Skip to main content

Ինչ անել մարդաշատ վայրերում երեխային չկորցնելու համար - 12 կանոն

Վերջերս մամաս պատմեց, թե ինչպես էր առևտի կենտրոնում ականատես եղել մի սրտաճմլիկ տեսարանի․ ծնողները սարսափահար և խուճապահար փնտրում էին իրենց փոքրիկ աղջկան։ Բարեբախտաբար փոքրիկին շուտ գտան։

Ոչ ոք ապահովագրված չէ մարդաշատ վայրերում երեխային կորցնելու ռիսկից։ Որքան էլ լսող և հասկացող երեխա լինի, որքան էլ ուշադիր և հոգատար ծնող ունենա, երբեք չենք իմանա, թե երեխան ինչ կտեսնի, ինչով կհետաքրքրվի ու ինչպես կհեռանա ծնողից։ Շատ դժվար է պատկերացնել մարդաշատ վայրում երեխային տեսադաշտից կորցրած ծնողի հոգեվիճակը, աննկարագրելի խուճապը։ Նույնիսկ մի քանի րոպեն կարող է թվալ հավերժություն։  

Ի՞նչ անել, ինչպե՞ս կանխել մարդաշատ վայրերում երեխային կորցնելը։ Այստեղ հավաքագրել եմ այն կանոնները և քայլերը, որոնց ես հետևում եմ, որոնք կարծում եմ կարող են նվազեցնել երեխային կորցնելու ռիսկը և օգնել շուտ գտնել։
  1. Կարելի է զրուցել երեխայի հետ երբ դեռ հանգիստ և կենտրոնացած է, դեռ ոչինչ չի շեղում նրա ուշադրությունը։ Կարելի է բացատրել մեծահասակի հետ մնալու կարևորությունը, ասել, որ չփախչի, առանց զգուշացնելու չհեռանա ծնողից։ 
  2. Խոսող երեխային պետք է սովորեցնել իր տարիքը, անունը, ազգանունը, իրեն ուղեկցող մեծահասակի անունը։ Երբեմն երեխաները չգիտեն իրենց ծնողների անուն-ազգանունները։
  3. Բազմամարդ վայրեր հաճախելիս կարելի է հագցնել վառ գույնի, աչքի ընկնող հագուստ։  
  4. Եթե բավականաչափ մեծ են, որ մտապահեն ծնողների հեռախոսահամարը, հասցեն, ապա կարելի է սովորեցնել։
  5. Ցանկացած տարիքում կարելի է երեխայի գրպանում դնել ծնողի անձնական տվյալներով քարտ (հեռախոսահամար, անուն, հասցե),  տառերով և թվերով ուլնունքներով սարքած թևնոց կրել։
  6. Անհրաժեշտ է երեխային սովորեցնել, թե ինչպես իրեն պահի նման իրավիճակում։ Եթե զգա ծնողին չի տեսնում, թող մնա իր տեղում, չթաքնվի, չհեռանա իր տեղից, չգնա իրեն ուղեկցող մեծահասակին փնտրելու։ Կարող է մոտենալ երեխաների հետ այլ մեծահասակների և օգնություն խնդրել, թող փոխանցի ծնողի տվյալները։ Սովորաբար երեխաների հետ մեծահասակները բավականին պատրաստակամ են և սրտացավորեն օգում են։ Թող դիմի մոտակա խանութի աշխատակցի, ոստիկանի, շինարարի, անվնաքարտով աշխատակիցների և իհարկե բարձրաձայն մամա ու պապա կանչի։ Պետք է վստահեցնել, որ ծնողները անպայման կգտնեն նրան, թող խուճապի չմատնվի ու տարածքից չհեռանա, շենքից դուրս չգա, ուրիշի մեքենան չնստի։ 
  7. Ցանկացած նման վայր գնալիս հենց այնտեղ հեռախոսով կարելի է նկարել երեխային։ Եթե նման բան պատահի, ապա ավելի հեշտ կլինի գտնել նրան։
  8. Եթե երեխաները բավականաչափ մեծ են, որ ինքնուրույն զբոսնեն տարածքում, բայց հեռախոս չունեն, ապա կարելի է պայմանավորվել և որոշել մի տեղ, խանութ, ցուցանակ, որի մոտ հնարավոր կլինի հանդիպել ինչ-որ ժամի։
  9. Ավելի փոքրիկ, փախչել սիրող երեխաների համար կան հատուկ մանկական գոտիներ, որից ծնողը կարող է բռնել և երեխայի ուսումնասիրելու, ձեռքերի ազատությունը չսահմանափակել։ Չնայած դրա տեսքը շատերի մոտ տարօրինակ զգացմուքներ է առաջացնում, բայց ավելի լավ է երեխայի անվտանգությունն ապահովել, քան կողքից անցնողների կարծիքներին ուշադրություն դարձնել։
  10. Հանգիստ պայմաններում կարելի է երեխային առաջարկել մի իրավիճակ, երբ ծանոթ կամ անծանոթ մեկն առանց ծնողի թույլտվության, երեխային առաջարկում է առանձին վայր տանել և քաղցրավենիք տալ, շատ շնիկների մոտ տանել, բազմաթիվ խաղալիքների սենյակ ցույց տալ։ Պետք է հարցնել, թե ինչ կանի երեխան նման իրավիճակում, արդյոք կընդունի՞ այդ գրավիչ առաջարկը։ Պետք է սովորեցնել, որ երբեք առանց ծնողի/պատասխանատու մեծահասակի ներկայության և համաձայնության ոչ ոքի ասած վայրը չգնա, ոչինչ չվերցնի ու մեքենան չնստի։ Գուցե մի քիչ ծայրահեղ թվա, բայց ավելի լավ է մի ծանոթի մերժի, քան ինչ-որ մեկի ծուղակում հայտնվի։ 
  11. Նկատել եմ, որ հաճախ, երբ ծնողը մենակ է երեխաների հետ, ավելի զգոն է լինում։ Եթե մի քանի հոգով են երեխաների հետ գնում բազմամարդ վայր, ապա լավ կլինի ուղեկցող մյուս մեծահասակներին զգուշացնել, որ երեխան իրենց ուղղությամբ գնաց, նախապես պայմանավորվել, թե ով որ երեխային հետևի։
  12. Ի՞նչ անել, երբ ծնողը նկատեց երեխան իր հետ չէ։ Նախ և առաջ պետք է փորձել զսպել տագնապը և կենտրոնանալ։ Անմիջապես շատ հեռու պետք չի գնալ, գուցե մի քանի քայլ հեռու լինի, կարելի է բարձր կանչել նրա անունը, ուշադիր զննել շուրջ բոլորը, հասկանալ, թե ինչո՞վ կարող էր երեխան հետաքրքրվել և ինչին կմոտենար։ Եթե մի քանի րոպեի ընթացքում երեխան չի գտնվում, ապա պետք է դիմել օգնության։ Տարածքի անվտանգության աշխատակիցներին պետք է ցույց տալ երեխայի լուսանկարը, խնդրել, որ ստուգեն անվտանգության տեսախցիկները և բարձրախոսով երեխային անունով դիմեն ու ասեն, որ ծնողը շուտով կգտնի, թող իր գտնվելու վայրից չհեռանա։ Սակայն եթե փնտրտուքները տևում են 10-15 րոպեից ավել, ապա անհրաժեշտ է դիմել ոստիկանություն և մանրամասն նկարագրել երեխայի տվյալները։

Հանգիստ պայմաններում հեշտ է նման թեմաներով խոսել, բայց երբեք չգիտենք, թե ինչպես իրենց կդրսևորեն մոլորված և վախեցած երեխաները։ Գուցե նախապես զգուշացնելով և սովորեցնելով փոքր-ինչ նվազեցնենք նրանց խուճապը։

Այս կանոններից շատերը կարելի է կիրառել նաև նոր վայրեր այցելելիս, ճամփորդելիս։

Թող բոլոր փոքրիկները մեծանան ապահով և իրենց հարազատներով շրջապատված։

Իսկ դուք ի՞նչ խորհուրդ կտաք նման իրավիճակներից խուսափելու համար։

Comments

Popular posts from this blog

Թթխմոր 0-ից - Sourdough Starter from scratch in Arm

Այս գրառման շրջանակում մանրամասնորեն պատմելու եմ նոր թթխմոր սարքելու մասին։ Եթե նախապատմությունը չեք ուզում կարդալ, անմիջապես գնացեք ներքև, գրառման կեսից նկարագրել եմ օրական քայլերով գործողությունները։ Խանութում էստեղ թթխմորով հացերը որպես կանոն թթու են ու շատերի մոտ տպավորթյուն ա ստեղծվում, թե թթխմորով հացը թթու է։ Թթխմորով հացը կարող է լինել թթու ու ոչ թթու։ Թթու է ստացվում, եթե խմորի խմորման ընթացքը սառնարանում 24 ժամից ավել է տևում։ Դրանից քիչ խմորվելու դեպքում այն չի ունենում թթու համ։ Քովիդից առաջ խմորիչով հաց թխելու փորձեր շատ եմ արել, բայց 2020թ․ սկզբներին ավելի ակտիվ սկսեցի թխել ու դրան զուգահեռ ինտագրամով տեսնում էի, թե ինչ մեծ տարածում ա գտնում թթխմորով հացը։ Սկզբում մտածեցի, թե ինչու պետք ա էդ երկար գործընթացի մեջ թաթախվեմ, եթե խմորիչով արագ ու լավ ստացվում ա, բայց ինստագրամի ալգորիթմն իր գործն արեց։ Սկսեցի ավելի հաճախ տեսնել թթխմորով հացի նկարներ, վիդեոներ ու վերջը որոշեցի ես էլ միանալ էդ հավես ալիքին։ Կարդացի, ուսումնասիրեցի, օգտակար հատկությունների մասին հետաքրքրվեցի, փո...

Դիսլեքսիա, դիսգրաֆիա, դիսկալկուլիա: Ի՞նչ գիտենք դրանց մասին

Ի՞նչ գիտենք Դիսլեքսիայի, դիսգրաֆիայի, դիսկալկուլիայի մասին։ Լսել ե՞ք արդյոք այդ տերմինների մասին։  Այս անգամ որոշեցի անդրադառնալ մի երևույթի, որն առկա է մոլորակի բնակչության մոտ 20%-ի մոտ, այսինքն` 5 հոգուց 1-ի մոտ այն առկա է։ Խոսքը գնում է Դիսլեքսիայի մասին։ Արդեն չեմ հիշում՝ երբ լսեցի ու հետաքրքրվեցի Դիսլեքսիայի մասին, բայց լավ հիշում եմ, թե ինչ զգացի այդ պահին ու հասկացա, թե ինչպես էին զգում իրենց մեր դասարանի որոշ երեխաներ, ովքեր ամեն օր բախվում էին դրա հետ կապված խնդիրներին ու դրա մասին գաղափար չունեցող մեծահասակների ու հասակակիցների քննադատություններին։ Ի՞նչ է Դիսլեքսիան։ Նախ մի քանի բառով նշեմ դիսկալկուլիայի ու դիսգրաֆիայի մասին, հետո անցնեմ դիսլեքսիային։ Դիսկալկուլիա - մաթեմատիկական գործողություններ կատարելու դժվարություն Դիսգրաֆիա - գրավոր խոսքի խանգարումներ և դժվարություններ Դիսլեքսիա -  կարդալու հետ կապված բարդություններ, ընթերցելու կարողության խանգարում։ Սովորաբար այն կարող է բացահայտվել նախադպրոցական հասակում, ինչպես նաև դպրոց սկսելու ժամա...

Gaslighting - գեզլայթինգ (գազլայթինգ)

Գեզլայթինգը էմոցիոնոլ ճնշման ու բռության ձև է։ Որևէ մեկին գեզլայթ անել նշանակում է արժեզրկել նրա իրականությունը, ժխտել փաստերը, նրա զգացմունքները։ Գեզլայթինիգի ենթարկողը թիրախին ստիպում է չլսել սեփական հույզերը, մերժել շուրջը կատարվող իրադարձությունները։ Որտեղի՞ց ծագեց անունը Այս եզրույթի անունն ու կիրառումը տարածում գտավ 1944 թվականի Gas Light ֆիլմից հետո, երբ ֆիլմում ամուսինը հատուկ լամպերն էնպես է անում, որ թրթռան։ Հերոսուհին նկատում է դա ու ամուսնուն ասում է այդ մասին, իսկ ամուսինն էլ կնոջը համոզում է, թե նման բան չկա, աչքին է երևում, այդ ամենն իր գլխում է կատարվում։ Այսպիսով, ամուսինն իրեն սիրող ու անվեհապահորեն վստահող կնոջը գեզլայթի է ենթարկում, իսկ կինն էլ սկսում է կասկածել իր իրականության ընկալում վրա։ Գեզլայթինգի կարող են ենթարկել տարբեր ոլորտներում, օրինակ՝ ընտանիքում, աշխատավայրում, քաղաքական դաշտում, ընկերական ու ռոմանիկ հարաբերություններում, ամեն հնարավոր հարաբերություններում։ Սովորաբար գեզլայթերն ունի թիրախի հարգանքը, վստահությունը, և գեզլայթերն ունի որոշակի իշխանություն...

Երեխայի վրա բղավելու երկարատեվ բացասական հետեվանքները

Ինձ համար երեխայի վրա գոռալը տհաճ սովորություն է։ Բայց կարծես երբեմն անելանելի վիճակում հայտնվելիս ծնողին ոչինչ չի մնում քան բղավել։ Արդյոք դա արդյունավե՞տ է։ Ինչպե՞ս է գոռացողն իրեն զգում գոռալուց անմիջապես հետո։ Ինչպիսի՞ն է երեխայի վարքագիծը ծնողի գոռալու ընթացքում և հետո։ Շատերը քննադատում են երեխայի հանդեպ ֆիզիկական բռնությունը, հասկանում են դրա վատ ազդեցությունները, ասում են, որ երբեք չեն հարվածում իրենց երեխային և գոռալը համարում են միակ սաստելու ձևը։ Սակայն, պետք է նշեմ, որ երեխայի վրա գոռալը նույնպես բռնության տեսակ է, որը կարող է անդառնալի հետևանքներ թողնել երեխայի հոգեկան և ֆիզիկական զարգացման վրա։ Այստեղ ի նկատի ունեմ ոչ թե մեկ կամ երկու անգամ բղավելը, այլ՝ պարբերաբար բղավելով երեխայի հետ շփումը։ Ըստ 2013 թվականին   Փիթսբուրգի և Միչիգանի համալսարանների կողմից կատարած գիտական հետազոտությունների արդյունքների, դեռահասների վրա գոռալը նույնչափ վտանգավոր է որքան հարվածելը։ Փիթսբուրգի Համալսարանի Կրթության և հոգեբանության դասախոս-օգնական, հետազոտութ...

Enmeshment - Խճճված հարաբերություններ

Էս թեման մի կես տարի ա ինչ խմորվում ա մտքիս ու վերջերս մի հոլովակ տեսա ու դա էլ առիթ դարձավ, որ վերջապես մտքերս հավաքեմ ու գրեմ դրա մասին։  Մի հասուն տղամարդ (տարիքով հասուն, էմոցիոնալ առումով դժվարանում եմ ասել), զրուցակցին ասում ա, որ իր մաման իրեն օրական 20 անգամ զանգում ա, հարցնում ա, թե որտեղ ա, ինչ ա կերել, ուր ա գնացել, ինչ ա արել, կինն ու էրեխեքը որտեղ են, ինչ են անում ու էդ ամենն ամեն օր։ Ինքը դա նորմալ ա համարում, ասում ա , որ ով ինչ ուզում ա մտածի, ինչքան պետք ա, էնքան էլ կարող ա մամաս զանգել։  I'm Glad My Mom Died by Jennette McCurdy ինքնակենսագրական գրքում դերասան Ջենեթ ՄաքՔրդին պատմում ա իր ու մոր խճճված հարաբերությունների, նրա կյանքի տարբեր ոլորտներում՝ սննդակարգի (թերսնում, գեղեցկության ստանդարտներ․․․), կարիերայի (մայրն իր չիրականացած երազանքը կապում ա աղջկա վզին), առողջության, հարաբերությունների վրա մոր խիստ վերահսկողության ու էդ ամենով նրան տրավմաներ, միջոցներից կախյալություն, մի շարք մտավոր խնդիրներ առաջացնելու մասին։ Նմանատիպ օրինակները շատ-շատ են։ Ու էսօր ...

Paralympics - watching with kids

Երեկ խոսակցության ընթացքում տղաս ասաց, որ ուսուցիչը մի քանի բառով ասել էր Պարալմիպիկ խաղերի մասին, գուգլի փնտրելու դաշտում տեսել էին խորհրդանշող նկարը։ Ես էլ առիթից օգտվեցի ու էս թեմայով սկսեցինք զրուցել։ Առաջարկեցի միասին նայել բացման արարողությունը։ Մի քանի րոպեանոց վիդեո էր ու ավելին ուզեցին, բայց դեռ նոր էր սկսել ու ավել բան չկար դիտելու, մենք էլ յություբով 2014 թվականի առաջին պատահած մրցումը դիտեցինք։ Տղամարդկանց լողի մրցումն էր։ Հա՛մ դիտում էինք, հա՛մ քննարկում։ - Պարալիմպիկ խաղերը հաջորդում են Օլիմպիական խաղերին ու այս ձմեռային խաղերը Պեկին - 2022 կայանալու է մարտի 4-13։ - Պատմեցի, որ մասնակցում են սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող մարզիկները։ - Քննարկեցինք մարզիկների ֆիզիկական տարբերությունների, պատրաստվածության մասին։ - Իրենց մոտ էլ լիքը հարցեր առաջացան, պատասխաններից ավելի շատ նոր հարցեր - իսկ ինչո՞ւ են ձեռքերը կարճ, բա ո՞նց ա լողալու, իսկ ինչո՞ւ մի ոտք չունի, եթե ձեռք չունի, ո՞նց ա բռնվելում, իսկ դժվար չի՞։ Ասացի, որ դժվար ա, բայց իրենք մեծ ջանք ու ժամանակ են տ...

Հայ գրականություն․ ճանաչենք հայ կին գրողներին. Զապել Եսայան

Մինչ այս գրառումը կարդալն առաջարկում եմ մի պահ հիշել ձեզ հայտնի հայ տղամարդ գրողների անունները։ Վստահ եմ առնվազն 10 գրողի անուն հիշեցիք։ Իսկ հիմա փորձեք հիշել հայ կին գրողների անունները։ Քանի՞ կին գրողի անուն հիշեցիք։ Հայ գրականության դպրոցական ծրագրում չեմ հիշում հայ կին գրողների վերաբերյալ դասերի մասին, միայն Սիլվա Կապուտիկյանին։ Մեր դասագրքերում ներկայացված էին հայ տղամարդ գրողները և նրանց ստեղծագործությունները։ Դասարանի պատին փակցված էին տղամարդ գրողների նկարները։ Ես շատ հպարտ եմ, որ մենք նման գեղեցիկ գրականություն ունենք, բայց ցավոք դասագրքերում ամբողջ պատկերը ներկայացված չէր։  Այնպես չէ, որ չունեինք կին գրողներ, ու դրա համար ներառված չէին։ Ներկայացված չէին 19-20-րդ դարերի ականավոր կին գրողները, ովքեր միշտ կարևոր գործ են կատարել հայկական մշակույթի պահպանման և մարդու իրավունքների պաշտպանության, ազգապահպանման գործում։ Օրինակ բերեմ ոմանց անունները՝ Սրբուհի  Տյուսաբ (Վահանյան 1840–1901 թթ.) Սիպիլ (Զապել Ասատուր, Զապել Խանջյան 1863–1934 թթ.) Շուշանիկ...