Skip to main content

Էլեկտրոնային սարքերից երեխայի օգտվելու կանոնները․ ըստ տարիքի, թե՞ ըստ կարիքի


Նոր տեխնոլոգիաների զարգացումն իր հետ բերել է մի շարք լուծումներ և մարտահրավերներ, որոնց մասին նույնիսկ չէինք կարող պատկերացնել։ 
Անկախ ամեն ինչից մի բան է պարզ, որ մենք այլևս չենք կարող ապրել, աշխատել, հաղորդակցվել, սովորել առանց մեր սիրելի էլեկտրոնային սարքերի։

Այժմ մեծանում է մի սերունդ, որը ծնվել է համակարգչի և համացանցի դարում։ 2001 թ․-ին Մարք Փրենսկին լայն տարածում տվեց «թվային բնիկներ» արտահայտությանը, որը բնութագրում է 1980թ․ հետո ծնվածներին։ Որքան էլ խորթ հնչի այս բառակապակցությունը, չենք կարող չընդունել մեր իրականությունը: Ցանկացած երեխայի ձեռքին նոր էլ․ սարք հայտնվելիս նրանք անմիջապես հասկանում են դրա լեզուն, գլխի են ընկնում ինչ կոճակ պետք է սեղմել և ինչ անել։ Ըստ իս, չենք կարող և պետք էլ չի երեխաներին զերծ  պահել նորագույն տեխնոլոգիաներից։ Պարզապես պետք է նրանց առաջնորդել, օրինակ ծառայել, սովորեցնել պատասխանատվությամբ և չափավոր օգտվել էլ․ սարքերից, համացանցից, թվային մեդիայից։ 

Համացանցում նկատել եմ մի շարք խմբերի, որոշ ծնողների, որոնք կտրականպես դեմ են երեխաների էկրաններից օգտվելու մտքին։ Իրենք ունեն իրենց բազում հիմանվորումները։ Կան նաև այնպիսի ծնողներ, որոնք կարծես այլևս անկարող են հետևել, սահմանափակել և կարգավորել իրենց երեխաների էկրաններից օգտվելու ժամանակը։
Այն աստիճանի է հասել տեխնոլոգիաների օգտագործումը, որ շատ երկրներում երեխաները դրսում այլևս չեն խաղում, և մանկաբույժերն երեխաների մի շարք առողջական, հոգեբանական խնդիրների համար որպես լուծում են առաջարկում ամենօրյա դրսում խաղը, բնության գրկում ժամանակի անցկացումը։

Ես կարծում եմ, որ մեր օրերում էկրանից բացարձակապես հրաժարվելն այնքան էլ իրատեսական չէ։ Եթե ծնողներն օրվա մեծ մասն (ըստ որոշ վիճակագրական տվյալների ավելի քանի 11 ժամ (https://on.mktw.net/2r9C01e)) անց են կացնում իրենց համակարգիչների, հեռախոսների, հեռուստացույցի դիմաց, ապա շատ դժվար է երեխային անմասն պահել դրանցից։ Չափից շատ օգտագործումը կախվածություն է առաջացնում և՛ մեծահասակների, և՛ երեխաների մոտ։ Ի դեպ, երեխաների համար այն առավել մեծ վտանգ է ներկայացնում, քանի որ նրանց ուղեղը դեռ ամբողջապես չի զարգացել, աշխարհընկալումն լիովին չի ձևավորվել, փոքրիկներն եռաչափ և երկչափ պատկերները դեռ միմյանցից չեն տարանջատում։

Վերջերս կատարված ուղեղի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուղեղը նույն կերպով է արձագանքում էլեկտրոնային սարքերի օգտագործմանն ինչպես թմրանյութերին (https://to.pbs.org/2CFu3bd)։ Էլ․ սարքերի օգտագործումը նպաստում է դոֆամին նյարդամիջնորդանյութի մակարդակի կարճատև բարձրացմանըորն օժանդակում է պարգևատրման և հաճույքի զգացողության առաջացմանը։ Բնականաբար, լավ ինքնազգացողություն ունենալու համար, անկախ տարիքից, մարդ ձգտում է հաճախ օգտվել էկրաններից, որն էլ առաջացնում է կախյալություն։ Երեխաների մոտ էկրանների կախյալությունն ավելի հեշտ է կանխել, քան դադարեցնել, հետևաբար պետք է հասկանալ և որոշել, թե՝ 

- ո՞ր տարիքից թույլատրել երեխային էկրաններից օգտվել
- որքա՞ն է թույլատրելի տևողությունը
- ո՞ր տարիքից կարելի է երեխային հեռախոս տալ

90-ական թվականներին, Հայաստանում շատ շատերիս համար միակ էկրանը հեռուստացույցն էր, որով մեզ համար հետաքրքիր և թույլատրելի հաղորդումներն որոշ հստակ սահմանված ժամերի էին հասանելի։ Կարծես հեռոստացույց դիտելու ժամերը կարգավորվում էին ինքնըստինքյան։ Իսկ քչերն ունեին նաև համակարգիչներ, համակարգչային խաղեր, որոնց օգտագործումը նույնպես սահմանափակ էր, քանի որ ընտրությունը շատ լայն չէր և բոլոր ընկերները դրսում էին։ Իսկ հիմա գոյություն ունեն անսահմանափակ թվով մուլտֆիլմեր, հեռախոսի հավելվածներ, խաղեր, որոնք հասանելի են օրվա ցանկացած պահի և ցանկացած վայրում։
Այս ամենը կառավարելի դարձնելու համար պետք է ստեղծել ընտանեկան դիտումների, էկրաններից օգտվելու կանոններ, որոնց կարող են հետևել ոչ միայն երեխաները, այլև մեծահասակները, քանզի եթե երեխային ծնողն անդադար ասի, որ էկրանը վնաս է և ինքը շարունակ հեռախոսը ձեռքին պահի, ապա ծնողի խոսքերն այնքան էլ համոզիչ և արդյունավետ չեն լինի։

Կարծում եմ կտրականապես պետք չէ հրաժարվել և խուսափել էկրաններից, քանի որ դրանք մեզ հնարավություն են տալիս աշխատել, սովորել, հաղորդակցվել, ստեղծագործել, գտնել տեղեկատվություն, ընթերցել, շփվել հեռվում գտնվող հարազատների և ընկերների հետ։ Պարզապես պետք է երեխաներին սովորեցնել դրանցից օգտվելու կարգը։

Ինչպիսի՞ կանոններ սահմանել էկրաններից օգտվելու համար։

Ստորև կազմել եմ կանոնների մի ցանկ, որին հետևելով կարծում եմ կարել է կանխել և լուծել  մի շարք առողջական և վարքագծի խնդիրներ։

1. քնից առնվազն 1-2 ժամ առաջ խուսափել էկրաններից։ Այս խորհուրդը վերաբերում է բոլորին, և՛ մեծերին, և՛ փոքրերին։ Քնի մասնագետները պնդում են, որ կապույտ լույսը խանգարում է ուղեղի կոնաձև գեղձի կողմից մելատոնինի (քնի հորմոն) արտադրությանը։ Ավելացնեմ, որ հաճախ որևէ բան դիտելիս երեխաներն ակտիվանում են, ոգևորվում և դժվարությամբ են տրամադրվում քնին։ Հետևաբար, քնից անմիջապես առաջ էկրանների օգտագործումը խանգարում է քունը և կրճատում այն։ Քնի պակասը կարող է հանգեցնել դյուրագրգիռության, նյութափոխանակության խանգարման, գիրացման, առաջադիմության վատթարացման։
2. ճաշի ժամանակ հրաժարվել ցանկացած տեսակի էլեկտրոնային սարքերից։ Երեխաներ ունեցող շատ ծնողներ կարող են պնդել, որ որևէ բան դիտելիս երեխաներն ավելի լավ են ուտում, չեն կենտրոնանում կերածի վրա, արագ ավարտում են ուտելիքը։ Սակայն այն ունի իր բացասական հետևանքները։
Որևէ գործողություն անելիս մարդու ուղեղը կենտրոնանում է այդ աշխատանքի վրա։ Երբ մարդ ուտելիս հեռուստացույց կամ այլ էկրանի է նայում, նրա ուղեղը չի կարողանում կենտրոնանալ որևէ գործողության վրա, դանդաղում է ուղեղի աշխատանքը, ճիշտ ազդակներ չի ուղարկում մարսողական համակարգին, շեղվում է։ Այս շեղումը կարող է հանգեցնել չափից շատ ուտելուն, նյութափոխանակության խանգարմանը, հագեցածության զգացման թուլացմանը։ Ինչպես նաև, իմ կարծիքով ընթրիքը պարզապես սով հագեցնելու համար չէ։ Կարելի է երեխաների հետ զրուցել ճաշի ընթացքում, կիսվել օրվա տպավորություններով, նորություններով, սովորեցնել սեղանի շուրջ վարվելակերպի կանոնները, անցկացնել հաճելի ժամանակ։
3. ոչ մի տեսակի էլետրոնային սարք չթողնել ննջասենյակում։ Եթե երեխան ունի հեռախոս, ապա քնելիս այն չպետք է տանի իր սենյակ։ Եթե երեխան ունի հեռախոս ծնողների հետ կապ պահելու և ապահովության համար, ապա երբ բոլորը տանն են, երեխան դրա կարիքը չունի, այն իր մոտ կարող է պահել երբ ծնողներից հեռու է։ Ինչպես նաև, եթե նույնիսկ հեռախոսը չի օգտագործում և այն իր սենյակում է, ապա այն նույնպես կարող է խանգարել քունը, քանի որ հնարավոր է լինեն սխալ զանգեր, հավելվածների ազդանշանները հնչեն, հաղորդագրություններ գան։ Այս կանոնից կարող են օգտվել նաև մեծահասակները։
4. սահմանել էկրանից օգտվելու ժամանակը։ Կարդալով և լսելով տարբեր մասնագետների կարծիքները, հետազոտությունների արդյունքները, կարծում եմ կարելի է տալ հետևյալ տարիքային սահմանափակումները՝
  • 0-2 տարեկան երեխաների համար բացառել էկրաններից օգտվելը։
  • 2-3 տարեկան երեխաներին թույլատրել էկրանների կարճատև դիտում։ Եթե հնարավոր է, ապա ավելի լավ կլինի բացառել մինչև 3 տարեկան լրանալը։ Սակայն, որպես կանոն, այն երեխաները, որոնք ունեն ավագ քույր կամ եղբայր, ավելի շուտ են սկսում դիտել։
  • 3-5 տարեկանների համար առավելագույնը 1 ժամ՝ ներառյալ բոլոր տեսակի էլեկտրոնային միջոցները և նյութերը (հեռախոս, հեռուստացույց, համակարգիչ, խաղ, ֆիլմ, էլեկտրոնային գիրք, ուսուցողական հաղորդում և այլն)
  • 6 և բարձր տարիքի երեխաների համար չեմ հանդիպել որևէ ժամային սահմանափակման։ Իմ կարծիքով այն կարող է լինել առավելագույնը 2 ժամ, որը չի խանգարի երեխայի քնին, դրսում և ներսում խաղին, դասապատրաստմանը, սնվելուն և ֆիզիկական ակտիվությանը։ 
5. ցանկացած էկրանի օգտագործման ժամանակը և դիտվող նյութը պետք է լինի ծնողի գիտությամբ և հսկողության ներքո։ 
Շատերի ուշադրության կենտրոնում է դիտումների տևողությունը, սակայն կարծում եմ շատ կարևոր է նաև դիտվող նյութի բովանդակությունը, ինչպես նաև երեխայի վարքագիծը դիտման ընթացքում և հետո։ Տեսանյութը չպետք է երեխային դարձնի դյութագրգիռ, երկչոտ, ագրեսիվ։ Հնարավորության դեպքում լավ կլինի ծնողն երեխայի հետ անցկացնի նոր տեսանյութի, խաղի առաջին դիտում, որի ընթացքում ծնողը կկարողանա ծանոթանալ նյութի բովանդակության, որակին։ Փոքր տարիքի երեխաների դեպքում այն նաև հնարավորություն է տալիս ծնողին բացատրել երեխայի տեսածը, իսկ մեծ տարիքում երեխայի հետ ծնողը կկիսի հետաքրքրությունները, կիմանա նրա նախասիրությունները, կկարողանա բացատրել կարևոր և հուզող թեմաները։ 
Ծնողը պետք է տեղյակ լինի երեխայի դիտած տեսանյութի մասին։ Հաճախ, զբաղվածության պատճառով ծնողները տրամադրում են էկրանը, գնում իրենց գործերով, և երեխան ինքն է որոշում ինչ դիտի։ Փոքր տարիքի երեխան չպետք է ինքնուրույն մնա էկրանի առաջ և ընտրի ցանկացած նյութ։ Դիտվող նյութի ընտրությունը կարող է լինել ըստ երեխայի ցանկության, սակայն ծնողի հաստատելուց հետո։

Ինչո՞ւ չի կարելի երեխայի վրա թողնել տեսանյութի և ալիքի ընտրությունը՝
  • Ինքս անձամբ գիտեմ շատ դեպքեր, հավանաբար շատերն էլ գիտեն, երբ երեխան ինքնուրույն ընտրելով հաջորդ տեսանյութը հասել է իր տարիքին ոչ համապատասխան նյութի, որն իրեն սարսափեցրել էր, արդյունքում առաջացել էին վախեր, խախտվել էր նրա քունը։
  • Որոշ ալիքներով շատ հաճախ ֆիլմն ընդհատվում է գովազդով, որը և՛ խանգարում է երեխային, և՛ ներկայացվում են այնպիսի ապրանքներ, որոնք երեխայի դիտման համար նպատակահարմար չեն։
  • Երբեմն երեխաներն ընտրում են այնպիսի խաղեր և ֆիլմեր, որոնք լեցուն են բռնությամբ, ոչ պատշաճ բառապաշարով և տեսարաններով։ Դրանք մտնում են երեխայի բառապաշարի, ապրելակերպի և աշխարհընկալման մեջ։ Երեխաները կրկնում են այդ գործողությունները, արտահայտությունները բակում, դպրոցում, ընտանիքի անդամների հետ։ Հաճախ ծնողները մեղադրում են մեդիամիջոցներին, կրթական հաստատություններին, սակայն պետք է հիշել, որ երեխայի համար առաջին պատասխանատուն ծնողն է։ Պետք չէ մեղավորներ փնտրել, պարզապես պետք է շտկել իրավիճակը, իսկ ավելի լավ է՝ կանխել։
6. էլեկտրոնային սարքերը, մուլտերի դիտումը չպետք է դառնան երեխային հանգստացնող կամ շեղող միջոցներ։ Երբ երեխային ինչ որ բան է անհանգստացնում կամ նա ձանձրանում է, լացում է, ապա հնարավորության դեպքում լավ կլինի անմիջապես չդիմել էկրանի օգնությանը։ Այն կարող է թվալ արագ լուծում, սակայն անջատելուց հետո երեխան նորից կշարունակի իր նույն վարքագիծը։ Նույն բանը կստացվի եթե կոտրվածքի վրա, առանց վիրաբուժական միջամտության ինքնակպչուն վիրակապ դնենք։ Ինչպես նաև, երեխան սովորություն կդարձնի իր ուզածին հասնելու համար ծնողներին անհարմար իրավիճակի մեջ դնել, մասնավորապես երբ հասկանա, որ ուրիշների ներկայությամբ ծնողները անհարմար տեսարաններից խուսափելու համար պատրաստ են անել նրա ասած ամեն ինչ։ 

7. դասապատրաստման ժամանակ բացառել էկրանների օգտագործումը։ 
Մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ դեռահասներն էկրանների առջև միջինում վատում են 8-9 ժամ, 8-12 տարեկան երեխաները՝ միջինում 6-7 ժամ,  (հեռախոս, սոցիալական մեդիա, խաղեր, երաժշտություն, հեռուստացույց (https://wapo.st/2H2V7UP))։ Հարցվողների կեսը նշել է, որ դասապատրաստման ժամանակ օգտվում է բջջային հեռախոսից։ Նշանակում է, որ դասապատրաստման ժամանակ երեխան ամբողջ ուշադրությունը չի տրամադրում իր դասերին, որն էլ բացասական ազդեցություն է թողնում սովորելու տևողության, սովորածը մտապահելու, առաջադիմության վրա:

Ինչպե՞ս կայացնել երեխային անձնական հեռախոս տալու որոշումը։

Մեկ այլ կարևոր և դժվար հարց է, թե ո՞ր տարիքից երեխային տրամադրել անձնական հեռախոս։ Այսօր 6  տարեկան երեխաներն արդեն ծնողներից հարցնում են, թե երբ կարող են ունենալ սեփական հեռախոս։  
Կարծում եմ երեխային հեռախոս տալու որոշումը պետք է կայացվի՝ ելնելով կարիքից, այլ  ոչ թե նրա տարիքից։ Հաճախ ծնողները լսում են երեխայի խնդրանքը, ում հեռախոս ունենալու հիմնական պատճառն ուրիշներից հետ չմնալն է։ Ընկերներն ունեն հեռախոս, հետևաբար ինքն էլ է ցանկանում ունենալ։
Ըստ իս, նախքան հեռախոս տալու որոշում կայացնելը ծնողը պետք է հաշվի առնի հետևյալ հարցերը՝
  • ի վիճակի՞ է արդյոք երեխան պատասխանատվությամբ օգտագործել հեռախոսը, այսինքն օգտագործել միայն ըստ անհրաժեշտության, դասերի ժամանակ չհանել պայուսակից, հաղորդագրություններ չգրել, ընկերներին չշեղել։
  • հաճա՞խ է կորցնում կամ մոռանում սեփական իրերը (վերարկու, պայուսակ, ձեռնոց, տնային աշխատանք, գիրք-տետր)։ Եթե այո, կարելի է ենթադրել, որ հավանաբար հեռախոսն էլ մի օր կմոռանա կամ կկորցնի։
  • անվտանգության տեսանկյունից երեխայի հետ կապ հաստատելու անհրաժեշտություն կա՞ արդյոք։
  • կկարողանա՞ ծնողի բացակայության դեպքում չպատասխանել անծանոթ զանգերին և հաղորդագրություններին, անծանոթին մերժել և չտալ իր հեռախոսն ու հեռախոսահամարը։ 
  • ինչպիսի՞ հեռախոս տրամադրել, տեսախցիկո՞վ, թե՞ առանց, կանխավճարայի՞ն, համացանցո՞վ, ներբեռնե՞լ խաղեր կամ հավելվածներ, թե՞ ոչ։
Բոլորս լավ հասկանում ենք հեռախոս ունենալու առավելությունները, սակայն երբեմն, հեռախոսի առկայությունն ավելի շատ անհանգստություններ կարող է առաջացնել, քան դրա բացակայությունը։ Օրինակ, երբ ծնողը զանգում է և երեխան անմիջապես չի պատասխանում զանգին, ապա ծնողի մտքով կարող են անցնել վատագույն վարկածները, կամ հնարավոր է երեխայի համար հեռախոսը դառնա բռնության պատճառ (հասակակիցների կամ մեծահասակների կողմից) կամ վաղ հասակից առաջացնել տեխնոլոգիաներից կախվածություն։

Իմ կարծիքով հեռախոս, անձնական էլ․ սարքեր ունենալու դեպքում երեխան ի սկզբանե պետք է իմանա, որ անկախ նրանից, որ այն իր հեռախոսն է, ծնողները ժամանակ առ ժամանակ կամ ըստ անհրաժեշտության կարող են հսկել հեռախոսով նրա գործունեությունը։  Առանց ոտնահարելու երեխայի ինքնասիրությունը, ծնողը կարող է զրուցել և բացատրել, որ ծնողը պատասխանատու է երեխայի հոգեկան և ֆիզիկական առողջության, ինչպես նաև նրա գույքի համար։
  
Որոշ ծնողներ կարծում են, որ երեխայի հեռախոսը, համակարգիչը և այլ սարքերն երեխայի անձնական տարածքն են, ծնողը չպետք է խառնվի, երեխային կվիրավորի նման վերաբերմունքը։ Կարծիքները տարբեր են և ամեն ծնող ինքը պետք է որոշի ինչն է արդյունավետ իր երեխայի և ընտանիքի համար։ 

Այնուամենայնիվ, միշտ պետք է հիշել, որ մարդու ուղեղը զարգացման վերջնակետին է հասնում մոտավորապես 25 տարեկանում։

Ինձ համար համացանցում, վիրտուալ իրականությունում երեխային առանց հսկողության թողնելը նույնն է ինչ դրսում մենակ թողնելը։ Իմ կարծիքով եթե երեխան այնքան հասուն է, որ ծնողը թույլ է տալիս առանց իր ուղեկցության երեխային ինքնուրույն կամ ընկերների հետ դուրս գալ զբոսնելու կամ որևէ վայր այցելել, ապա նույն կերպ կարելի է վարվել նաև համացանցում։ Միևնույն ժամանակ պետք է հիշել, որ մարդիկ համացանցում, սոցիալական հարթակներում ավելի կոպիտ են, աննրբանկատ ու անկառավարելի, քան իրական կյանքում։ 
Բազում փորձեր են կատարվել այդ թեմայի շուրջ։

Վերջերս դեռահասների համար նախատեսված մի հաղորդում էի դիտում որտեղ կատարեցին հետևյալ փորձը։ Դեռահասների երկու խմբի համար հեռուստացույցով միացրել էին մի սկսնակ երգչուհու կատարում։ Առաջին խմբին ասել էին, որ իրենց հեռախոսներով կարող են անանուն գնահատել և գրառումներ անել այդ երգչուհու կատարման մասին։ Երկրորդ խմբին ասել էին, որ այդ երգչուհին կարող է տեսնել նրանց գնահատականներն ու մեկնաբանություններն իր մասին։
Առաջին խմբի դեռահասները շատ կոպիտ, ծաղրական մեկնաբանություններ էին գրել, գնահատել էին 10-ից 2 և նույնիսկ իրար խորհուրդ էին տվել իջեցնել գնահատականը։
Երկրորդ խմբի դեռահասները գնահատել էին 10-ից 5 միավոր, տվել էին ավելի կառուցողական մեկնաբանություններ և խորհուրդներ։
Փորձը համակարգողը խնդրեց առաջին խմբի երեխաներին ընթերցել իրենց մեկնաբանությունները և տալ գնահատականը։ Երբ նրանք սկսեցին կարդալ, հաղորդավարը խնդրեց սպասել և ներս հրավիրեց այդ երգչուհուն։ Նրանք անմիջապես ամաչեցին, կարմրեցին և աչքերը թաքցնելով սկսեցին ընթերցել։ Շատ վատ էին զգում իրենց արտահայտած մտքերի համար և ներողություն խնդրեցին նրանից։ Նույնիսկ վերջին երեխան փոխեց ու ավելի մեղմացրեց իր կարծիքը։ Երբ երգչուհին գնաց, ընկերները հարցրին, թե ինչու փոխեց մեկնաբանությունը, նա ասաց, որ չէր ուզում վիրավորել։
Երկրոդ խմբի երեխաների մոտ ոչ մի փոփոխություն տեղի չունեցավ։ Թե՛ առանց երգչուհու, թե՛ նրա ներկայությամբ, ինչ կարծիք գրել էին, այն էլ կարդացին։

Ծնողները պետք է երեխաներին հստակ տեղեկացնեն և զգուշացնեն վիրտուալ աշխարհի անվտանգության կանոնների, վտանգների մասին։ Երբ երեխան փողոց է անցնում, ծնողները սովորեցնում են լինել զգոն, ուշադիր, կողքերը նայել անցնելուց առաջ, հետևել լուսային ազդանշանին, միևնույն ժամանակ զգույշ լինել մեքենաներից։ Նույն կերպ պետք է սովորեցնել նաև հեռախոսից, համացանցից օգտվելու կանոնները։

Կարծում եմ դեռահասների համար կարելի է տարիքի, ինքնուրույնության, անկախացման, պատասխանատվության ավելացման հետ նվազեցնել հսկողությունը։ Շատ բան կախված է նաև երեխայի հասունությունից։ Կան երեխաներ, որոնք կազմակերպված են  և մեծանում են առանց ծնողներին փորձությունների և խնդիրների մեջ գցելու, ի սկզբանե հսկողության կարիք չի լինում։ Սակայն, եթե ծնողը տեսնում է երեխայի մոտ վարքագծի, տրամադրության և մի շարք այլ փոփոխություններ, ապա անկախ երեխայի տարիքից պետք է որոշակի գործողություններ ձեռնարկի երեխային անուղակի կամ ուղակի կերպով օգնելու համար։

Ի սկզբանե ծնող-երեխա հարաբերությունները պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի, վստահության և համագործակցության վրա։ Երեխան պետք է իմանա, որ ծնողն անկախ իրավիճակից նրան կաջակցի, նրա կողքին կլինի և առանց քննադատության կլսի։

Չկա էլեկտրոնային սարքեր ունենալու տարիքի կամ դրանցից օգտվելու տևողության բացարձակ ճիշտ ընտրության տարբերակ։ Բժիշկների, հոգեբանների, փորձագետների, բազում ծնողների և հետազոտություններ կատարողների կարծիքները տարաբնույթ են և հաճախ հակասական։ Օրեցօր նոր հետազոտություններ և բացահայտումներ են կատարվում, որոնք հաստատում կամ մերժում են նախորդ ուսումնասիրությունների արդյունքները։

Ամեն ընտանիք յուրահատուկ է իր կենսակերպով, կյանքի ռիթմով, նախասիրություններ
ով և սովորույթներով։ Ամեն երեխա առանձնահատուկ է իր ներաշխարհով, բնավորությամբ, առողջական վիճակով։ Երեխայի համար պետք է ծնողները և/կամ պատասխանատու մեծահասակները սահմանեն նրա համար սարքերից օգտվելու կանոնները։ Ծնողների կարծիքները չպետք է հակասեն իրար, և որոշումը պետք է լինի միմյանց հետ համաձայնեցված, հակառակ դեպքում երեխան ոչ մեկի կարծիքը հարգանքով և լրջությամբ չի ընդունի։ Երեխան պետք է նախապես տեղյակ լինի ծնողների սահմանած կանոնների մասին, որպեսզի անախորժություններ, հիասթափություններ և թյուրիմացություններ չլինեն։

Ըստ իս, երեխաների հետ կապված ցանկացած որոշում պետք է ունենա անհատական մոտեցում՝ հիմնվելով տվյալ երեխայի կարիքների և առանձնահատկությունների վրա։


Իսկ դուք էլետրոնային սարքերից օգտվելու ինչպիսի՞ կանոնների եք հետևում։







Comments

Popular posts from this blog

Դիսլեքսիա, դիսգրաֆիա, դիսկալկուլիա: Ի՞նչ գիտենք դրանց մասին

Ի՞նչ գիտենք Դիսլեքսիայի, դիսգրաֆիայի, դիսկալկուլիայի մասին։ Լսել ե՞ք արդյոք այդ տերմինների մասին։  Այս անգամ որոշեցի անդրադառնալ մի երևույթի, որն առկա է մոլորակի բնակչության մոտ 20%-ի մոտ, այսինքն` 5 հոգուց 1-ի մոտ այն առկա է։ Խոսքը գնում է Դիսլեքսիայի մասին։ Արդեն չեմ հիշում՝ երբ լսեցի ու հետաքրքրվեցի Դիսլեքսիայի մասին, բայց լավ հիշում եմ, թե ինչ զգացի այդ պահին ու հասկացա, թե ինչպես էին զգում իրենց մեր դասարանի որոշ երեխաներ, ովքեր ամեն օր բախվում էին դրա հետ կապված խնդիրներին ու դրա մասին գաղափար չունեցող մեծահասակների ու հասակակիցների քննադատություններին։ Ի՞նչ է Դիսլեքսիան։ Նախ մի քանի բառով նշեմ դիսկալկուլիայի ու դիսգրաֆիայի մասին, հետո անցնեմ դիսլեքսիային։ Դիսկալկուլիա - մաթեմատիկական գործողություններ կատարելու դժվարություն Դիսգրաֆիա - գրավոր խոսքի խանգարումներ և դժվարություններ Դիսլեքսիա -  կարդալու հետ կապված բարդություններ, ընթերցելու կարողության խանգարում։ Սովորաբար այն կարող է բացահայտվել նախադպրոցական հասակում, ինչպես նաև դպրոց սկսելու ժամա...

Թթխմոր 0-ից - Sourdough Starter from scratch in Arm

Էս գրառման մեջ մանրամասն պատմելու եմ նոր թթխմոր սարքելու մասին։ Եթե նախապատմությունը չեք ուզում կարդալ, անմիջապես գնացեք ներքև, գրառման կեսից նկարագրել եմ օրական քայլերով գործողությունները։ Խանութում էստեղ թթխմորով հացերը որպես կանոն թթու են ու շատերի մոտ տպավորթյուն ա ստեղծվում, թե թթխմորով հացը թթու է։ Թթխմորով հացը կարող է լինել թթու ու ոչ թթու։ Թթու է ստացվում, եթե խմորի խմորման ընթացքը սառնարանում 24 ժամից ավել է տևում։ Դրանից քիչ խմորվելու դեպքում այն չի ունենում թթու համ։ Քովիդից առաջ խմորիչով հաց թխելու փորձեր շատ եմ արել, բայց 2020թ․ սկզբներին ավելի ակտիվ սկսեցի թխել ու դրան զուգահեռ ինտագրամով տեսնում էի, թե ինչ մեծ տարածում ա գտնում թթխմորով հացը։ Սկզբում մտածեցի, թե ինչու պետք ա էդ երկար գործընթացի մեջ թաթախվեմ, եթե խմորիչով արագ ու լավ ստացվում ա, բայց ինստագրամի ալգորիթմն իր գործն արեց։ Սկսեցի ավելի հաճախ տեսնել թթխմորով հացի նկարներ, վիդեոներ ու վերջը որոշեցի ես էլ միանալ էդ հավես ալիքին։ Կարդացի, ուսումնասիրեցի, օգտակար հատկությունների մասին հետաքրքրվեցի, փորձեցի ու 202...

Զապել Եսայանի նամակն իր աղջկան

Զապել Եսայանի մասին ( https://with.hripsi.me/2019/04/Armenian-literature-women-writers.html ) ուսումնասիրելիս հանդիպեցի մի շարք նամակների, որոնք նա ուղարկել էր իր հարազատներին, ընկերներին։ Ինձ անչափ դուր եկավ իր աղջկան ուղղված նամակներից մեկը։ Այնքա՜ն գեղեցիկ ձևով ու կարևոր թեմաների մասին է գրում, խորհուրդ տալիս, այնքա՜ն սիրով ու ափսոսանքով լցված է շնորհավորում տասնչորսամյա դստեր տարեդարձը։  Որոշեցի այս գրրառման մեջ զետեղել այդ նամակը, քանի որ շատերի համար գուցե հետաքրքիր կլինի տեսնել  100 տարի առաջ ապրող  զարգացած հայ կնոջ վերաբերմունքն ու մտահոգությունն իր դստեր ապագայի վերաբերյալ։ Կարծում եմ ցանկացած ծնող կարող է այս գեղեցիկ տողերից քաղել մի շարք մտքեր, որոնք կօգնեն մեծացնել ինքնավստահ, տոկուն, ձգտումով, չընկրկող մարդ։ Սոֆի Եսայանին 1914, մարտի 20, Սկյուտար Շատ սիրելի աղջիկս, Դու արդեն փոքրիկ օրիորդ ես հիմա: Դարձել ես տասնչորս տարեկան, իսկ դա քեզ համար ունի հատուկ նշանակություն, քանի որ այս տարի ավարտելու ես տարրական կրթությունդ: Սիրե...

Հայ գրականություն․ ճանաչենք հայ կին գրողներին. Զապել Եսայան

Մինչ այս գրառումը կարդալն առաջարկում եմ մի պահ հիշել ձեզ հայտնի հայ տղամարդ գրողների անունները։ Վստահ եմ առնվազն 10 գրողի անուն հիշեցիք։ Իսկ հիմա փորձեք հիշել հայ կին գրողների անունները։ Քանի՞ կին գրողի անուն հիշեցիք։ Հայ գրականության դպրոցական ծրագրում չեմ հիշում հայ կին գրողների վերաբերյալ դասերի մասին, միայն Սիլվա Կապուտիկյանին։ Մեր դասագրքերում ներկայացված էին հայ տղամարդ գրողները և նրանց ստեղծագործությունները։ Դասարանի պատին փակցված էին տղամարդ գրողների նկարները։ Ես շատ հպարտ եմ, որ մենք նման գեղեցիկ գրականություն ունենք, բայց ցավոք դասագրքերում ամբողջ պատկերը ներկայացված չէր։  Այնպես չէ, որ չունեինք կին գրողներ, ու դրա համար ներառված չէին։ Ներկայացված չէին 19-20-րդ դարերի ականավոր կին գրողները, ովքեր միշտ կարևոր գործ են կատարել հայկական մշակույթի պահպանման և մարդու իրավունքների պաշտպանության, ազգապահպանման գործում։ Օրինակ բերեմ ոմանց անունները՝ Սրբուհի  Տյուսաբ (Վահանյան 1840–1901 թթ.) Սիպիլ (Զապել Ասատուր, Զապել Խանջյան 1863–1934 թթ.) Շուշանիկ...

Enmeshment - Խճճված հարաբերություններ

Էս թեման մի կես տարի ա ինչ խմորվում ա մտքիս ու վերջերս մի հոլովակ տեսա ու դա էլ առիթ դարձավ, որ վերջապես մտքերս հավաքեմ ու գրեմ դրա մասին։  Մի հասուն տղամարդ (տարիքով հասուն, էմոցիոնալ առումով դժվարանում եմ ասել), զրուցակցին ասում ա, որ իր մաման իրեն օրական 20 անգամ զանգում ա, հարցնում ա, թե որտեղ ա, ինչ ա կերել, ուր ա գնացել, ինչ ա արել, կինն ու էրեխեքը որտեղ են, ինչ են անում ու էդ ամենն ամեն օր։ Ինքը դա նորմալ ա համարում, ասում ա , որ ով ինչ ուզում ա մտածի, ինչքան պետք ա, էնքան էլ կարող ա մամաս զանգել։  I'm Glad My Mom Died by Jennette McCurdy ինքնակենսագրական գրքում դերասան Ջենեթ ՄաքՔրդին պատմում ա իր ու մոր խճճված հարաբերությունների, նրա կյանքի տարբեր ոլորտներում՝ սննդակարգի (թերսնում, գեղեցկության ստանդարտներ․․․), կարիերայի (մայրն իր չիրականացած երազանքը կապում ա աղջկա վզին), առողջության, հարաբերությունների վրա մոր խիստ վերահսկողության ու էդ ամենով նրան տրավմաներ, միջոցներից կախյալություն, մի շարք մտավոր խնդիրներ առաջացնելու մասին։ Նմանատիպ օրինակները շատ-շատ են։ Ու էսօր ...

Ծնողական սեր․ որո՞նք են երեխայի (մեծերի) համար նախընտրելի սիրո 5 լեզուները

Կարծում եմ ցանկացած գիտակից ծնող յուրովի սիրում է իր երեխային, սակայն  միշտ չէ որ այդ սերը երեխան տեսնում է և զգում։ Երբեմն ծնողներին թվում է, որ եթե հոգ են տանում երեխայի մասին, կերակրում, կրթում են, ապա նրանց սերն ակնհայտ է դառնում երեխայի համար։ Երբեմն ծնողական սերը խորն է լինում և երեխայի համար հասկանալի ոչ մի գործողությամբ չի արտահայտվում։  Մի քանի սերունդ առաջ, երեխայի հանդեպ սերն արտահայտելն այնքան էլ ընդունված ու ցանկալի չէր։  Շատ ընտանիքներում ակնկալվում էր, որ երեխան պետք է երևար, բայց նրա ձայնը դուրս չգար։ Նույնիսկ 1920-ական թվականների վերջին ամերիկացի հոգեբան Ջոն Ուոթսոնն իր հրապարակումներից մեկում նշել էր՝  «Երբեք մի՛ գրկեք և մի՛ համբուրեք երեխային, երբեք մի՛ նստացրեք ձեր գրկին։ Եթե պետք է համբուրեք, ապա կարող եք համբուրել օրը մեկ անգամ  միայն  ճակատը՝ բարի գիշեր ասելիս։ Առավոտյան ողջունեք ձեռքը սեղմելով։ Եթե բացառիկ, դժվար աշխատանք է կատարել՝ կարող եք գլուխը շոյել» 1 ։ Ցավոք, այս լուրջ մասնագիտական խորհուրդը մեծ քանակությամբ ընտանիքներ...

Երեխայի վրա բղավելու երկարատեվ բացասական հետեվանքները

Ինձ համար երեխայի վրա գոռալը տհաճ սովորություն է։ Բայց կարծես երբեմն անելանելի վիճակում հայտնվելիս ծնողին ոչինչ չի մնում քան բղավել։ Արդյոք դա արդյունավե՞տ է։ Ինչպե՞ս է գոռացողն իրեն զգում գոռալուց անմիջապես հետո։ Ինչպիսի՞ն է երեխայի վարքագիծը ծնողի գոռալու ընթացքում և հետո։ Շատերը քննադատում են երեխայի հանդեպ ֆիզիկական բռնությունը, հասկանում են դրա վատ ազդեցությունները, ասում են, որ երբեք չեն հարվածում իրենց երեխային և գոռալը համարում են միակ սաստելու ձևը։ Սակայն, պետք է նշեմ, որ երեխայի վրա գոռալը նույնպես բռնության տեսակ է, որը կարող է անդառնալի հետևանքներ թողնել երեխայի հոգեկան և ֆիզիկական զարգացման վրա։ Այստեղ ի նկատի ունեմ ոչ թե մեկ կամ երկու անգամ բղավելը, այլ՝ պարբերաբար բղավելով երեխայի հետ շփումը։ Ըստ 2013 թվականին   Փիթսբուրգի և Միչիգանի համալսարանների կողմից կատարած գիտական հետազոտությունների արդյունքների, դեռահասների վրա գոռալը նույնչափ վտանգավոր է որքան հարվածելը։ Փիթսբուրգի Համալսարանի Կրթության և հոգեբանության դասախոս-օգնական, հետազոտութ...