Skip to main content

Զապել Եսայանի նամակն իր աղջկան


Զապել Եսայանի մասին (https://with.hripsi.me/2019/04/Armenian-literature-women-writers.html) ուսումնասիրելիս հանդիպեցի մի շարք նամակների, որոնք նա ուղարկել էր իր հարազատներին, ընկերներին։ Ինձ անչափ դուր եկավ իր աղջկան ուղղված նամակներից մեկը։ Այնքա՜ն գեղեցիկ ձևով ու կարևոր թեմաների մասին է գրում, խորհուրդ տալիս, այնքա՜ն սիրով ու ափսոսանքով լցված է շնորհավորում տասնչորսամյա դստեր տարեդարձը։ 
Որոշեցի այս գրրառման մեջ զետեղել այդ նամակը, քանի որ շատերի համար գուցե հետաքրքիր կլինի տեսնել 100 տարի առաջ ապրող զարգացած հայ կնոջ վերաբերմունքն ու մտահոգությունն իր դստեր ապագայի վերաբերյալ։
Կարծում եմ ցանկացած ծնող կարող է այս գեղեցիկ տողերից քաղել մի շարք մտքեր, որոնք կօգնեն մեծացնել ինքնավստահ, տոկուն, ձգտումով, չընկրկող մարդ։


Սոֆի Եսայանին


1914, մարտի 20, Սկյուտար


Շատ սիրելի աղջիկս,


Դու արդեն փոքրիկ օրիորդ ես հիմա: Դարձել ես տասնչորս տարեկան, իսկ դա քեզ համար ունի հատուկ նշանակություն, քանի որ այս տարի ավարտելու ես տարրական կրթությունդ:


Սիրելի Սոֆի, որքա՜ն կուզենայի լինել քեզ մոտ, Փարիզում, և գրկելով շնորհավորել ծննդյանդ տարեդարձը: Ես Բատիին գրել եմ իմ ուշացման պատճառը, և նա քեզ կբացատրի, թե ինչու եմ մի քանի շաբաթ հետո գալու: Այդ հետաձգումն առավելապես քո օգտի համար է, թեև իմ աչքում ամենակարևորն այն է, որ հնարավորին չափ շուտ միանամ քեզ: Համենայն դեպս, լավ է այն, ինչ վերջանում է բարեհաջող: Ես ամեն ջանք գործադրում եմ, որպեսզի քո ապագան ապահովված լինի, և դու կարողանաս հետևել այն ասպարեզին, որ ընտրելու ես ըստ քո սեփական հակումների:

Սիրելի աղջիկս, մենք շուտով միասին կլինենք, և կխոսենք այս ամենի մասին: Այնուամենայնիվ, ուզում եմ քեզ նախօրոք ասել, որ առաջին հերթին պետք է սարսափել միջակությունից, այսինքն` անգույն ու նվաստ դիրքից: Հայտնի մարդ դառնալ, անձնական արժանիքներ ցուցաբերել, բարձր նպատակի ծառայել – ահա սրանք պետք է լինեն քո ձգտումները: Ի՜նչ նշանակություն ունի երջանիկ կամ ապերջանիկ լինելը: Ամենադժբախտ մարդը նա է, ով վարում է միջակ ու անօգուտ կյանք, ներքուստ ափսոսալով, որ վրիպել է իր կոչումից: Մի՛ վախեցիր հավակնոտ թվալուց: Վեհ իդեալների ձգտողը չի կարող համեստ մնալ, հեզ ու խոնարհ ապրել: Հարկավոր է, որ արդեն որոնես քո ուղին, և այն գտնելուց հետո անշեղ քայլես դեպի նպատակակետը, ուշադրություն չդարձնելով այն խորհուրդներին, որոնցով «գործնական» մարդիկ կփորձեն խափանել ճանապարհդ:

Դու խելացի ես, հոգով ու մարմնով առողջ: Եվ դու պատկանում ես մի ժողովրդի, որը քանակապես փոքր լինելով հանդերձ, մեծ է իր տառապանքներով, մաքառումներով, հույսերով: Դու կոչված ես մասնակցելու նրա պայքարին, նրա իղձերի իրականացման գործին: Քո ժողովրդի և քո ծագման բերումով դու կոչված ես մեծ դեր խաղալու քո երկրում, որտեղ հարկավոր է ոչ միայն աշխատել, այլև կազմակերպել կյանքը, նույնիսկ ստեղծել այն: Կարելի՞ է պատկերացնել դրանից ավելի հետաքրքրական ու գեղեցիկ ասպարեզ:

Սիրելի Սոֆի, քո դպրոցական ընկերուհիները, անկասկած կընտրեն հարմարավետ ասպարեզներ: Եվ ճիշտ կանեն: Որովհետև նրանք ունեն միայն մեկ մտահոգություն. դառնալ լավ քաղաքացիներ, և հետևաբար` ընտանիքի լավ մայրեր: Այնինչ դու պարտավոր ես հայացքդ բարձրացնել ավելի վեր, պարտավոր ես միտքդ լարել` պիտանի և լայնարձակ մի գործողություն ընդգրկելու համար: Դու պետք է արժանի դառնաս քո ճակատագրին, որը վսեմ է և փառաշուք:

Թե ինչ ճանապարհով ես հասնելու քո ճակատագրին, դա ինքդ պետք է որոշես: Բոլոր ճանապարհները էլ լավ են և «բոլոր ճանապարհները դեպի Հռոմ կտանեն», տվյալ դեպքում` դեպի գերագույն նպատակը: Ես հուսով եմ, որ քո ունակություների և կամքի մասին իմ կարծիքը ամենևին էլ չափազանցված չէ և համընկնում է քո ձգտումներին:

Ես, մայրիկը և Հրանտը նորից ու նորից համբուրում ենք քեզ: Բոլորս էլ հուսով ենք, սիրելի Սոֆի, որ շուտով կհանդիպենք:

Քեզ տեսնել տենչացող մայրդ`

Զապել

Հ.Գ. Քո ծննդյան տարեդարձի առթիվ ուղարկում եմ մի նվեր, որը հաճելի անակնկալ կլինի: Բայց այն ձեռքդ կհասնի մի քանի օրից:









Comments

Popular posts from this blog

Դիսլեքսիա, դիսգրաֆիա, դիսկալկուլիա: Ի՞նչ գիտենք դրանց մասին

Ի՞նչ գիտենք Դիսլեքսիայի, դիսգրաֆիայի, դիսկալկուլիայի մասին։ Լսել ե՞ք արդյոք այդ տերմինների մասին։  Այս անգամ որոշեցի անդրադառնալ մի երևույթի, որն առկա է մոլորակի բնակչության մոտ 20%-ի մոտ, այսինքն` 5 հոգուց 1-ի մոտ այն առկա է։ Խոսքը գնում է Դիսլեքսիայի մասին։ Արդեն չեմ հիշում՝ երբ լսեցի ու հետաքրքրվեցի Դիսլեքսիայի մասին, բայց լավ հիշում եմ, թե ինչ զգացի այդ պահին ու հասկացա, թե ինչպես էին զգում իրենց մեր դասարանի որոշ երեխաներ, ովքեր ամեն օր բախվում էին դրա հետ կապված խնդիրներին ու դրա մասին գաղափար չունեցող մեծահասակների ու հասակակիցների քննադատություններին։ Ի՞նչ է Դիսլեքսիան։ Նախ մի քանի բառով նշեմ դիսկալկուլիայի ու դիսգրաֆիայի մասին, հետո անցնեմ դիսլեքսիային։ Դիսկալկուլիա - մաթեմատիկական գործողություններ կատարելու դժվարություն Դիսգրաֆիա - գրավոր խոսքի խանգարումներ և դժվարություններ Դիսլեքսիա -  կարդալու հետ կապված բարդություններ, ընթերցելու կարողության խանգարում։ Սովորաբար այն կարող է բացահայտվել նախադպրոցական հասակում, ինչպես նաև դպրոց սկսելու ժամա...

Թթխմոր 0-ից - Sourdough Starter from scratch in Arm

Էս գրառման մեջ մանրամասն պատմելու եմ նոր թթխմոր սարքելու մասին։ Եթե նախապատմությունը չեք ուզում կարդալ, անմիջապես գնացեք ներքև, գրառման կեսից նկարագրել եմ օրական քայլերով գործողությունները։ Խանութում էստեղ թթխմորով հացերը որպես կանոն թթու են ու շատերի մոտ տպավորթյուն ա ստեղծվում, թե թթխմորով հացը թթու է։ Թթխմորով հացը կարող է լինել թթու ու ոչ թթու։ Թթու է ստացվում, եթե խմորի խմորման ընթացքը սառնարանում 24 ժամից ավել է տևում։ Դրանից քիչ խմորվելու դեպքում այն չի ունենում թթու համ։ Քովիդից առաջ խմորիչով հաց թխելու փորձեր շատ եմ արել, բայց 2020թ․ սկզբներին ավելի ակտիվ սկսեցի թխել ու դրան զուգահեռ ինտագրամով տեսնում էի, թե ինչ մեծ տարածում ա գտնում թթխմորով հացը։ Սկզբում մտածեցի, թե ինչու պետք ա էդ երկար գործընթացի մեջ թաթախվեմ, եթե խմորիչով արագ ու լավ ստացվում ա, բայց ինստագրամի ալգորիթմն իր գործն արեց։ Սկսեցի ավելի հաճախ տեսնել թթխմորով հացի նկարներ, վիդեոներ ու վերջը որոշեցի ես էլ միանալ էդ հավես ալիքին։ Կարդացի, ուսումնասիրեցի, օգտակար հատկությունների մասին հետաքրքրվեցի, փորձեցի ու 202...

Հայ գրականություն․ ճանաչենք հայ կին գրողներին. Զապել Եսայան

Մինչ այս գրառումը կարդալն առաջարկում եմ մի պահ հիշել ձեզ հայտնի հայ տղամարդ գրողների անունները։ Վստահ եմ առնվազն 10 գրողի անուն հիշեցիք։ Իսկ հիմա փորձեք հիշել հայ կին գրողների անունները։ Քանի՞ կին գրողի անուն հիշեցիք։ Հայ գրականության դպրոցական ծրագրում չեմ հիշում հայ կին գրողների վերաբերյալ դասերի մասին, միայն Սիլվա Կապուտիկյանին։ Մեր դասագրքերում ներկայացված էին հայ տղամարդ գրողները և նրանց ստեղծագործությունները։ Դասարանի պատին փակցված էին տղամարդ գրողների նկարները։ Ես շատ հպարտ եմ, որ մենք նման գեղեցիկ գրականություն ունենք, բայց ցավոք դասագրքերում ամբողջ պատկերը ներկայացված չէր։  Այնպես չէ, որ չունեինք կին գրողներ, ու դրա համար ներառված չէին։ Ներկայացված չէին 19-20-րդ դարերի ականավոր կին գրողները, ովքեր միշտ կարևոր գործ են կատարել հայկական մշակույթի պահպանման և մարդու իրավունքների պաշտպանության, ազգապահպանման գործում։ Օրինակ բերեմ ոմանց անունները՝ Սրբուհի  Տյուսաբ (Վահանյան 1840–1901 թթ.) Սիպիլ (Զապել Ասատուր, Զապել Խանջյան 1863–1934 թթ.) Շուշանիկ...

Enmeshment - Խճճված հարաբերություններ

Էս թեման մի կես տարի ա ինչ խմորվում ա մտքիս ու վերջերս մի հոլովակ տեսա ու դա էլ առիթ դարձավ, որ վերջապես մտքերս հավաքեմ ու գրեմ դրա մասին։  Մի հասուն տղամարդ (տարիքով հասուն, էմոցիոնալ առումով դժվարանում եմ ասել), զրուցակցին ասում ա, որ իր մաման իրեն օրական 20 անգամ զանգում ա, հարցնում ա, թե որտեղ ա, ինչ ա կերել, ուր ա գնացել, ինչ ա արել, կինն ու էրեխեքը որտեղ են, ինչ են անում ու էդ ամենն ամեն օր։ Ինքը դա նորմալ ա համարում, ասում ա , որ ով ինչ ուզում ա մտածի, ինչքան պետք ա, էնքան էլ կարող ա մամաս զանգել։  I'm Glad My Mom Died by Jennette McCurdy ինքնակենսագրական գրքում դերասան Ջենեթ ՄաքՔրդին պատմում ա իր ու մոր խճճված հարաբերությունների, նրա կյանքի տարբեր ոլորտներում՝ սննդակարգի (թերսնում, գեղեցկության ստանդարտներ․․․), կարիերայի (մայրն իր չիրականացած երազանքը կապում ա աղջկա վզին), առողջության, հարաբերությունների վրա մոր խիստ վերահսկողության ու էդ ամենով նրան տրավմաներ, միջոցներից կախյալություն, մի շարք մտավոր խնդիրներ առաջացնելու մասին։ Նմանատիպ օրինակները շատ-շատ են։ Ու էսօր ...

Ծնողական սեր․ որո՞նք են երեխայի (մեծերի) համար նախընտրելի սիրո 5 լեզուները

Կարծում եմ ցանկացած գիտակից ծնող յուրովի սիրում է իր երեխային, սակայն  միշտ չէ որ այդ սերը երեխան տեսնում է և զգում։ Երբեմն ծնողներին թվում է, որ եթե հոգ են տանում երեխայի մասին, կերակրում, կրթում են, ապա նրանց սերն ակնհայտ է դառնում երեխայի համար։ Երբեմն ծնողական սերը խորն է լինում և երեխայի համար հասկանալի ոչ մի գործողությամբ չի արտահայտվում։  Մի քանի սերունդ առաջ, երեխայի հանդեպ սերն արտահայտելն այնքան էլ ընդունված ու ցանկալի չէր։  Շատ ընտանիքներում ակնկալվում էր, որ երեխան պետք է երևար, բայց նրա ձայնը դուրս չգար։ Նույնիսկ 1920-ական թվականների վերջին ամերիկացի հոգեբան Ջոն Ուոթսոնն իր հրապարակումներից մեկում նշել էր՝  «Երբեք մի՛ գրկեք և մի՛ համբուրեք երեխային, երբեք մի՛ նստացրեք ձեր գրկին։ Եթե պետք է համբուրեք, ապա կարող եք համբուրել օրը մեկ անգամ  միայն  ճակատը՝ բարի գիշեր ասելիս։ Առավոտյան ողջունեք ձեռքը սեղմելով։ Եթե բացառիկ, դժվար աշխատանք է կատարել՝ կարող եք գլուխը շոյել» 1 ։ Ցավոք, այս լուրջ մասնագիտական խորհուրդը մեծ քանակությամբ ընտանիքներ...

Երեխայի վրա բղավելու երկարատեվ բացասական հետեվանքները

Ինձ համար երեխայի վրա գոռալը տհաճ սովորություն է։ Բայց կարծես երբեմն անելանելի վիճակում հայտնվելիս ծնողին ոչինչ չի մնում քան բղավել։ Արդյոք դա արդյունավե՞տ է։ Ինչպե՞ս է գոռացողն իրեն զգում գոռալուց անմիջապես հետո։ Ինչպիսի՞ն է երեխայի վարքագիծը ծնողի գոռալու ընթացքում և հետո։ Շատերը քննադատում են երեխայի հանդեպ ֆիզիկական բռնությունը, հասկանում են դրա վատ ազդեցությունները, ասում են, որ երբեք չեն հարվածում իրենց երեխային և գոռալը համարում են միակ սաստելու ձևը։ Սակայն, պետք է նշեմ, որ երեխայի վրա գոռալը նույնպես բռնության տեսակ է, որը կարող է անդառնալի հետևանքներ թողնել երեխայի հոգեկան և ֆիզիկական զարգացման վրա։ Այստեղ ի նկատի ունեմ ոչ թե մեկ կամ երկու անգամ բղավելը, այլ՝ պարբերաբար բղավելով երեխայի հետ շփումը։ Ըստ 2013 թվականին   Փիթսբուրգի և Միչիգանի համալսարանների կողմից կատարած գիտական հետազոտությունների արդյունքների, դեռահասների վրա գոռալը նույնչափ վտանգավոր է որքան հարվածելը։ Փիթսբուրգի Համալսարանի Կրթության և հոգեբանության դասախոս-օգնական, հետազոտութ...