Skip to main content

Երեխային ուրիշների հետ համեմատելուց հրաժարվելու 6 պատճառ

Հավանաբար շատերը կյանքում ունեցել են փորձ, երբ ծնողները, բարեկամները, գործընկերներն և ծանոթներն իրենց համեմատել են ուրիշների հետ։ Գուցե մինչ այժմ էլ համեմատում են։
Համեմատում են տեսքը, ֆինանսական հնարավորությունները, հեռախոսը, մեքենան, կարգավիճակը, քաշը, երեխաներին։ Այդ համեմատությունները սկսում են փոքր տարիքից։
Իմ կարծիքով մանկության ընթացքում ամենատարածված, բոլորի համար անմիջապես ակնառու համեմատություններից մեկն է հասակի համեմատությունը։ Ի դեպ, հաճախ այդ համեմատության ժամանակ հաշվի չի առնվում համեմատության մեջ դրվող երեխաների տարիքը, սեռը, գեներն ու նրանց ցանկությունը։ Դրա արդյունքում երեխաներն էլ են սկսում համեմատվել, և նրանց հասակը դառնում է հպարտանալու կամ ընկճվելու առարկա։

Իմ կարծիքով, հաճախ համեմատում են երեխաների հետևյալ հատկանիշերը՝
  • տեսքը, արտաքին տվյալները
  • մտավոր ունակությունները, առաջադիմությունը
  • ֆիզիկական ակտիվությունը
Թվում է, թե համեմատելը անմեղ գործողություն է, դրանով ծնողները փորձում են հասկանալ իրենց երեխայի զարգացման և աճի ընթացքը։

Շատ բնական է, երբ ծնողը ցանկանում է տեսնել իր երեխայի աճը, իմանալ արդյոք երեխան համապատասխանում է զարգացման փուլերին, թե ոչ, հետ է մնում որոշ փուլերում, թե առաջ է։ Հաճախ սխալ խմբի երեխաների հետ համեմատությունն անհիմն տագնապ և անհանգստություն կարող է առաջացնել ծնողի մոտ։  Ըստ իս, պետք չէ երեխային համեմատել նույնիսկ իր հասակակիցների հետ։ Եթե նույն տարիքի են, չի նշանակում, որ պետք է աճի և զարգացման տեմպով նման լինեն։ Իմ կարծիքով, ոչ թե պետք է երեխային համեմատել ուրիշների հետ, այլ հենց իր հետ։ Ամեն երեխա զարգանում է իր անհատական տեմպով և ռիթմով։

Ինչպե՞ս կարելի է գնահատել երեխաների առաջընթացը։

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը պատրաստել է երեխաների աճի համեմատության սանդղակներ, որոնք ցույց են տալիս երեխայի աճի միջին վիճակագրական տվյալները։ Այս սանդղակներին հավանաբար շատ ծնողներ ծանոթ են։ Սանդղակից օգտվելու համար պետք է իմանալ ծնվելու պահին երեխայի քաշը, հասակը, գլխի տրամագիծը, սեռը:
Այսինքն, եթե ծնողը ցանկանում է իմանալ իր երեխայի աճի ընթացքը նորմալ է, թե ոչ, ապա պետք է ոչ թե հարևանի, բարեկամի կամ խաղահրապարակում հանդիպած երեխայի հետ համեմատի, այլ միջազգային վիճակագրական տվյալների հետ (https://www.who.int/childgrowth/en/)։ 
Կան նաև երեխայի մտավոր, լեզվական և ֆիզիկական բնականոն զարգացման համար նախատեսաված տարբեր բնութագրող սանդղակներ, որտեղ նկարագրվում է երեխայի տարիքի համապատասխան գործողությունները, բառապաշարը, գիտելիքները, ֆիզիկական զարգացումը (օրինակ՝ https://bit.ly/2TOG5c8
Ամենայն հավանականությամբ, երեխայի մանկաբույժը տարեկան հերթական ստուգման ժամանակ կտարամադրի երեխայի աճի առաջընթացի տվյալները։

Պետք է գտնել օբյեկտիվ համեմատության ձևեր և առարկաներ։

Եթե մի քանի ամսական երեխա ունեցող նորաթուխ ծնողն իրեն համեմատի բազմամյա փորձով, բազմազավակ ծնողի հետ, ապա նա ճիշտ չի կարողանա գնահատել իր  հաջողությունները․ առօրյա հոգսերին կավելանա նաև հիասթափությունը։ Փոխարենը պետք է համեմատի իր՝  նախքան ծնող դառնալը ունեցած գիտելիքների և ջանքերի հետ, և այդ դեպքում կհասկանա, թե որքան բան է սովորել և որքան է հմտացել իր նոր կարգավիճակում։

Երբեմն ծնողները իրենց ծանոթների հետ զրուցելիս ոչ թե կիսվում են իրենց երեխայի հաջողություններով և սրտանց ուրախանում մեկը մյուսի համար, այլ մրցում են միմյանց հետ։ Երևի շատերն են հանդիպել նման ծնողների, որոնք համեմատում են, թե ում երեխան է ավելի շուտ քայլել, գիշերանոթից օգտվել, խոսել, արտասանել և ատամ հանել։ Հավանաբար իրենց էլ են համեմատել փոքր տարիքում։ Գուցե մինչ օրս էլ իրենք իրենց համեմատում են ուրիշների հետ, իսկ հիմա երեխային համեմատելով՝ իրենց մոտ հպարտության և գերազանցության զգացում են առաջացնում։
Պետք չէ նման մարդկանցից ընկճվել կամ նրանց վրա բարկանալ։ Եթե ձեզ հաճելի չէ նման խոսակցությունը, ապա կամ մի շփվեք, կամ թեման փոխեք։ Պետք չէ ժամանակ վատնել տհաճ զրույցների վրա։

Հաճախ ծնողները երեխաներին համեմատում են հենց երեխայի ներկայությամբ։ Ծնողների կողմից երեխայի ներկայությամբ համեմատելու 2 տարբերակի եմ հանդիպել։ Առաջին դեպքում համեմատում և խրախուսում են, իսկ երկրորդ դեպքում համեմատում են և փնովելով ցույց տալիս երեխայի սխալները, թույլ կողմերը։ Այս երկու տարբերակներն էլ իմ կարծիքով այնքան էլ արդյունավետ չեն։

1ին տարբերակ. Երեխայի հաջողություններն և առավելություններն ընդգծելու համար հաճախ ծնողները երեխային համեմատում են ուրիշների հետ, փորձում են խրախուսել և խթանել իրենց երեխային, թե մյուսներից ինչքան լավ է սովորում, կարդում, գրում, սակայն չեն գիտակցում, որ այդ համեմատության արդյունքում ձևավորված ինքնավստահությունը կարող բացասաբար անդրադառնալ հետագա հաջողությունների վրա։ Եթե նրան հանդիպի իրենից առավել ուժեղ մարդ, ապա երեխայի ինքնավստահությունը կփլվի։ Պետք է երեխայի ինքնագնահատականը կառուցել ոչ թե ուրիշների հետ համեմատականի վրա, այլ իր առաջընթացի, ջանասիրության և աշխատասիրության։

2րդ տարբերակ․ Ականատես եմ եղել նաև այնպիսի ծնողների, որոնք անդադար համեմատում են իրենց երեխային ընդգծելով նրա թերացումները, թե ինչպես է նա ամեն ինչ վատ անում, իսկ մյուս երեխաները (ավագ/կրտսեր քույրը կամ եղբայրը, համադասարանցին և այլոք) ինչ լավ են անում, ինչ խելացի են ու տաղանդավոր։

Ի՞նչ կարող է լինել երեխային անդադար համեմատելու դեպքում։
  1. Ինքնագնահատականի նվազում։ Երեխան իրեն ավելի ցածր է գնահատում, քան իրականում նրա հնարավորություններն են, խուսափում է հայտնվել մարդաշատ վայրերում։
  2. Թերարժեքության զգացում։ Սեփական ունակությունների վրա անվստահություն է առաջանում։ Երեխայի մոտ ձևավորվում է տպավորություն, որ միևնույնն է ինչ էլ անի, չի ստացվի, և մյուսներն առավել տաղանդավոր են, խելացի, կամ գեղեցիկ։ 
  3. Անհատականության անտեսում։ Երբեմն համեմատելով ուրիշների հետ, ծնողը չի նկատում երեխայի հետաքրքրություններն ու ունակությունները։ Բացարձակապես պարտադիր չէ, որ երեխան ունենա երաժշտական հակում կամ լինի սպորտային։ Պարզապես պետք է օգնել երեխային գտնի և զարգացնի իր նախասիրությունները։
  4. Այլ երեխաների հետ անառողջ մրցակցություն։ Այն երեխաները, որոնք համեմատության ժամանակ առավելություններ են ունենում մյուսների նկատմամբ, հաճախ դառնում են գոռոզ և մեծամիտ։ Չեն կարողանում աշխատել թիմով, ուրիշների հաջողություններով չեն ուրախանում, ունակ չեն կարեկցել դժվար իրավիճակում հայտնված մարդկանց։ 
  5. Առողջական խնդիրների առաջացում։ Եթե անընդհատ երեխայի քաշը, հասակը, արտաքին տվյալները, առաջադիմությունը համեմատեն ուրիշների հետ, ապա դա կարող է հանգեցնել ֆիզիկական և հոգեկան առողջության վատթարացման, ընկճախտի։ 
  6. Ծնողի հետ կապի խզում։ Հաճախ ծնողները շատ բարձր չափանիշեր են սահմանում երեխայի համար, առանց նրա հետ զրուցելու և հասկանալու նրա նախապատվությունները։ Դրա արդյունքում ծնող-երեխա հարաբերությունները խաթարվում են, իրար չեն հասկանում, և եթե ծնողը ոչինչ չփոխի, ապա այդ անդունդը տարիների ընթացքում կարող է ավելի խորանալ։

Իսկ ի՞նչ անել ուրիշների հետ համեմատելու փոխարեն։

  1. Կարելի է երեխային համեմատել իր հետ։ Ավելի լավ է հասկանալ և գնահատել երեխայի առաջընթացը։ Ի՞նչ քայլերով է հասել ներկա կարգավիճակին։ Ցո՛ւյց տվեք նրան, թե որտեղ էր սկզբում և ուր է հասել տվյալ պահին։ Երբ երեխաները տեսնում են իրենց առաջընթացն ու ձեռքբերումները, շատ են ոգևորվում և ոգեշնչվում են անել ավելին։
  2. Ոչ ոք կատարյալ չէ, սակայն ամեն ոք յուրահատուկ է և անհամեմատելի։ Հիշե՛ք, որ ձեր երեխան բացառիկ է, անկրկնելի և հաջողակ եք, որ հենց նա է  ձեր երեխան։ Ասե՛ք երեխային, որ հպարտ եք նրանով։ Երբ սկսեք տեսնել նրա անհատականությունը, առանձնահատկությունները և յուրահատությունը, կսկսեք գնահատել նրան որպես անձ։
  3. Փորձե՛ք չհամեմատվել ուրիշների հետ, ո՛չ երեխայի ներկայությամբ, ո՛չ էլ առանձին։ Երեխայի համար իր ծնողն անփոխարինելի է։Երբեմն երեխան ծնողներից մի բան է ուզում և ասում է, որ ընկերն ունի կամ անում է, ընկերոջ ծնողը թույլատրում է, ինքն էլ է ուզում անել։ Մեծահասակները զարմանում են և հարցնում, թե ինչո՞ւ է իրեն համեմատում ուրիշների հետ։ Կարծում եմ, պատճառը հեշտ է գտնել։ Այն երեխաները, որոնց հաճախ համեմատում են, իրենք էլ են սկսում իրենց և ուրիշներին համեմատել։ Եթե ուզում եք երեխան գնահատի իր ունեցածը, ապա դուք էլ գնահատեք ձերը։
Երբեմն համեմատությունը կարող է ստացվել ակամա։ Հուսով եմ, որ շատերն առանց միտումի և խորը գիտակցման են համեմատում։ Քանի դեռ համեմատությունը նախաձի չի վերածվել, համեմատությունից փորձեք վանել ցանկացած բացասական միտք և այն վերափոխել, դիտել որպես լավ օրինակ, հետաքրքիր և նոր բան սովորելու հնարավորություն, ոգեշնչման աղբյուր։

Իսկ վերջում ձեզ եմ ներկայացնում համեմատության մասին հայտնի մարդկանց մի քանի հետաքրքիր մտքեր։

- Համեմատությունն ինքս ինձ հետ բերում է բարելավում, համեմատությունն ուրիշների հետ առաջացնում է դժգոհություն։
Բեթթի Ջեյմի Չանգ

- Հետաքրքիր է, երբ գառն իրեն համեմատում է մկան հետ, իրեն առյուծ է զգում, իսկ երբ առյուծն է համեմատվում վիշապի հետ, իրեն գառ է զգում։
Ռեյչել Է․ Գուդրիչ

- Համեմատությունն ուրախության գողն է։
Թեոդոր Ռուզվելտ

- Անհատականությունը սկսվում է, երբ հեռանում է համեմատությունը։ Եղե՛ք եզակի, եղե՛ք հիշարժան, եղե՛ք վստահ, եղե՛ք հպարտ։
Շենոն Լ․Ալդըր

Comments

Popular posts from this blog

Թթխմոր 0-ից - Sourdough Starter from scratch in Arm

Այս գրառման շրջանակում մանրամասնորեն պատմելու եմ նոր թթխմոր սարքելու մասին։ Եթե նախապատմությունը չեք ուզում կարդալ, անմիջապես գնացեք ներքև, գրառման կեսից նկարագրել եմ օրական քայլերով գործողությունները։ Խանութում էստեղ թթխմորով հացերը որպես կանոն թթու են ու շատերի մոտ տպավորթյուն ա ստեղծվում, թե թթխմորով հացը թթու է։ Թթխմորով հացը կարող է լինել թթու ու ոչ թթու։ Թթու է ստացվում, եթե խմորի խմորման ընթացքը սառնարանում 24 ժամից ավել է տևում։ Դրանից քիչ խմորվելու դեպքում այն չի ունենում թթու համ։ Քովիդից առաջ խմորիչով հաց թխելու փորձեր շատ եմ արել, բայց 2020թ․ սկզբներին ավելի ակտիվ սկսեցի թխել ու դրան զուգահեռ ինտագրամով տեսնում էի, թե ինչ մեծ տարածում ա գտնում թթխմորով հացը։ Սկզբում մտածեցի, թե ինչու պետք ա էդ երկար գործընթացի մեջ թաթախվեմ, եթե խմորիչով արագ ու լավ ստացվում ա, բայց ինստագրամի ալգորիթմն իր գործն արեց։ Սկսեցի ավելի հաճախ տեսնել թթխմորով հացի նկարներ, վիդեոներ ու վերջը որոշեցի ես էլ միանալ էդ հավես ալիքին։ Կարդացի, ուսումնասիրեցի, օգտակար հատկությունների մասին հետաքրքրվեցի, փո...

Դիսլեքսիա, դիսգրաֆիա, դիսկալկուլիա: Ի՞նչ գիտենք դրանց մասին

Ի՞նչ գիտենք Դիսլեքսիայի, դիսգրաֆիայի, դիսկալկուլիայի մասին։ Լսել ե՞ք արդյոք այդ տերմինների մասին։  Այս անգամ որոշեցի անդրադառնալ մի երևույթի, որն առկա է մոլորակի բնակչության մոտ 20%-ի մոտ, այսինքն` 5 հոգուց 1-ի մոտ այն առկա է։ Խոսքը գնում է Դիսլեքսիայի մասին։ Արդեն չեմ հիշում՝ երբ լսեցի ու հետաքրքրվեցի Դիսլեքսիայի մասին, բայց լավ հիշում եմ, թե ինչ զգացի այդ պահին ու հասկացա, թե ինչպես էին զգում իրենց մեր դասարանի որոշ երեխաներ, ովքեր ամեն օր բախվում էին դրա հետ կապված խնդիրներին ու դրա մասին գաղափար չունեցող մեծահասակների ու հասակակիցների քննադատություններին։ Ի՞նչ է Դիսլեքսիան։ Նախ մի քանի բառով նշեմ դիսկալկուլիայի ու դիսգրաֆիայի մասին, հետո անցնեմ դիսլեքսիային։ Դիսկալկուլիա - մաթեմատիկական գործողություններ կատարելու դժվարություն Դիսգրաֆիա - գրավոր խոսքի խանգարումներ և դժվարություններ Դիսլեքսիա -  կարդալու հետ կապված բարդություններ, ընթերցելու կարողության խանգարում։ Սովորաբար այն կարող է բացահայտվել նախադպրոցական հասակում, ինչպես նաև դպրոց սկսելու ժամա...

Gaslighting - գեզլայթինգ (գազլայթինգ)

Գեզլայթինգը էմոցիոնոլ ճնշման ու բռության ձև է։ Որևէ մեկին գեզլայթ անել նշանակում է արժեզրկել նրա իրականությունը, ժխտել փաստերը, նրա զգացմունքները։ Գեզլայթինիգի ենթարկողը թիրախին ստիպում է չլսել սեփական հույզերը, մերժել շուրջը կատարվող իրադարձությունները։ Որտեղի՞ց ծագեց անունը Այս եզրույթի անունն ու կիրառումը տարածում գտավ 1944 թվականի Gas Light ֆիլմից հետո, երբ ֆիլմում ամուսինը հատուկ լամպերն էնպես է անում, որ թրթռան։ Հերոսուհին նկատում է դա ու ամուսնուն ասում է այդ մասին, իսկ ամուսինն էլ կնոջը համոզում է, թե նման բան չկա, աչքին է երևում, այդ ամենն իր գլխում է կատարվում։ Այսպիսով, ամուսինն իրեն սիրող ու անվեհապահորեն վստահող կնոջը գեզլայթի է ենթարկում, իսկ կինն էլ սկսում է կասկածել իր իրականության ընկալում վրա։ Գեզլայթինգի կարող են ենթարկել տարբեր ոլորտներում, օրինակ՝ ընտանիքում, աշխատավայրում, քաղաքական դաշտում, ընկերական ու ռոմանիկ հարաբերություններում, ամեն հնարավոր հարաբերություններում։ Սովորաբար գեզլայթերն ունի թիրախի հարգանքը, վստահությունը, և գեզլայթերն ունի որոշակի իշխանություն...

Enmeshment - Խճճված հարաբերություններ

Էս թեման մի կես տարի ա ինչ խմորվում ա մտքիս ու վերջերս մի հոլովակ տեսա ու դա էլ առիթ դարձավ, որ վերջապես մտքերս հավաքեմ ու գրեմ դրա մասին։  Մի հասուն տղամարդ (տարիքով հասուն, էմոցիոնալ առումով դժվարանում եմ ասել), զրուցակցին ասում ա, որ իր մաման իրեն օրական 20 անգամ զանգում ա, հարցնում ա, թե որտեղ ա, ինչ ա կերել, ուր ա գնացել, ինչ ա արել, կինն ու էրեխեքը որտեղ են, ինչ են անում ու էդ ամենն ամեն օր։ Ինքը դա նորմալ ա համարում, ասում ա , որ ով ինչ ուզում ա մտածի, ինչքան պետք ա, էնքան էլ կարող ա մամաս զանգել։  I'm Glad My Mom Died by Jennette McCurdy ինքնակենսագրական գրքում դերասան Ջենեթ ՄաքՔրդին պատմում ա իր ու մոր խճճված հարաբերությունների, նրա կյանքի տարբեր ոլորտներում՝ սննդակարգի (թերսնում, գեղեցկության ստանդարտներ․․․), կարիերայի (մայրն իր չիրականացած երազանքը կապում ա աղջկա վզին), առողջության, հարաբերությունների վրա մոր խիստ վերահսկողության ու էդ ամենով նրան տրավմաներ, միջոցներից կախյալություն, մի շարք մտավոր խնդիրներ առաջացնելու մասին։ Նմանատիպ օրինակները շատ-շատ են։ Ու էսօր ...

Paralympics - watching with kids

Երեկ խոսակցության ընթացքում տղաս ասաց, որ ուսուցիչը մի քանի բառով ասել էր Պարալմիպիկ խաղերի մասին, գուգլի փնտրելու դաշտում տեսել էին խորհրդանշող նկարը։ Ես էլ առիթից օգտվեցի ու էս թեմայով սկսեցինք զրուցել։ Առաջարկեցի միասին նայել բացման արարողությունը։ Մի քանի րոպեանոց վիդեո էր ու ավելին ուզեցին, բայց դեռ նոր էր սկսել ու ավել բան չկար դիտելու, մենք էլ յություբով 2014 թվականի առաջին պատահած մրցումը դիտեցինք։ Տղամարդկանց լողի մրցումն էր։ Հա՛մ դիտում էինք, հա՛մ քննարկում։ - Պարալիմպիկ խաղերը հաջորդում են Օլիմպիական խաղերին ու այս ձմեռային խաղերը Պեկին - 2022 կայանալու է մարտի 4-13։ - Պատմեցի, որ մասնակցում են սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող մարզիկները։ - Քննարկեցինք մարզիկների ֆիզիկական տարբերությունների, պատրաստվածության մասին։ - Իրենց մոտ էլ լիքը հարցեր առաջացան, պատասխաններից ավելի շատ նոր հարցեր - իսկ ինչո՞ւ են ձեռքերը կարճ, բա ո՞նց ա լողալու, իսկ ինչո՞ւ մի ոտք չունի, եթե ձեռք չունի, ո՞նց ա բռնվելում, իսկ դժվար չի՞։ Ասացի, որ դժվար ա, բայց իրենք մեծ ջանք ու ժամանակ են տ...

Անորոշ կորուստ - Ambiguous Loss

Այս օրերին մտաբերեցի հոգեբանական տրավմայի տեսակներից մեկը, որը կարծում եմ լիարժեք նկարագրում է շատերի ներկայիս վիճակը։ Ի՞նչ է անորոշ կորուստը։  Մոտ 50 տարի առաջ այս եզրույթի մասին առաջին անգամ ուսումնասիրել ու աշխատություններ է գրել Փոլին Բոսսը։ Եկեք քննարկենք անորոշ կորստի երկու տեսակները։ Անորոշ կորուստը կարող է վերաբերել ինչպես մարդկային, այնպես էլ նյութական կորուստներին։ Առաջին տեսակի օրինակներ կարող են լինել կոմայի մեջ գտնվելու վիճակը, ուղեղի վնասվածքի պատճառով հիշողության կորուստը կամ տարիքի հետ առաջացած դեմենցիան (dementia)։ Այս վիճակներում գտնվողի հարազատների մոտ առաջանում է անորոշ կորստի զգացում։ Այսինքն՝ ընտանիքի սիրելի անդամը ֆիզիկապես կա, ողջ է, սակայն նրա հետ հաղորդակցումը, կապը սկսում է աստիճանաբար թուլանալ կամ կտրուկ ընդհատվել։ Պատերազմից հետո մենք գիտակցում ենք, որ մի շարք տարածքներ, հողեր ֆիզիկապես կան, գոյություն ունեն, բայց այլևս մերը չեն։ Տեղահան եղած մարդիկ ովքեր գիտեն իրենց տները, պարտեզները, ծառերը կան, բայց դրանք այլևս իրենց չեն պատկանում, չեն կարող գնալ ե...

Հայ գրականություն․ ճանաչենք հայ կին գրողներին. Զապել Եսայան

Մինչ այս գրառումը կարդալն առաջարկում եմ մի պահ հիշել ձեզ հայտնի հայ տղամարդ գրողների անունները։ Վստահ եմ առնվազն 10 գրողի անուն հիշեցիք։ Իսկ հիմա փորձեք հիշել հայ կին գրողների անունները։ Քանի՞ կին գրողի անուն հիշեցիք։ Հայ գրականության դպրոցական ծրագրում չեմ հիշում հայ կին գրողների վերաբերյալ դասերի մասին, միայն Սիլվա Կապուտիկյանին։ Մեր դասագրքերում ներկայացված էին հայ տղամարդ գրողները և նրանց ստեղծագործությունները։ Դասարանի պատին փակցված էին տղամարդ գրողների նկարները։ Ես շատ հպարտ եմ, որ մենք նման գեղեցիկ գրականություն ունենք, բայց ցավոք դասագրքերում ամբողջ պատկերը ներկայացված չէր։  Այնպես չէ, որ չունեինք կին գրողներ, ու դրա համար ներառված չէին։ Ներկայացված չէին 19-20-րդ դարերի ականավոր կին գրողները, ովքեր միշտ կարևոր գործ են կատարել հայկական մշակույթի պահպանման և մարդու իրավունքների պաշտպանության, ազգապահպանման գործում։ Օրինակ բերեմ ոմանց անունները՝ Սրբուհի  Տյուսաբ (Վահանյան 1840–1901 թթ.) Սիպիլ (Զապել Ասատուր, Զապել Խանջյան 1863–1934 թթ.) Շուշանիկ...