Տոներն արդեն մոտենում են և ծնողները փորձում են ևս մեկ տարի հիշարժան դարձնել իրենց երեխաների համար։ Որոշ երեխաներ մտածում են ինչ խնդրել Ձմեռ Պապիկից, ոմանք՝ ծնողներից, իսկ որոշները նույնիսկ հույս չունեն, որ որևէ նվեր կստանան։ Տարեցտարի կարծես դժվարանում է երեխաների համար նվերներ ընտրելը։ Երբ փոքր էինք, մեզ համար մեր ծնողներն ընտրում էին այն ինչի կարիքն ունեինք կամ ինչ կկարողանային հայթայթել, իսկ այսօր երեխաները գրեթե ոչնչի կարիք չունեն, այսինքն՝ երբ որևէ բանի կարիք կա՝ անմիջապես ձեռք ենք բերում, չենք սպասում հատուկ առիթի։ Նվերների ընտրության համար մի հետաքրքիր մոտեցման հանդիպեցի մի քանի շաբաթ առաջ, որը մտածելու տեղիք տվեց և որի մասին ուզում եմ պատմել։ Մեր թաղամասում մամաների ակումբ կա, որի վերջին հանդիպումը նվիրված էր խաղալիքների և գրքերի փոխանակմանը։ Այսինքն, այն գրքերը և խաղալիքները, որոնք այլևս հետաքրքիր չեն երեխաներին, չեն օգտագործում, տանում ենք և փոխանակում ենք մյուս մամաների բերած իրերի հետ, իսկ մնացած չընտրված իրերը հյուրընկալողը տանում է որևէ բարեգործակ...