզ հասկանալ նոր ճշմարտությունը։ Ազատե՛ք ձեզ հին քննադատություններից և տեղ հատկացրեք նոր ընկալումներին։

Սթիվ Մարաբոլի

Իմ ծանոթներից աներջանիկ մարդիկ նրանք են, ովքեր միշտ գնահատում են իրենք իրենց և ինքնազարգանում են։ Երջանիկ չեն նրանք, ովքեր սովորաբար քննադատում և գնահատական են տալիս այլոց։

Անանուն

Մարդիկ բարկանում
 են, երբ ինչ-որ մեկը չի համապատասխանում իրենց պատկերացումներին և սպասումներին։ Բոլորը, կարծես, պարզ հասկանում են, թե ինչպես պետք է ուրիշերն իրենց կյանքը վարեն, բայց ոչ ոք չգիտի սեփական կյանքի մասին։
Պաոլո Կոելիո, Ալքիմիկոսը

Այնքան շատ ժամանակ ենք ծախսել ուրիշ մարդկանց ստեղծածը քննադատելու վրա, որ արդյունքում ինքներս շատ քիչ ենք ստեղծել։
Չակ Պալանիուկ

Պետք է հիշեք, որ երբ քննադատում եք գիրքը, այն նույնպես իր հերթին քննադատում է ձեզ։

Սթիվեն Քինգ, Գիշերային հերթափոխ

Գեղեցկությունը դիտողի աչքերում է։

Շարլոթ Բրոնթե, Ջեյն Էյր

Երբ քննադատում ենք ամեն ինչ, արդյունքում ոչինչ չենք սովորում։

Սթիվ Մարաբոլի

Քննադատի՛ր ինձ և ես կհասկանամ, թե ինչպես ես դու ինքդ քեզ տեսնում։
Մելոդի Լի

Իսկ ո՞ր խոսքերն էին առավել հոգեհարազատ ձեզ։


Comments

Popular posts from this blog

Դիսլեքսիա, դիսգրաֆիա, դիսկալկուլիա: Ի՞նչ գիտենք դրանց մասին

Ի՞նչ գիտենք Դիսլեքսիայի, դիսգրաֆիայի, դիսկալկուլիայի մասին։ Լսել ե՞ք արդյոք այդ տերմինների մասին։  Այս անգամ որոշեցի անդրադառնալ մի երևույթի, որն առկա է մոլորակի բնակչության մոտ 20%-ի մոտ, այսինքն` 5 հոգուց 1-ի մոտ այն առկա է։ Խոսքը գնում է Դիսլեքսիայի մասին։ Արդեն չեմ հիշում՝ երբ լսեցի ու հետաքրքրվեցի Դիսլեքսիայի մասին, բայց լավ հիշում եմ, թե ինչ զգացի այդ պահին ու հասկացա, թե ինչպես էին զգում իրենց մեր դասարանի որոշ երեխաներ, ովքեր ամեն օր բախվում էին դրա հետ կապված խնդիրներին ու դրա մասին գաղափար չունեցող մեծահասակների ու հասակակիցների քննադատություններին։ Ի՞նչ է Դիսլեքսիան։ Նախ մի քանի բառով նշեմ դիսկալկուլիայի ու դիսգրաֆիայի մասին, հետո անցնեմ դիսլեքսիային։ Դիսկալկուլիա - մաթեմատիկական գործողություններ կատարելու դժվարություն Դիսգրաֆիա - գրավոր խոսքի խանգարումներ և դժվարություններ Դիսլեքսիա -  կարդալու հետ կապված բարդություններ, ընթերցելու կարողության խանգարում։ Սովորաբար այն կարող է բացահայտվել նախադպրոցական հասակում, ինչպես նաև դպրոց սկսելու ժամա...

Թթխմոր 0-ից - Sourdough Starter from scratch in Arm

Էս գրառման մեջ մանրամասն պատմելու եմ նոր թթխմոր սարքելու մասին։ Եթե նախապատմությունը չեք ուզում կարդալ, անմիջապես գնացեք ներքև, գրառման կեսից նկարագրել եմ օրական քայլերով գործողությունները։ Խանութում էստեղ թթխմորով հացերը որպես կանոն թթու են ու շատերի մոտ տպավորթյուն ա ստեղծվում, թե թթխմորով հացը թթու է։ Թթխմորով հացը կարող է լինել թթու ու ոչ թթու։ Թթու է ստացվում, եթե խմորի խմորման ընթացքը սառնարանում 24 ժամից ավել է տևում։ Դրանից քիչ խմորվելու դեպքում այն չի ունենում թթու համ։ Քովիդից առաջ խմորիչով հաց թխելու փորձեր շատ եմ արել, բայց 2020թ․ սկզբներին ավելի ակտիվ սկսեցի թխել ու դրան զուգահեռ ինտագրամով տեսնում էի, թե ինչ մեծ տարածում ա գտնում թթխմորով հացը։ Սկզբում մտածեցի, թե ինչու պետք ա էդ երկար գործընթացի մեջ թաթախվեմ, եթե խմորիչով արագ ու լավ ստացվում ա, բայց ինստագրամի ալգորիթմն իր գործն արեց։ Սկսեցի ավելի հաճախ տեսնել թթխմորով հացի նկարներ, վիդեոներ ու վերջը որոշեցի ես էլ միանալ էդ հավես ալիքին։ Կարդացի, ուսումնասիրեցի, օգտակար հատկությունների մասին հետաքրքրվեցի, փորձեցի ու 202...

Զապել Եսայանի նամակն իր աղջկան

Զապել Եսայանի մասին ( https://with.hripsi.me/2019/04/Armenian-literature-women-writers.html ) ուսումնասիրելիս հանդիպեցի մի շարք նամակների, որոնք նա ուղարկել էր իր հարազատներին, ընկերներին։ Ինձ անչափ դուր եկավ իր աղջկան ուղղված նամակներից մեկը։ Այնքա՜ն գեղեցիկ ձևով ու կարևոր թեմաների մասին է գրում, խորհուրդ տալիս, այնքա՜ն սիրով ու ափսոսանքով լցված է շնորհավորում տասնչորսամյա դստեր տարեդարձը։  Որոշեցի այս գրրառման մեջ զետեղել այդ նամակը, քանի որ շատերի համար գուցե հետաքրքիր կլինի տեսնել  100 տարի առաջ ապրող  զարգացած հայ կնոջ վերաբերմունքն ու մտահոգությունն իր դստեր ապագայի վերաբերյալ։ Կարծում եմ ցանկացած ծնող կարող է այս գեղեցիկ տողերից քաղել մի շարք մտքեր, որոնք կօգնեն մեծացնել ինքնավստահ, տոկուն, ձգտումով, չընկրկող մարդ։ Սոֆի Եսայանին 1914, մարտի 20, Սկյուտար Շատ սիրելի աղջիկս, Դու արդեն փոքրիկ օրիորդ ես հիմա: Դարձել ես տասնչորս տարեկան, իսկ դա քեզ համար ունի հատուկ նշանակություն, քանի որ այս տարի ավարտելու ես տարրական կրթությունդ: Սիրե...

Հայ գրականություն․ ճանաչենք հայ կին գրողներին. Զապել Եսայան

Մինչ այս գրառումը կարդալն առաջարկում եմ մի պահ հիշել ձեզ հայտնի հայ տղամարդ գրողների անունները։ Վստահ եմ առնվազն 10 գրողի անուն հիշեցիք։ Իսկ հիմա փորձեք հիշել հայ կին գրողների անունները։ Քանի՞ կին գրողի անուն հիշեցիք։ Հայ գրականության դպրոցական ծրագրում չեմ հիշում հայ կին գրողների վերաբերյալ դասերի մասին, միայն Սիլվա Կապուտիկյանին։ Մեր դասագրքերում ներկայացված էին հայ տղամարդ գրողները և նրանց ստեղծագործությունները։ Դասարանի պատին փակցված էին տղամարդ գրողների նկարները։ Ես շատ հպարտ եմ, որ մենք նման գեղեցիկ գրականություն ունենք, բայց ցավոք դասագրքերում ամբողջ պատկերը ներկայացված չէր։  Այնպես չէ, որ չունեինք կին գրողներ, ու դրա համար ներառված չէին։ Ներկայացված չէին 19-20-րդ դարերի ականավոր կին գրողները, ովքեր միշտ կարևոր գործ են կատարել հայկական մշակույթի պահպանման և մարդու իրավունքների պաշտպանության, ազգապահպանման գործում։ Օրինակ բերեմ ոմանց անունները՝ Սրբուհի  Տյուսաբ (Վահանյան 1840–1901 թթ.) Սիպիլ (Զապել Ասատուր, Զապել Խանջյան 1863–1934 թթ.) Շուշանիկ...

Enmeshment - Խճճված հարաբերություններ

Էս թեման մի կես տարի ա ինչ խմորվում ա մտքիս ու վերջերս մի հոլովակ տեսա ու դա էլ առիթ դարձավ, որ վերջապես մտքերս հավաքեմ ու գրեմ դրա մասին։  Մի հասուն տղամարդ (տարիքով հասուն, էմոցիոնալ առումով դժվարանում եմ ասել), զրուցակցին ասում ա, որ իր մաման իրեն օրական 20 անգամ զանգում ա, հարցնում ա, թե որտեղ ա, ինչ ա կերել, ուր ա գնացել, ինչ ա արել, կինն ու էրեխեքը որտեղ են, ինչ են անում ու էդ ամենն ամեն օր։ Ինքը դա նորմալ ա համարում, ասում ա , որ ով ինչ ուզում ա մտածի, ինչքան պետք ա, էնքան էլ կարող ա մամաս զանգել։  I'm Glad My Mom Died by Jennette McCurdy ինքնակենսագրական գրքում դերասան Ջենեթ ՄաքՔրդին պատմում ա իր ու մոր խճճված հարաբերությունների, նրա կյանքի տարբեր ոլորտներում՝ սննդակարգի (թերսնում, գեղեցկության ստանդարտներ․․․), կարիերայի (մայրն իր չիրականացած երազանքը կապում ա աղջկա վզին), առողջության, հարաբերությունների վրա մոր խիստ վերահսկողության ու էդ ամենով նրան տրավմաներ, միջոցներից կախյալություն, մի շարք մտավոր խնդիրներ առաջացնելու մասին։ Նմանատիպ օրինակները շատ-շատ են։ Ու էսօր ...

Ծնողական սեր․ որո՞նք են երեխայի (մեծերի) համար նախընտրելի սիրո 5 լեզուները

Կարծում եմ ցանկացած գիտակից ծնող յուրովի սիրում է իր երեխային, սակայն  միշտ չէ որ այդ սերը երեխան տեսնում է և զգում։ Երբեմն ծնողներին թվում է, որ եթե հոգ են տանում երեխայի մասին, կերակրում, կրթում են, ապա նրանց սերն ակնհայտ է դառնում երեխայի համար։ Երբեմն ծնողական սերը խորն է լինում և երեխայի համար հասկանալի ոչ մի գործողությամբ չի արտահայտվում։  Մի քանի սերունդ առաջ, երեխայի հանդեպ սերն արտահայտելն այնքան էլ ընդունված ու ցանկալի չէր։  Շատ ընտանիքներում ակնկալվում էր, որ երեխան պետք է երևար, բայց նրա ձայնը դուրս չգար։ Նույնիսկ 1920-ական թվականների վերջին ամերիկացի հոգեբան Ջոն Ուոթսոնն իր հրապարակումներից մեկում նշել էր՝  «Երբեք մի՛ գրկեք և մի՛ համբուրեք երեխային, երբեք մի՛ նստացրեք ձեր գրկին։ Եթե պետք է համբուրեք, ապա կարող եք համբուրել օրը մեկ անգամ  միայն  ճակատը՝ բարի գիշեր ասելիս։ Առավոտյան ողջունեք ձեռքը սեղմելով։ Եթե բացառիկ, դժվար աշխատանք է կատարել՝ կարող եք գլուխը շոյել» 1 ։ Ցավոք, այս լուրջ մասնագիտական խորհուրդը մեծ քանակությամբ ընտանիքներ...

Երեխայի վրա բղավելու երկարատեվ բացասական հետեվանքները

Ինձ համար երեխայի վրա գոռալը տհաճ սովորություն է։ Բայց կարծես երբեմն անելանելի վիճակում հայտնվելիս ծնողին ոչինչ չի մնում քան բղավել։ Արդյոք դա արդյունավե՞տ է։ Ինչպե՞ս է գոռացողն իրեն զգում գոռալուց անմիջապես հետո։ Ինչպիսի՞ն է երեխայի վարքագիծը ծնողի գոռալու ընթացքում և հետո։ Շատերը քննադատում են երեխայի հանդեպ ֆիզիկական բռնությունը, հասկանում են դրա վատ ազդեցությունները, ասում են, որ երբեք չեն հարվածում իրենց երեխային և գոռալը համարում են միակ սաստելու ձևը։ Սակայն, պետք է նշեմ, որ երեխայի վրա գոռալը նույնպես բռնության տեսակ է, որը կարող է անդառնալի հետևանքներ թողնել երեխայի հոգեկան և ֆիզիկական զարգացման վրա։ Այստեղ ի նկատի ունեմ ոչ թե մեկ կամ երկու անգամ բղավելը, այլ՝ պարբերաբար բղավելով երեխայի հետ շփումը։ Ըստ 2013 թվականին   Փիթսբուրգի և Միչիգանի համալսարանների կողմից կատարած գիտական հետազոտությունների արդյունքների, դեռահասների վրա գոռալը նույնչափ վտանգավոր է որքան հարվածելը։ Փիթսբուրգի Համալսարանի Կրթության և հոգեբանության դասախոս-օգնական, հետազոտութ...