Skip to main content

Կյանքի 4 փուլերը

Երբևէ մտածել ե՞ք կյանքի էտապների, տարբեր սերունդների փոխհարաբերությունների մասին։

Ինձ միշտ հետաքրքրել է, թե մեծերն ինչո՞ւ հաճախ չեն հասկանում երիտասարդներին, չէ՞ որ նրանք էլ են եղել այդ տարիքում, պետք է որ հիշեն իրենց ու ընբռնումով մոտենան։ Երևի թե Հայրեր և որդիներ թեման միշտ արդիական կլինի։

Շատ մշակույթներում փորձել են սահմանել կյանքի փուլերը և տալ դրանց նկարագրությունները։ Այս անգամ անդրադառնում եմ այս թեմային ու ուզում եմ` մի քիչ շեղվենք մեր առօրյա վիրուսային թեմաներից ու ուսումնասիրենք մեր կյանքի էտապներն ու ավելի գիտակցված կերպով ապրենք։ Ի դեպ, ոմանք կյանքի փուլերն անցնում են շատ սահուն և բնական ձևով, ոմանք էլ երկար մնում են որևէ փուլում և հասնում են վերջին փուլին՝ բաց թողնելով շատ կարևոր միջանկյալ փուլերը։

Որո՞նք են կյանքի 4 փուլերը։ 

1-ին փուլ։ Կրկնօրինակում

Առաջին փուլում նոր ծնված երեխան բնական կարիքները հոգալուց բացի ոչինչ չի կարողանում անել։ Մենք այս փուլում զրոյից սովորում ենք անել ամեն ինչ․ հաղորդակցվել մեզ շրջապատող մարդկանց հետ, ուտել, քայլել, խոսել, կարդալ և այլն։ Սկզբնական շրջանում սովորում ու կրկնօրինակում ենք, օրինակ ենք վերցնում մեր մասին հոգ տանող մեծահասակներից, ծնողներից, խնամակալից, տատիկ-պապիկից, դայակից ու ուսուցիչներից։ Մեծանալուն զուգընթաց լայնանում է նաև մեր շփման շրջանակը և մենք սկսում ենք կրկնօրինակել մեր հասակակիցներին ու մեզ համար այլ հեղինակություն ներկայացնող մարդկանց՝ մարզիկներին, դերասաններին, երգիչներին, սուպեր-հերոսներին, և այլն։

Այս փուլում սովորում ենք հասարակության համար ընդունելի վարվերալձևը, նորմերն ու կանոնները, փորձում ենք ինտեգրվել և մեր շրջապատից չտարբերվելու համար նմանվում ենք մեզ համար կարևոր մարդկանց, ակնկալում ենք մեր գործողությունների համար մյուսների հաստատումները։

Այս փուլը մոտավորապես տևում է մինչ պատանեկության ավարտը։

Այս էտապում նպատակն է դառնալ ինքնակարգավորվող մեծահասակ։

Ոմանց բախտը չի բերում և նրանց համար պատասխանատու մեծահասակները խանգարում են բնականոն զարգացումը, զրկում են ընտրության հնարավորությունից, չեն հաստատում որոշումները, չեն աջակցում և արդյունքում մարդ մշտապես կախվածություն է ունենում մյուսների կարծիքներից և հաստատումներից, ընդմիշտ մնալով 1-ին փուլում։


Որքան էլ որ դժվար լինի այդ գործը, որպես ծնող, խնամակալ մենք պարտավոր ենք մեր երեխաներին և մեր պատասխանատվության տակ գտնվողներին հնարավորություն տալ, որ դառնան անկախ և ինքնուրույն։


Երբ մարդ կարողանում է ինքնուրույն որոշումներ կայացնել հենվելով իր արժեհամակարգի վրա, այդ ժամանակ նա պատրաստ է լինում անցնել հաջորդ փուլ։


2-րդ փուլ։ Ինքնաբացահայտում

Առաջին փուլում փորձում էինք կրկնօրինակել ու նմանվել մեր շրջապատին, իսկ երկերոդ փուլում արդեն ձգտում են լինել յուրօրինակ, ինքնատիպ, անկախ ու ինքնուրույն որոշում կայացնող։ Փորձում ենք ճանաչել ինքներս մեզ, փորձել և ինքնահաստատվել որպես անհատ։
Որպես կանոն ավարտում ենք կրթական հաստատություններն ու փորձում գտնել մեր ուրույն տեղը կյանքում, գտնում աշխատանք, սիրված գործ, փորձարկում տարբեր բաներ, փորձում ենք մեր ու ուրիշների սահմանները։ Այդ ընթացում որոշ փորձեր հաջողվում են, որոշները՝ ոչ, թույլ ենք տալիս բազում սխալներ և սովորում դրանցից, հենվում դրանց վրա հետագա քայլերը ճիշտ կատարելու համար։ 

Սա արկածների և փորձությունների փուլն է և այս փուլում մենք ճանաչում ենք մեզ, մեր ունակությունները, հնարավորություններն ու սահմանները։ 
Սովորաբար այս փուլը սկսում է պատանեկության ավարտին մոտ և տևում է մինչև 30-ի կեսերը։ 

Երբեմն մարդիկ ավելի երկար են մնում այս փուլում քան պետք է, քանի որ չեն կարողանում գտնել իրենց ինքնությունը, հետաքրքրություններն ու սահմանափակումները։ Անդադար փնտրտուքների մեջ են և այդպես էլ չկողմնորոշված գլորում են կյանքը։



3-րդ փուլ։ Պարտավորությունների ստանձնում

Նախորդ փուլում փորձարկում ենք մի շարք նորություններ, հասկանում ենք մեր սահմանները, բացահայտում ենք մեր ուժեղ կողմերը և երրորդ փուլում հաստատում ենք մեր նախասիրություններն ու հմտությունները։ Կենտրոնացնում ենք մեր ուշադրությունն ու ժամանակն այն բաների վրա, որոնք մեզ համար կարևոր են և արժեք են ներկայացնում։ Այս ընթացքում սովորաբար ընտանիք ենք ստեղծում, ամրապնդում ենք կարևոր հարաբերությունները և ավելի բծախնդիր ենք դառնում ընկերների, ժամանցի, գործողությունների հարցում։ Հրաժարվում ենք անառողջ հարաբերություններից, երբեմն էլ սովորություններից։ Ձեռք ենք բերում մի շարք պատասխանատվություններ ոչ միայն մեզ համար, այլև՝ մյուսների։ Այս փուլում փորձում ենք այնպիսի բան ստեղծել, որն արժեք կունենա շատերի համար, ջանում ենք շրջապատի ու ընտանիքի համար կարևոր ու նշանակալից գործ անել, փորձում ենք ավանդ թողնել մարդկությանը։ 

Այս փուլը սովորաբար սկսվում է 30 տարեկանի սահմաններում և տևում է մինչև վաղ ծերություն։ Ոմանց համար շատ դժվար է այս փուլը լքելն ու մյուսին անցնելը, կառչում են իրենց տեղից և չեն կարողանում սահուն անցնել վերջին կարևոր փուլին։


4-րդ փուլ։ Ժառանգության փոխանցում

Այս փուլում, որպես կանոն մարդիկ նոր արժեքներ չեն ստեղծում, այլ փորձում են իրենց ձեռքբերումները, արժեքները, ստեղծածը, իմաստությունը փոխանցել մարդկությանը,  իրենց երեխաներին, հաջորդ սերունդներին։ Մարդիկ հասկանում են, որ կյանքը հավերժ չէ և փորձում են ներդրում ունենալ նոր սերունդների զարգացման գործընթացում, կիսվել փորձով և գիտելիքներով։

Այս փուլում արդեն էներգիայի պակասը թույլ չի տալիս կատարել խելահեղ բացահայտումներ և ունենալ արկածներ, սակայն չի նշանակում, որ կյանքն արդեն ավարտված է, պարզապես պետք է վայելել վաստակած հանգիստն ու ոգեշնչել ու քաջալերել երիտասարդ սերունդներին։

Իհարկե կան մարդիկ, ովքեր մինչև խորը ծերություն շարունակում են աշխատել (ոմանք ստիպված, ոմանք էլ իրենց ընտրությամբ), ստեղծագործել և որքան որ նրանց էներգիան ներում է փորձում են մարդկությանը տալ իրենց ներուժը և ապրել իմաստալից կյանքով։


Կարծում եմ շատ կարևոր է հասկանալ, թե որ փուլում ենք, ճանաչենք մեզ, հասկանանք մեր երեխաների զարգացման փուլերը, որ չխանգարենք նրանց բնականոն հասունացմանը, ջանանք աջակցել ցանկացած տարիքում՝ ոչ թե հետ պահել և սահմանափակել։

Իսկ Դուք հիմա կյանքի ո՞ր փուլում եք։











Comments

Popular posts from this blog

Թթխմոր 0-ից - Sourdough Starter from scratch in Arm

Այս գրառման շրջանակում մանրամասնորեն պատմելու եմ նոր թթխմոր սարքելու մասին։ Եթե նախապատմությունը չեք ուզում կարդալ, անմիջապես գնացեք ներքև, գրառման կեսից նկարագրել եմ օրական քայլերով գործողությունները։ Խանութում էստեղ թթխմորով հացերը որպես կանոն թթու են ու շատերի մոտ տպավորթյուն ա ստեղծվում, թե թթխմորով հացը թթու է։ Թթխմորով հացը կարող է լինել թթու ու ոչ թթու։ Թթու է ստացվում, եթե խմորի խմորման ընթացքը սառնարանում 24 ժամից ավել է տևում։ Դրանից քիչ խմորվելու դեպքում այն չի ունենում թթու համ։ Քովիդից առաջ խմորիչով հաց թխելու փորձեր շատ եմ արել, բայց 2020թ․ սկզբներին ավելի ակտիվ սկսեցի թխել ու դրան զուգահեռ ինտագրամով տեսնում էի, թե ինչ մեծ տարածում ա գտնում թթխմորով հացը։ Սկզբում մտածեցի, թե ինչու պետք ա էդ երկար գործընթացի մեջ թաթախվեմ, եթե խմորիչով արագ ու լավ ստացվում ա, բայց ինստագրամի ալգորիթմն իր գործն արեց։ Սկսեցի ավելի հաճախ տեսնել թթխմորով հացի նկարներ, վիդեոներ ու վերջը որոշեցի ես էլ միանալ էդ հավես ալիքին։ Կարդացի, ուսումնասիրեցի, օգտակար հատկությունների մասին հետաքրքրվեցի, փո...

Դիսլեքսիա, դիսգրաֆիա, դիսկալկուլիա: Ի՞նչ գիտենք դրանց մասին

Ի՞նչ գիտենք Դիսլեքսիայի, դիսգրաֆիայի, դիսկալկուլիայի մասին։ Լսել ե՞ք արդյոք այդ տերմինների մասին։  Այս անգամ որոշեցի անդրադառնալ մի երևույթի, որն առկա է մոլորակի բնակչության մոտ 20%-ի մոտ, այսինքն` 5 հոգուց 1-ի մոտ այն առկա է։ Խոսքը գնում է Դիսլեքսիայի մասին։ Արդեն չեմ հիշում՝ երբ լսեցի ու հետաքրքրվեցի Դիսլեքսիայի մասին, բայց լավ հիշում եմ, թե ինչ զգացի այդ պահին ու հասկացա, թե ինչպես էին զգում իրենց մեր դասարանի որոշ երեխաներ, ովքեր ամեն օր բախվում էին դրա հետ կապված խնդիրներին ու դրա մասին գաղափար չունեցող մեծահասակների ու հասակակիցների քննադատություններին։ Ի՞նչ է Դիսլեքսիան։ Նախ մի քանի բառով նշեմ դիսկալկուլիայի ու դիսգրաֆիայի մասին, հետո անցնեմ դիսլեքսիային։ Դիսկալկուլիա - մաթեմատիկական գործողություններ կատարելու դժվարություն Դիսգրաֆիա - գրավոր խոսքի խանգարումներ և դժվարություններ Դիսլեքսիա -  կարդալու հետ կապված բարդություններ, ընթերցելու կարողության խանգարում։ Սովորաբար այն կարող է բացահայտվել նախադպրոցական հասակում, ինչպես նաև դպրոց սկսելու ժամա...

Gaslighting - գեզլայթինգ (գազլայթինգ)

Գեզլայթինգը էմոցիոնոլ ճնշման ու բռության ձև է։ Որևէ մեկին գեզլայթ անել նշանակում է արժեզրկել նրա իրականությունը, ժխտել փաստերը, նրա զգացմունքները։ Գեզլայթինիգի ենթարկողը թիրախին ստիպում է չլսել սեփական հույզերը, մերժել շուրջը կատարվող իրադարձությունները։ Որտեղի՞ց ծագեց անունը Այս եզրույթի անունն ու կիրառումը տարածում գտավ 1944 թվականի Gas Light ֆիլմից հետո, երբ ֆիլմում ամուսինը հատուկ լամպերն էնպես է անում, որ թրթռան։ Հերոսուհին նկատում է դա ու ամուսնուն ասում է այդ մասին, իսկ ամուսինն էլ կնոջը համոզում է, թե նման բան չկա, աչքին է երևում, այդ ամենն իր գլխում է կատարվում։ Այսպիսով, ամուսինն իրեն սիրող ու անվեհապահորեն վստահող կնոջը գեզլայթի է ենթարկում, իսկ կինն էլ սկսում է կասկածել իր իրականության ընկալում վրա։ Գեզլայթինգի կարող են ենթարկել տարբեր ոլորտներում, օրինակ՝ ընտանիքում, աշխատավայրում, քաղաքական դաշտում, ընկերական ու ռոմանիկ հարաբերություններում, ամեն հնարավոր հարաբերություններում։ Սովորաբար գեզլայթերն ունի թիրախի հարգանքը, վստահությունը, և գեզլայթերն ունի որոշակի իշխանություն...

Enmeshment - Խճճված հարաբերություններ

Էս թեման մի կես տարի ա ինչ խմորվում ա մտքիս ու վերջերս մի հոլովակ տեսա ու դա էլ առիթ դարձավ, որ վերջապես մտքերս հավաքեմ ու գրեմ դրա մասին։  Մի հասուն տղամարդ (տարիքով հասուն, էմոցիոնալ առումով դժվարանում եմ ասել), զրուցակցին ասում ա, որ իր մաման իրեն օրական 20 անգամ զանգում ա, հարցնում ա, թե որտեղ ա, ինչ ա կերել, ուր ա գնացել, ինչ ա արել, կինն ու էրեխեքը որտեղ են, ինչ են անում ու էդ ամենն ամեն օր։ Ինքը դա նորմալ ա համարում, ասում ա , որ ով ինչ ուզում ա մտածի, ինչքան պետք ա, էնքան էլ կարող ա մամաս զանգել։  I'm Glad My Mom Died by Jennette McCurdy ինքնակենսագրական գրքում դերասան Ջենեթ ՄաքՔրդին պատմում ա իր ու մոր խճճված հարաբերությունների, նրա կյանքի տարբեր ոլորտներում՝ սննդակարգի (թերսնում, գեղեցկության ստանդարտներ․․․), կարիերայի (մայրն իր չիրականացած երազանքը կապում ա աղջկա վզին), առողջության, հարաբերությունների վրա մոր խիստ վերահսկողության ու էդ ամենով նրան տրավմաներ, միջոցներից կախյալություն, մի շարք մտավոր խնդիրներ առաջացնելու մասին։ Նմանատիպ օրինակները շատ-շատ են։ Ու էսօր ...

Paralympics - watching with kids

Երեկ խոսակցության ընթացքում տղաս ասաց, որ ուսուցիչը մի քանի բառով ասել էր Պարալմիպիկ խաղերի մասին, գուգլի փնտրելու դաշտում տեսել էին խորհրդանշող նկարը։ Ես էլ առիթից օգտվեցի ու էս թեմայով սկսեցինք զրուցել։ Առաջարկեցի միասին նայել բացման արարողությունը։ Մի քանի րոպեանոց վիդեո էր ու ավելին ուզեցին, բայց դեռ նոր էր սկսել ու ավել բան չկար դիտելու, մենք էլ յություբով 2014 թվականի առաջին պատահած մրցումը դիտեցինք։ Տղամարդկանց լողի մրցումն էր։ Հա՛մ դիտում էինք, հա՛մ քննարկում։ - Պարալիմպիկ խաղերը հաջորդում են Օլիմպիական խաղերին ու այս ձմեռային խաղերը Պեկին - 2022 կայանալու է մարտի 4-13։ - Պատմեցի, որ մասնակցում են սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող մարզիկները։ - Քննարկեցինք մարզիկների ֆիզիկական տարբերությունների, պատրաստվածության մասին։ - Իրենց մոտ էլ լիքը հարցեր առաջացան, պատասխաններից ավելի շատ նոր հարցեր - իսկ ինչո՞ւ են ձեռքերը կարճ, բա ո՞նց ա լողալու, իսկ ինչո՞ւ մի ոտք չունի, եթե ձեռք չունի, ո՞նց ա բռնվելում, իսկ դժվար չի՞։ Ասացի, որ դժվար ա, բայց իրենք մեծ ջանք ու ժամանակ են տ...

Անորոշ կորուստ - Ambiguous Loss

Այս օրերին մտաբերեցի հոգեբանական տրավմայի տեսակներից մեկը, որը կարծում եմ լիարժեք նկարագրում է շատերի ներկայիս վիճակը։ Ի՞նչ է անորոշ կորուստը։  Մոտ 50 տարի առաջ այս եզրույթի մասին առաջին անգամ ուսումնասիրել ու աշխատություններ է գրել Փոլին Բոսսը։ Եկեք քննարկենք անորոշ կորստի երկու տեսակները։ Անորոշ կորուստը կարող է վերաբերել ինչպես մարդկային, այնպես էլ նյութական կորուստներին։ Առաջին տեսակի օրինակներ կարող են լինել կոմայի մեջ գտնվելու վիճակը, ուղեղի վնասվածքի պատճառով հիշողության կորուստը կամ տարիքի հետ առաջացած դեմենցիան (dementia)։ Այս վիճակներում գտնվողի հարազատների մոտ առաջանում է անորոշ կորստի զգացում։ Այսինքն՝ ընտանիքի սիրելի անդամը ֆիզիկապես կա, ողջ է, սակայն նրա հետ հաղորդակցումը, կապը սկսում է աստիճանաբար թուլանալ կամ կտրուկ ընդհատվել։ Պատերազմից հետո մենք գիտակցում ենք, որ մի շարք տարածքներ, հողեր ֆիզիկապես կան, գոյություն ունեն, բայց այլևս մերը չեն։ Տեղահան եղած մարդիկ ովքեր գիտեն իրենց տները, պարտեզները, ծառերը կան, բայց դրանք այլևս իրենց չեն պատկանում, չեն կարող գնալ ե...

Հայ գրականություն․ ճանաչենք հայ կին գրողներին. Զապել Եսայան

Մինչ այս գրառումը կարդալն առաջարկում եմ մի պահ հիշել ձեզ հայտնի հայ տղամարդ գրողների անունները։ Վստահ եմ առնվազն 10 գրողի անուն հիշեցիք։ Իսկ հիմա փորձեք հիշել հայ կին գրողների անունները։ Քանի՞ կին գրողի անուն հիշեցիք։ Հայ գրականության դպրոցական ծրագրում չեմ հիշում հայ կին գրողների վերաբերյալ դասերի մասին, միայն Սիլվա Կապուտիկյանին։ Մեր դասագրքերում ներկայացված էին հայ տղամարդ գրողները և նրանց ստեղծագործությունները։ Դասարանի պատին փակցված էին տղամարդ գրողների նկարները։ Ես շատ հպարտ եմ, որ մենք նման գեղեցիկ գրականություն ունենք, բայց ցավոք դասագրքերում ամբողջ պատկերը ներկայացված չէր։  Այնպես չէ, որ չունեինք կին գրողներ, ու դրա համար ներառված չէին։ Ներկայացված չէին 19-20-րդ դարերի ականավոր կին գրողները, ովքեր միշտ կարևոր գործ են կատարել հայկական մշակույթի պահպանման և մարդու իրավունքների պաշտպանության, ազգապահպանման գործում։ Օրինակ բերեմ ոմանց անունները՝ Սրբուհի  Տյուսաբ (Վահանյան 1840–1901 թթ.) Սիպիլ (Զապել Ասատուր, Զապել Խանջյան 1863–1934 թթ.) Շուշանիկ...